ՀՀ Փաստաբանների Պալատ



Պարտադի՞ր  է, արդյոք, ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը: 13.09.2012 12:58
Պատասխան

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի` ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաեւ բժշկագենետիկական եւ ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ:

Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Դրանք հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ: Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում` մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաեւ հոգեկան հիվանդության եւ թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան:

Ամուսնանալ ցանկացող անձանց կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հասցեագրված դիմումից պետք է հետեւի, որ ամուսնացողները փոխադարձաբար տեղյակ են միմյանց առողջական վիճակի մասին: Ամուսնացողների կողմից մեկը մյուսի առողջական վիճակի մասին անտեղյակությունը կարող է առաջացնել անցանկալի հետեւանքներ (մեկը մյուսին ծանր ինֆեկցիոն հիվանդություններով վարակում, հիվանդ երեխայի ծնունդ եւ այլն):

Ամուսնացող անձի բժշկական հետազոտությունը, ինչպես նաեւ բժշկագենետիկական եւ ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացվում է անվճար, պետության հաշվին եւ միայն ամուսնացող անձանց համաձայնությամբ:

Ո՞ր դեպքերում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով: 11.08.2012 14:11
Պատասխան

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե`

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար եւ իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու` հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչեւ երեքամսյա ժամկետ: Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Ամուսնալուծվելիս ամուսինների միջեւ ծագող վեճերն ինչպե՞ս են քննարկվում: 16.07.2012 14:20
Պատասխան

Դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես եւ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին եւ (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին:

Ամուսինների միջեւ համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.

բ) որոշել, թե որ ծնողից եւ ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.

գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.

դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը:

Եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, ապա դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ: