ՀՀ Փաստաբանների Պալատ


ՀՀ փաստաբանական դպրոց

Փաստաբանական դպրոց
Ընդհանուր տեղեկություններ

ՀՀ փաստաբանական դպրոցը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրն է ՀՀ փաստաբանների պալատը՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի:

ՀՀ փաստաբանական դպրոցը.
1) կազմակերպում և անցկացնում է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը.
2) կազմակերպում է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը.
3) կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը.
4) իրականացնում է ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:
ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարումն իրականացնում են ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը:
ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթության՝ բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:
Անձը ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով:
Ունկնդրի ուսուցումը ՀՀ փաստաբանական դպրոցում իրականացվում է ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ուսուցումն իրականացվում է երկու փուլով' տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան):

Ուսուցումն իրականցվում է առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (առցանց) կարգով։ Հեռավար (առցանց) ուսուցման դիմորդների ընդունելությունը կատարվում է առանձին մրցույթով։

Իրավաբանի' առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի ուսուցումն իրականացվում է ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով։
ՀՀ փաստաբանական դպրոցի ուսումնական ծրագրերը ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը:
Պարզեցված ընթացակարգով ուսուցման ծրագիրը կարող է տարբերակվել մյուս պարզեցված ընթացակարգով ուսուցում անցնող ունկնդիրների ծրագրից, հետևյալ ունկնդիրների համար'
1) առնվազն տասը տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի համար.
2) առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ և իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ունեցող ունկնդրի համար։
ՀՀ փաստաբանական դպրոցն ավարտած ունկնդիրներին ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը տասն օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր, որն իրավունք է տալիս ունկնդրին մասնակցելու որակավորման քննությանը:
Որակավորման քննությունը փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու միասնական քննությունն է, որին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ փաստաբանական դպրոցում համապատասխան ուսուցում անցած ունկնդիրները:
Որակավորման քննությունն ընդունում է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը: Որակավորման քննության ընդունման և հանձնման կարգը սահմանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը:
Որակավորման քննությունները չհանձնած ունկնդիրը վերստին որակավորման քննություն հանձնելու համար պարտավոր է ՀՀ փաստաբանական դպրոցում անցնել հատուկ ծրագրով ուսուցում: Երկրորդ անգամ որակավորման քննություններ չհանձնած ունկնդիրը վերստին կարող է մասնակցել որակավորման քննությանը ՀՀ փաստաբանական դպրոցում ընդհանուր հիմունքներով կրկին ուսուցում անցնելու դեպքում:
Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին կամ դատական կարգով' որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո' մեկ ամսվա ընթացքում:
Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել ՀՀ փաստաբանական դպրոցում կամ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հավատարմագրած այլ հաստատությունում:

 

ՀՀ փաստաբանական դպրոցի  վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ փաստաբանական դպրոցի՝ http://www.advschool.am վեբ պորտալում: