ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

01.12.2015 21:05

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը  և «Երկրապահ Կամավորականների  Միություն»  հասարակական կազմակերպությունը այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԵԿՄ շենքում ստորագրել են համագործակցության հուշագիր:

Ստորագրված փաստաթղթի համաձայն Փաստաբանների պալատը յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ աշխատակազմի և կամավոր փաստաբանների միջոցով ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Ըստ հուշագրի՝ Երկրապահ կամավորականների միությունը փաստաբանների և ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար կազմակերպելու է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների ուսուցողական դասընթացներ և գործնական վարժանքներ: 

Պալատի ներկայացուցիչները գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ծաղիկներ են տեղադրել սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև: Պալատի հյուրերին ողջունել են Երկրապահ կամավորականների միության Եռասերունդ երկրապահները:

Այնուհետև, Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ փաստաբաններն այցելել են ԵԿՄ գրադարան և թանգարան:

Մինչև հուշագրի ստորագրումը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է երկրապահներին և նշել, որ ՙհուշագիրը ստորագրելիս կարևորել ենք մեր երկրի ազատամարտիկների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև հայրենասիրական ոգով դաստիարակվող մեր երիտասարդների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը:՚:

 Մանվել Գրիգորյանը կարևորելով ստորագրված հուշագիրը՝ նշել է, ՙմենք համագործակցության հուշագիր ենք ստորագրում այն կառույցների հետ, որոնք մեր պետության կարևոր օղակներ են համարվում: Մենք սրանով կարող ենք օգնել մեր անդամներին, ովքեր զոհված անհայտ կորած ազատամարտիկների ժառանգներ են, մարդիկ, ովքեր մասնակցել են մեր երկրի պաշտպանությանը՚:

Փաստաբանների պալատի նախագահը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվել է ՙԵրկրապահ 20 տարի՚ հուշամեդալով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Կարապետ Աղաջանյանը, Մարտուն Փանոսյանը,  Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբաննների պալատի ֆինասնական տնօրեն Իրինա Փիլոյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, փաստաբաններ Գևորգ Մկրտչյանը, Հարություն Հարությունյանը և այլոք: ԵԿՄ-ի կողմից միջոցառմանը մասնակցել են վարչության անդամներ, մարզխորհրդների և տարածքային բաժանմունքների նախագահներ:

 

 


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ