ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԻ ԴԵՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆԱՐԿՈՒՄ

30.01.2018 15:22

Հարգելի գործընկերներ,

2018 թվականի հունվարի 31-ին ժամը 18:30-ին, ՀՀ փաստաբանների պալատի շենքում (ք.Երևան, Զաքիյան 7-2, չորրորդ հարկ, մեծ դահլիճ) տեղի կունենա ակումբի նիստ, որտեղ քննարկվելու է ՀՀ դատական օրենսգրքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ փաստաբանների հետագա գործողությունների պլանը:

 Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու նպատակով 2018թ. հունվարի 31-ի օրակարգի մեջ ընդգրկել է նաև ՀՀ դատական օրենսգրքի նախագիծը:

Ենթադրվում է, որ ՀՀ Ազգային ժողովում նշված նախագիծը կքննարկվի 2018թ. փետրվարի 6-9 ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ դատական տուգանքի դեմ պայքարի հետ կապված տեղի են ունեցել մասնավորապես հետևյալ հրապարակային իրադարձությունները՝

- 2017թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահը՝ ներկայացնելով փաստաբանների պալատի դիրքորոշումը, դատական սանկցիա տուգանքի կիրառումն անթույլատրելի է համարել.

- 2017թ. նոյեմբերի 8-ին ՀՀ փաստաբանների պալատում քննարկում է կազմակերպվել: Քննարկման մասնակիցները մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ տուգանքը կարող է կաշկանդել փաստաբանին պաշտպանության իրականացման գործում և հայտնել են իրենց վճռականությունը և միասնականությունը ծայրահեղ միջոցների գնալու հարցում, եթե պետական մարմինները առողջ և կառուցողական քննարկումից և լուծումներից խուսափեն.

- 2017թ. նոյեմբերի 21-ին ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ արդարադատության նախարարությանն է ուղարկել դատական սանկցիայի վերաբերյալ առաջարկությունը և նույն օրը հրապարակել է փաստաբանների պալատի կայքում.

- 2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ազատության» ստուդիայում քննադատել է ԱԺ-ում քվեարկվող Դատական օրենսգրքի նախագիծը.

- 2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահը մամուլի ասուլիս է հրավիրել և անդրադարձել է դատական տուգանքի խնդրին: Ասուլիսը լուսաբանել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրային ռադիոն, Արմենպրես գործակալությունը, pastinfo.am կայքը.

- 2018թ. հունվարի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին առաջարկելով՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել, այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահելով դատավարական օրենսգրքերին.

- 2018թ. հունվարի 16-ին ՀՀ փաստաբանների պալատը նույն հարցով դիմել է նաև Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդին (CCBE)՝ վերջինիս դիրքորոշումը ստանալու նպատակով.

2018թ. հունվարի 16-ին, ՀՀ փաստաբանների պալատում քննարկում է կազմակերպվել: Քննարկման մասնակիցները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:

-  2018թ. հունվարի 17-ին փաստաբանների հայտարարությանը միացել է 608 փաստաբան, իսկ հինգ օրվա ընթացքում՝ 1354 փաստաբան.

- 2018թ. հունվարի 22-ին Լոռու մարզի փաստաբանները, որպես նախազգուշական քայլ, մեկօրյա բողոքի ակցիա են իրականացրել՝ այդ օրը հրաժարվելով Լոռու մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

- 2018թ. հունվարի 24-ին Շիրակի մարզի փաստաբանները նույնպես  մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացրել՝ այդ օրը հրաժարվելով մարզում պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

- 2018թ. հունվարի 25-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամները հանդիպել են ազգային ժողովի ներկայացուցչի հետ: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ կարևորելով փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում, հավաստիացրել է, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչների դիրքորոշումը կներկայացնի հանձնաժողովի մյուս անդամներին և քննարկման առարկա կդարձնի.

- 2018թ. հունվարի 26-ին Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացրել՝ այդ օրը հրաժարվելով իրենց մարզերում պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

- 2018թ. հունվարի 30-ին Սյունիքի մարզի փաստաբանները հայտարարել են նախազգուշական բողոքի ակցիա.

- փաստաբանները, այդ թվում՝ խորհրդի անդամները, իրավապաշտպանները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, տարբեր մասնագիտական և լրատվական ամբիոններից քննադատել են նշված նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ