ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓՊ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ (ԱՐՏՈՆԱԳԻՐ 159) ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

21.08.2015 13:41

ՀՀ ՓՊ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ (ԱՐՏՈՆԱԳԻՐ 159) ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ' Հանձնաժողով), ընդլայնված կազմով, մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող' Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ' Լիանա Բալյանի, Արմինե Ֆանյանի, ներկայությամբ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, ՀՀ փաստաբանների պաշատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ' Սիմոն Բաբայանի, Կարեն Սարդարյանի, Մելանյա Առուստամյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Նելլի Հարությունյանի, Տիգրան Խուրշուդյանի, արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանի, քննության առնելով Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի առաջարկով փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից հանձնաժողովին փոխանցված նյութերը, պարզեց հետևյալը.

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը թիվ 62228314 քրեական գործին մասնակցում է որպես տուժող Ժուլետա Ամարիկյանի ներկայացուցիչ:
Նշված գործով ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Լ. Մելքոնյանը 27.01.2015թ-ին որոշում է կայացրել ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, պարզելու համար' Ժուլետա Ամարիկյանը հոգեկան հիվանդությամբ տառապում է, թե ոչ, եթե այո, ինչ հիվանդությամբ և հարակից այլ հարցերով:
Տուժող Ժուլետա Ամարիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություններ է ներկայացրել' փորձագետին բացարկ հայտնելու, նյարդաբանին և Ամարիկյանի ընտրած հոգեբույժին հանձնաժողովի կազմում ընդգրկելու և այդ կապակցությամբ փորձաքննության անցկացումը հետաձգելու մասին:
Քննիչ Լ. Մելքոնյանը փորձաքննության անցկացումը հետաձգելու մասով միջնորդությունները բավարարել է, իսկ փորձագետներին հայտնած բացարկները մերժել:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանի 30.03.2015թ. որոշմամբ բավարարել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահ, փորձագետ Վ. Բաբայանին հայտնած բացարկը:
Քննիչ Լ. Մելքոնյանը, սակայն, իր 15.04.2015թ. գրությամբ, Հանձնաժողովի նախագահ, բացարկված և բացարկն ընդունված փորձագետ Վ. Բաբայանին ուղղված գրությամբ նշում է. «Նկատի ունենալով, որ գործով տուժողին փորձաքննությանը ներկայանալուն պարտադրելը կամ վերջինիս փորձաքննության կատարման վայր հարկադրաբար ներկայացնելը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, ինչպես նաև քրեական գործի նախաքննության ժամանակի անհարկի ձգձգումից խուսափելու նպատակով առաջարկում եմ դատահոգեբուժական փորձաքննությունն անցկացնել Ժ.Ամարիկյանի բացակայությամբ և … համապատասխան եզրակացությունն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն»:
Նույն գրության պատճենն ուղարկվել է նաև փաստաբան Տիգրան Հայրապետյանին և տուժող Ժանետա Ամարիկյանին:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի պնդմամբ քննիչ Լ. Մելքոնյանը տուժող Ժանետա Ամարիկյանին այլ անձի հետ առերեսելու պատրվակով 21.05.2015թ-ին հրավիրել է ՀՔԾ, սակայն ոչ թե առերեսում է իրականացրել, այլ արձանագրություն է կազմել տուժող Ժուլետա Ամարիկյանին նույն օրը ժամը 15:00-ին նշանակված փորձաքննությանը մասնակցելու անհրաժեշտության մասին, պարզաբանելով, որ հրաժարվելու դեպքում նա կարող է բերման ենթարկվել: Սա այն դեպքում, երբ մինչ այդ արդեն տեղեկացրել էր, որ փորձաքննությունն անցկացվելու է տուժողի բացակայությամբ, ինչպես նաև պարզաբանել էր, որ տուժողին փորձաքննությանը ներկայանալուն պարտադրելը կամ վերջինիս փորձաքննության կատարման վայր հարկադրաբար ներկայացնելը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:
27.05.2015թ-ին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանը քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին թիվ 18-350կգ-15 որոշումն է կայացրել' թիվ 62228314 քրեական գործով տուժողի ներկայացուցիչ փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին:
Որոշման մեջ նշված է, որ 2015 թվականի մայիսի 21-ին' ժամը 15:30-ի սահմաններում, «Նորք» հոգեբուժական կենտրոնում փաստաբանը մասնակցելով ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի հերթական նիստին, հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրաբորել է' նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի խախտմամբ չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը:
Նշվածի վկայակոչմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:
Այս պահին Հանձնաժողովն անհրաժետ չի համարում անդրադառնալ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ առանց կոնկրետացված փաստական հանգամանքների նշման տրված որակումներին, և դրանում նշվածի արժանահավատությանը, այն հանգամանքին, թե իրականում սադրանք ում կողմից է եղել, թե փորձագետներին տրված այդ որ հարցերն են սադրիչ ու վիրավորական, թե ինչու փաստաբանը չի կարող փորձագետին սադրիչ հարցեր տալ, թե ով է վիճաբանություն սադրել, եթե այդպիսին եղել է, թե ինչ օրինական կարգադրություններ է արել քննիչը, որոնց փաստաբանը չի ենթարկվել, թե արդյո՞ք քննիչը փորձաքննության ժամանակ կամ փորձաքննությունն ավարտվելուց հետո նման իրավասություն ունեցել է, թե ոչ:
Եթե անգամ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշված, չկոնկրետացված փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա դա տեղի է ունեցել փաստաբանի կողմից իր մասնագիտական գործունեության ժամանակ, իր վստահորդի շահերի պաշտպանությունն իրականացնելիս, որի համար փաստաբանը ոչ մի դեպքում չի կարող ենթարկվել քրեական և այլ պատասխանատվության:
Այսպես, քննիչի վկայակոչած' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն' տուժողի … ներկայացուցիչը պարտավոր է ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին:
ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն. «1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով' նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ' մեկից հինգ տարի ժամկետով:
2. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով' նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ' մեկից երեք տարի ժամկետով»:
Ըստ քրեական գործը հարուցած քննիչի իրավական տրամաբանության, քննիչի օրինական կարգադրություններին չենթարկվելը առաջացնում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը:
Նույն տրամաբանությամբ իրավական առավել պաշտպանության տակ գտնվող դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին չենթարկվելը պետք է առաջացնի ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը:
Քրեական գործը հարուցած քննիչի նման մոտեցումը, սխալ է և հիմնազուրկ, իսկ քրեական գործի հարուցումը փաստաբանի նկատմամբ, իր մասնագիտական պարտականությունը կատարելու առնչությամբ ճնշում գործադրելու միջոց է:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի' քննիչի վկայակոչած' 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով նախատեսված' դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին չենթարկվելու համար նույն օրենսգրքի 314.1 հոդվածով սահմանված են դատարանի կողմից կիրառվող սանկցիաներ:
Նշված հոդվածի համաձայն. «1. … դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու … դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
1) նախազգուշացում.
2) նիստերի դահլիճից հեռացնելը.
3) դատական տուգանք.
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:
7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները»:
Ինչպես տեսնում ենք, եթե օրենքով առավել պաշտպանված դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին չենթարկվելու համար փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել ընդամենը դատավարական սանկցիաներ' նախազգուշացում կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով Փաստաբանական պալատ դիմելը, ապա ակնհայտ է, որ քննիչի օրինական կարգադրությունները չկատարելու համար փաստաբանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել:
Քննիչը, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված հանցակազմի բացակայության պայմաններում քրեական գործ է հարուցել:
Թեև տուժող Ժուլետա Ամարիկյանի և նրա ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանի անունները քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշված չեն, սակայն հաշվի առնելով այն, որ թիվ 62228314 քրեական գործով տուժողը Ժուլետա Ամարիկյան է, իսկ նրա ներկայացուցիչը' փաստաբան Տիգրան Հայրապետյանն է, Հանձնաժողովը գտնում է, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում, իսկ որոշման մեջ նրա անունը չնշելով քրեական գործ հարուցած քննիչը ցանկացել է փաստաբան Տիգրան Հայրապետյանին զրկել իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, ինչն անթույլատրելի է և դատապարտելի:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի'
- 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով».
- 21-րդ հոդվածի համաձայն. «1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ' զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ' վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար»:
ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսի կողմից 1990թ-ին ընդունված' Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների'
- 16-րդ սկզբունքի գ) կետի համաձայն' Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն' ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:
- 20-րդ սկզբունքի համաձայն' Իրավաբնները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին' գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:
Օրենքի ուժով իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների համար օրենսդրական և միջազգային իրավական նշված երաշխիքները սահմանված են, որպեսզի կառավարությունները ձեռնպահ մնան իրենց առաքելությունն իրականացնող փաստաբանների նկատմամբ ճնշումներ գործադրելուց, առավել ևս իրենց միջնորդությունների, տրված հարցերի, իրենց վստահորդների շահերի ակտիվ պաշտպանության համար քրեական հետապնդում իրականացնելուց:
ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով,
որոշեց հանդես գալ հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ.
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ՝
- Գտնում է, որ ՀՀ ՀՔԾ քննիչ Լ. Մելքոնյանի կողմից զեկուցագրի հիման վրա ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանի կողմից թիվ 18-350կգ-15 քրեական գործի հարուցումը փաստաբան Տիգրան Հայրապետյանի մասնագիտական ակտիվ գործունեության դեմ է ուղղված,
- Դատապարտում է փաստաբանի նկատմամբ նման հետապնդումը,
- Հայտարարում է, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու է փաստաբան Տիգրան Հայրապետյանի շահերն ու ներկա պահին վարույթն իրականացնող մարմնին կոչ է անում դադարեցնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու կարճել քրեական գործի վարույթը:

Հանձնաժողովի համակարգող' Կարեն Մեժլումյան

Հանձնաժողովի անդամներ' Լիանա Բալյան, Արմինե Ֆանյան



Բեռնել

Վերադառնալ