ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԶՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ

04.08.2017 16:06

Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը «ջենտլմենական պայմանավորվածության» են եկել` փաստաբաններին դատական նիստերից առաջ զննության/խուզարկության ենթարկելու հարցի շուրջ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ փորձել են այնպես կազմակերպել զննությունը որպեսզի փաստաբաններին առավել անհարմարություններ չպատճառվի։

«Երբ փաստաբանը բոլորի ներկայությամբ բացում է պայուսակը, դատարկում է պարունակությունը, պատիվ չի բերում փաստաբանին, տպավորություն է ստեղծվում, թե փաստաբանն ինքն է անպաշտպան։ Այստեղ մենք պայմանավորվեցինք, որ նմանատիպ դեպքերում, եթե մետաղորսիչով ազդանշան եղավ, փաստաբաններին առաջարկելու են, ընդ որում հատուկ նախատեսված պահարաններ են լինելու, Ավան և Նոր-Նորքում կա, Շենգավիթում մյուս շաբաթ կլինի, որ այդ մետաղական իրը պահարանի մեջ դնի, բանալին իր մոտ գտնվի և կրկին անցնի մետաղորսիչով: Եթե նորից ազդանշան տվեց, իրենք առաջարկելու են փաստաբանին բացել պայուսակը, եթե փաստաբանն ասաց, որ ուզում է առանձին սենյակում զննություն անցնել՝ ընդ որում նույն սեռի դատական կարգադրիչի ներկայությամբ, դա կապահովեն, ինչպես նաև՝ եթե փաստաբանը պահանջի, որ իր հետ լինի իր կողմից հրավիրված ընթերակա, որովհետև ի վերջո կողմնակի աչքեր էլ են պետք, որ հետո այլ պատմություններ չլինեն և ամենակարևորը՝ որ դա կարձանագրվի», - ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ ըստ Փաստաբանների պալատի, պետք է օրենքով ամրագրված լինի, թե որ իրերն են համարվում դատարանում արգելված։

«Մենք կարծում ենք, որ պետք է օրենքով արգելված իրերի ցանկ լինի, Դատական դեպարտամենտը կարծում է, որ չպետք է օրենքով ցանկ լինի, և իրենք կարող են տվյալ պահին որոշել՝ դա արգելված իր է, թե՝ ոչ։ Այստեղ տարընկալումներ կային, և սա ինչ-որ կերպ պետք է լուծել, այլապես այսպես բաց թողնելն էլ կբերեր ի վերջո խնդիրների», - ասաց Փաստաբանների պալատի նախագահը։

Մանրամասները՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի տեսանյութում

 



Բեռնել

Վերադառնալ