ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ

07.02.2018 10:42

Մենք մտահոգված ենք ՀՀ արդարադատության նախարարության գործելակերպով: Թեև փաստաբանների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը բնորոշ է մի շարք պետությունների, այն ձևը, որով փորձ է արվում ներդնել փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի ինստիտուտը, հիմք է տալիս մեզ ուշադրությամբ և զգուշավորությամբ հետևելու  այս գործընթացին:

Հորդորում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են չեզոքացնել դատական իշխանության առանց այդ էլ սահմանափակ անկախությանը նպաստող ևս մեկ երաշխիք:

Առաջին հայացքից խնդիրը բավականին անվտանգ է թվում. հայկական դատարաններին լիազորություն է վերապահվելու սանկցիայի ենթարկել փաստաբաններին՝ մինչև 100. 000 ՀՀ դրամ (200 ԱՄՆ դոլար) չափով տուգանքի տեսքով: Անշուշտ, մենք գիտակցում ենք, որ այս լիազորությունը կիրառվելու է ոչ միայն փաստաբանների, այլև դատախազների նկատմամբ, սակայն կասկած ենք հայտնում դրա գործնական իրագործելիության վերաբերյալ: Նույնիսկ սպորադիկ զեկույցների համաձայն՝ եթե դատավորներն իրականում կիրառեն այս սանկցիան թե՛ փաստաբանների և թե՛ դատախազների նկատմամբ, դատական սանկցիաները դատախազների նկատմամբ այնպիսի արարքների համար, ինչպիսիք են՝ բազմաթիվ գործերով ոչ պատշաճ վարվելակերպը, դատական քննության ձգձգումը և ապացույցների բացահայտման պարտականության հետևողական չկատարումը, մեծ թիվ կկազմեն:

Մինչդեռ, առավել հավանական է, որ դատախազները դատական տուգանքի չեն ենթարկվի և, փոխարենը, այս սանկցիայի կիրառումը պարբերական բնույթ կունենա փաստաբանների նկատմամբ: Դատական այս սանկցիան ոչ թե կսահմանափակի դատախազների ոչ պատշաճ վարքագիծը, այլ, դրա փոխարեն, հատկապես քաղաքական բնույթի գործերով կկաշկանդի ջանասեր փաստաբաններին, ովքեր բարեխղճորեն իրականացնում են իրենց ամբաստանյալների պաշտպանությունը:

Բայց սա դեռ խնդրի մի կողմն է: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար դատական սանկցիա կիրառելու ռեժիմը չունի բավարար ընթացակարգային երաշխիքներ, ինչը հղի է իրական և էական հետևանքներով: Խոսքը վերաբերում է <<անհարգալից վերաբերմունքի>> գործերով դատական լսումներին:

Զարգացած դատական հակամարգ ունեցող երկրներում  դատարանը, փաստաբանի վարքագիծը որակելով որպես անհարգալից վերաբերմունք, հետաձգում է այդ հարցով դատական քննությունը մինչև քրեական գործի քննության ավարտը, որպեսզի չխախտի տվյալ փաստաբանի վստահորդի իրավունքն օգտվելու իր ընտրած փաստաբանի ծառայություններից և չկաշկանդի փաստաբանին՝ ջանասիրաբար ներկայացնելու իր վստահորդի շահերը: Դա ոչ միայն ընթացակարգային պահանջ է և բարեվարքություն, այլև քրեական գործով վարույթի ընթացքում ամբաստանյալի իրավունքների պաշտպանյությունից բխող անհրաժեշտություն:

Փաստաբանի ենթադրական անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ գործը սովորաբար քննում է անկողմնակալ դատավորը, որը չի առնչվում այն գործի հետ, որում փաստաբանի դրսևորած վարքագիծը ներկայացվել է իր քննությանը: Այս կառուցակարգը վճռական նշանակություն ունի փաստաբանի իրավունքների պաշտպանության պատշաճ ընթացակարգի ապահովման առումով:  Քրեական գործի ընթացքում դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումը ոչ միայն ինքնին անարդար է, այլև կխախտի  փաստաբանի՝ իր գործով պատշաճ քննության իրավունքը, եթե կարգապահական տույժը նշանակվի՝ առանց կարգապահական գործն ըստ էության քննելու, և դատավորը հանդես գա որպես և՛ մեղադրող, և՛ որոշում կայացնող:

Փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու լիազորությունը պետք է վերապահված լինի ՀՀ փաստաբանների պալատին, այլ ոչ թե քրեական գործը քննող միևնույն դատավորին: Փաստաբանների պալատը կքննի կարգապահական գործը՝ ապահովելով փաստաբանի լսված լինելու իրավունքը, իսկ դատարանի իրավասությունը կներառի փաստաբանին իր ենթադրյալ կարգապահական խախատման մասին ծանուցելը և Փաստաբանների պալատին փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնելը: Կարգապահական գործը ՀՀ փաստաբանների պալատի կողմից կքննվի քրեական գործի ավարտից հետո և այդ գործից դուրս՝ պահպանելով ընթացակարգային պատշաճ երաշխիքները: Ներկայացված կառուցակարգը ոչ միայն կպաշտպանի ամբաստանյալի և նրա պաշտպանի իրավունքները, այլև կապահովի կարգապահական վարույթի տրամաբանական ամբողջականությունը:

Հավանաբար վերոնշյալն այնքան էլ չի հանդիսանում սույն նամակի առարկա օրենսդրական նախաձեռնության խնդիրը, այլ, փոխարենը, այդ օրենսդրական առաջարկի խնդիրն է դատական մարմինների հետագա ենթարկեցումը կառավարող շրջանակներին:

Կոչ ենք անում ՀՀ արդարադատության նախարարությանը նկատի ունենալ, որ եթե լայն հասարակայնությունը մտահոգված չէ առաջարկվող արտաքուստ անվտանգ օրենսդրական փոփոխությամբ, մենք մտահոգված ենք:

Մտահոգությամբ արձանագրում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, դատական մարմինների շահերի պաշտպանությունն ստանձնելու փոխարեն, ծառայում է Հայաստանի Հանրապետության կառավարող վերանախավի քաղաքական ծրագրերին:  

 

Հայերի իրավունքների վերահսկողության կոմիտե ( ARMENIAN RIGHTS WATCH COMMITTEE(ARWC))
Հայ իրավաբանների միություն (ARMENIAN BAR ASSOCIATION)



Բեռնել

Վերադառնալ