ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

27.10.2015 19:11

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

2015 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահը և խորհրդի անդամները մի խումբ փաստաբանների առաջարկով նախաձեռնել էին մասնագիտական համայնքի անդամների հավաք-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին շուրջ 150 փաստաբաններ։

Քննարկման օրակարգում փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո տեղի ունեցած իրադարձությունների և դրանց վերաբերյալ մամուլի որոշ տարաբնույթ հրապարակումներին առնչվող  հարցեր էին: 

Քննարկումը վարում էր փաստաբան Հայկ Հովհաննիսյանը։

Առաջնահերթության կարգով՝ ըստ նախապես հայտարարված ընթացակարգի  քննարկվել են պալատի նախագահին, խորհրդի անդամներին և վերը նշված իրադարձությունների այլ մասնակիցներին ուղղված ներկա փաստաբանների՝ մինչև հոկտեմբերի  23-ը պալատի աշխատակազմին ներկայացված գրավոր հարցերը:

Գրավոր  հարցերը հիմնականում վերաբերել են փաստաբաններ Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, ովքեր ներկա չեն եղել քննարկմանը: Ի դեպ նրանց ներկա չգտնվելու պատճառի վերաբերյալ տեղեկատվություն  ՀՀ փաստաբանների պալատին չի տրամադրվել:

Գրավոր հարցերը սպառելուց հետո, ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց բանավոր հարցերը։

Չնայած խնդրո առարկային անմիջական մասնակցություն ունեցող փաստաբանների բացակայության՝ այնուամենայնիվ քննարկումն ընթացել է բնականոն հունով: Իհարկե մի շարք հարցերի շուրջ, որոնց անմիջական հասցեատերերը բացակա փաստաբաններ Սահակյանն ու Վարոսյանն էին, չեն հնչել սպառիչ պատասխաններ, սակայն վեր են հանվել գործընկերներին հուզող սկզբունքային որոշ հարցադրումներ: Ընդհանուր առմամբ ներկաների մեծամասնությունը միակարծիք է եղել Պալատում մասնագիտական համերաշխության, ինչպես նաև՝ հավասարության պահպանման սկզբունքների պահպանման անհրաժեշտությանը՝ բացառելով որևէ փաստաբանի «առանձնահատուկ» (արտոնյալ) կարգավիճակը:

Քննարկմանն անդրադարձ է եղել ինչպես մամուլի խոսնակին առնչվող հրապարակմանը, այնպես էլ մամուլում արծարծվող այն  տեսակետին, որ Երվանդ Վարոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննադատական կարծիքի պատճառով: ՀՀ փաստաբանների պալատի նախագահը ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացրել է,  որ Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է 2015թ. հունիսի 2-ին, իսկ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանձնաժողովը հուլիսի վերջին է միայն հրապարակել, որից հետո փաստաբանների խումբը կարծիք է հրապարակել սեպտեմբերի 30-ին՝ ժամանակագրական առումով բացառելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտնած կարծիքի հետ դրա առնչությունը: Արա Զոհրաբյանն անընդունելի է համարել շրջանառվող այն լուրերը, թե փաստաբանը կարող է ճնշումների ենթարկվել իր հայտնած կարծիքի համար:

Բանավոր հարցադրումներին պատասխանել են, իսկ այնուհետև ելույթներով հանդես են եկել խորհրդի անդամներ՝ Կարեն Մեժլումյանը, Սիմոն Բաբայանը, Մարտուն Փանոսյանը, Կարապետ Աղաջանյանը, Նելլի Հարությունյանը, Կարեն Սարդարյանը, Տիգրան Խուրշուդյանը և Մելանյա Առուստամյանը։

Քննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ փաստաբանների պալատը անկախ է ոչ միայն պետական մարմինների, այլ նաև մի խումբ փաստաբանների ճնշումներից, որոնք կցանկանան ցնցումներ առաջացնել փաստաբանական համայնքում։ Փաստաբանների պալատի խորհրդի անդամները և նախագահը ընդհանուր ժողովի կողմից ընտրված անձինք են և վերջիններիս հետ չի կարելի վերջնագրերով խոսել։

Ելույթներով հանդես են եկել նաև ներկա փաստաբաններից՝ Թաթուլ Խուդատյանը, Նիկոլայ Հակոբյանը, Սամվել Ջաղինյանը, Ռուբեն Բալոյանը, Արթուր Մարտիրոսյանը, Մերի Ալավերդյանը, Վրեժ Խաչիկյանը, Թամարա Բաղդասարյանը, Ժաննա Օհանյանը։

Քննարկման ավարտին կարգապահական տույժի ենթարկված խորհրդի անդամ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը նշել է, որ որոշմանը դեռ չի ծանոթացել, իսկ ծանոթանալուց հետո, եթե պարզվի հիմնավորումների նախադեպային նշանակություն ունենալու փաստը, ապա  չի բողոքարկելու որոշումը՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար:

 Շնորհակալություն հայտնելով քննարկման մասնակիցներին ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի, քաղաքակիրթ քննարկման համար՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է, որ նմանատիպ քննարկումներն առողջ մասնագիտական հարթակ են վեր հանելու փաստաբանական ընտանիքի ներսում ծագած խնդիրները, միասնական լուծումներ նախանշելու և հետագա անելիքներն ու առաջնահերթությունները համատեղ ծրագրելու առումով: 


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ