ՀՀ Փաստաբանների Պալատ

50 ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ»

01.02.2018 12:56

50 ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ»

     Հարգելի փաստաբաններ,

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, բարերար Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև շարունակական համագործակցության շրջանակներում՝ Ռայմոն Եզեգելյանը պատրաստակամություն է հայտնել այս տարի նույնպես կանխավճարի կարգով վճարել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից սահմանած կարգով որոշված ևս 50 (հիսուն) փաստաբանի մեկ տարվա անդամավճարները:

Նշված նախաձեռնության կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 01.02.2018թ․ թիվ 30-Լ որոշմամբ հաստատվել է «50 փաստաբանի «Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» տրամադրելու մասին» կարգը, համաձայն որի` շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տալու հետևյալ փաստաբաններին՝

1) 60-69 տարեկան փաստաբաններին՝ ովքեր չունեն մշտական աշխատանք, ոչ ավել, քան 10 (տաս) փաստաբան: Այս խմբում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ փաստաբաններին.

2) 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամ փաստաբաններին՝ ոչ ավել, քան 5 (հինգ) փաստաբան: Այս խմբում նախապատվությունը տրվում է առավել վաղ հաշմանդամության կարգ ստացած փաստաբաններին.

3) միայնակ մայր հանդիսացող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 7 (յոթ) փաստաբան: Սույն կարգի իմաստով միայնակ մայր է համարվում ամուսնության մեջ չգտնվող այն կինը, ում խնամքի տակ գտնվում է առնվազն մեկ անչափահաս երեխա, որի ծննդյան վկայականում (ա) բացակայում է երեխայի հոր մասին գրանցումը, կամ, (բ) երեխայի հոր մասին գրանցումը կատարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` մոր ցուցումով, կամ, (գ) երեխայի հայրը մահացել է, կամ (դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի հայրը ճանաչվել է անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած: Այս խմբում նախապատվությունը տրվում է առավել շատ երեխա ունեցող, իսկ երեխաների հավասար քանակի դեպքում՝ տարիքով կրտսեր երեխա ունեցող փաստաբաններին.

4) ընտանիքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված (զինվորական ծառայության մեջ գտնվող) զավակ ունեցող փաստաբաններին՝  ոչ ավել, քան 10 (տասը) փաստաբան: Այս խմբում նախապատվությունը տրվում է (ա) ընտանիքում մեկից ավելի զորակոչիկ ունեցող փաստաբաններին կամ (բ)  զինվորական ծառայության առավել ուշ զորակոչված զորակոչիկ ունեցող փաստաբաններին.

5) նյութական դժվարություններ ունեցող մարզի փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տաս) փաստաբան, յուրաքանչյուր մարզից մեկ փաստաբան՝ մարզային համակարգողի գրավոր առաջարկով.

6) երկու կամ ավելի անչափահաս երեխաներ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 8 (ութ) փաստաբան: Այս խմբում նախապատվությունը տրվում է առավել շատ երեխա ունեցող, իսկ երեխաների հավասար քանակի դեպքում՝ տարիքով կրտսեր երեխա ունեցող փաստաբաններին: 

Օժանդակությունից օգտվելու համար շահառուները կարող են դիմել հանձնաժողովին մինչև 2018 թվականի մարտի 1-ը (ներառյալ): Կարգին համապատասխան որոշված ընդհանուրը 50 շահառուներին կտրվեն համապատասխան հավաստագրեր։ 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ