ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14.06.2017 09:58

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբաններին զննելու հետ կապված միջադեպերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հարկ է համարում ներկայացնել հետևյալ դիրքորոշումը՝

1.   Կարո՞ղ է արդյոք դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը կամ փաստաբանի իրը զննության ենթարկվել:

Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմինը դատարանն է:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի III սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները պետք է հարգեն դատական իշխանությանը և իրենց պարտականությունները դատարանի առջև իրականացնեն այն ձևով, որպեսզի այն համապատասխանի ներքին իրավական և այլ կանոններին և մասնագիտական չափանիշներին (ստանդարտներին): Իրենց մասնագիտական պարտականությունների կատարումից փաստաբանների ցանկացած շեղումը պետք է արվի այնպիսի ձևով, որպեսզի խուսափեն վստահորդների և իրենց ծառայությունների կարիքն ունեցող այլ անձանց շահերին վնաս պատճառելուց:

ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն, դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից ապահովում է դատական կարգադրիչը: 

ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը և փաստաբանի իրը կարող է զննության ենթարկվել:

2.    Կարելի՞ է արդյոք փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:

ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում:

ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով դատական կարգադրիչին տրված է իրավունք զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող ցանկացած անձի:

Այս պարագայում, երբ դատական կարգադրիչը տարբերակված մոտեցում է ցուցաբերում փաստաբանի նկատմամբ, այսինքն՝ նրան հրապարակային կարգով զննության է ենթարկում, իսկ փաստաբանի դատավարական մրցակցին՝ մեղադրողին զննության չի ենթարկում, ապա խախտվում է փաստաբանի՝ վերոհիշյալ կանոններով երաշխավորված առանց խտրականության և առանց ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատությունը:

Նման տարբերակված մոտեցման փաստ արձանագրվելու դեպքում փաստաբանների՝  զննության չենթարկվելու դիրքորոշումն իրավաչափ է:

Վերը նշվածից հետևում է, որ  անթույլատրելի է փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել:

3.   Կարո՞ղ է արդյոք դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը խուզարկվել:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել:

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

նախագահ՝ Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ