ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆ ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15.10.2018 14:43

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆ ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը օրեր առաջ հերթական անգամ ապատեղեկատվություն է ներկայացրել հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի առնչությամբ:

Նա հայտարարել է, որ «տարեկան շուրջ 50 միլիոն դրամ հատկացվում է ոչ թե հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերը հոգալու, այլ փաստաբանների պալատի աշխատակազմերին վճարելու համար»: Այնուհետև, Երվանդ Վարոսյանը մեղադրել է արդարադատության նախարարությանը, այս հարցում անտարբերություն դրսևորելու համար:

Նախքան նյութի բովանդակությանն անդրադառնալը, կցանկանայինք հիշեցնել ընթերցողներին, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը 2013 թվականի հոկտեմբերի 4-ից սկսած ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, խորհրդի անդամների և աշխատակազմի նկատմամբ դժգոհելու, քննադատելու, ծաղրելու և ապատեղակատվություն ներկայացնելու քաղաքականություն է վարում: Դրանք բազմաթիվ են, կսահմանափակվենք վկայակոչելով նրա կողմից անձնական բնույթի հայցադիմումներ ներկայացնելը, իր պատասխանատվության ենթարկվելը սահմանադրական բարեփոխումների հետ կապված ճնշում ներկայացնելը, ծաղրանքները և այլն: Եթե քննադատությունը կամ դժգոհությունը օգնում են ցանկացած կառույցի իր թույլ տված սխալները տեսնելու և շտկելու համար, ապա ծաղրանքն ու սուտ տեղեկությունները չեն կարող որևէ կերպ օգտակար լինել: Պետք է նշենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, խորհրդի անդամները և աշխատակազմը Երվանդ Վարոսյանի նկատմամբ միևնույն է պահպանում են հարգալից և օբյեկտիվ վերաբերմունք:

ԱՄՆ-ի դեսպանատան  նախաձեռնությամբ և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ջանքերով բազմաթիվ քննարկումների արդյունքում ներդրվել է  հանրային պաշտպանի գրասենյակի ամերիկյան մոդելը: Նշված մոդելը  հնարավորություն էր տալիս կենտրոնացված կարգով ապահովել անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ամբողջ ՀՀ տարածքում՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնել որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, արդյունավետ պաշտպանության և կարգապահության  նկատմամբ:

 Հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ) գործում է 2006 թվականից: Տարեցտարի աճում է ՀՊԳ-ի գործերի թիվը: Դա պայմանավորված է մասնավորապես հետևյալ գործոններով՝ (1) քրեական, քաղաքացիական և վարչական գործերի թիվը տարեցտարի աճել է, (2) իրավաբանական օգնություն տրամադրելու որակը բարձրացել է, (3) օրենքով ավելացվել են այն խմբերը, որոնք իրավունք ունեն դիմել ՀՊԳ-ին քաղաքացիական և վարչական գործերով, (4) քրեական գործերով, բացի անվճարունակության չափանիշից, գործում է արդարադատության շահի չափանիշը, որի հիման վրա վարույթն իրականացնող մարմինները որոշում են անձին ապահովել անվճար իրավաբանական օգնությամբ:

Համեմատության համար նշենք, որ ՀՊԳ-ն 2013 թվականին՝ ունեցել է 3.129 քրեական գործ և 363 քաղաքացիական (վարչական) գործ, իսկ 2017 թվականին՝ 5.890 քրեական գործ և 5.864 քաղաքացիական (վարչական) գործ: Այսինքն, վերջին հինգ տարվա ընթացքում ծանրաբեռնվածությունը քրեական գործերով աճել է մոտ 90 տոկոսով, իսկ քաղաքացիական գործերով՝ մոտ 1.520 տոկոսով: Մարզերում հիմնվել են գրասենյակներ, հասարակության լայն շրջանակի համար ապահովվել է ՀՊԳ-ին դիմելու տեղեկատվությունը և անվճար իրավաբանական օգնության մատչելիությունը:  Ընդ որում, այս հինգ տարիների ընթացքում հանրային պաշտպանների հաստիքների քանակը՝ 49-ից ավելացել է միայն 5-ով (54):

 Ներկայումս գործող կարգավորումն այսպիսին է. Յուրաքանչյուր տարի  բյուջեից հատկացվում են միջոցներ Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունն  ապահովելու  համար: Տրվում է որոշակի գումար, որը  նախատեսված է հանրային պաշտպանների աշխատավարձի համար: Այսինքն՝ կա կայուն աշխատավարձ և աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով գումար է հատկացվում ՀՊ գրասենյակի ծախսերի փոխհատուցման համար՝ տրանսպորտային ծախսեր, տարածքների վարձակալության վճարներ, տեխնիկայի ձեռք բերում, օժանդակ աշխատակազմ և այլն: Նշված միջոցները համեմատած ՀՊԳ-ի կողմից վարած գործերի քանակին բավականաչափ սուղ են, սակայն կենտրոնացված ծախսերը  հնարավորությունն են տալիս  խնայելու որոշակի միջոցներ, արդյունավետ աշխատելու և իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (օգնականներ, հաշվապահություն և այլն): Այս տեսակետից եթե դիտարկենք, ապա մեկ գործի վրա պետությունը  ծախսում է նվազագույն գումար: Ավելացնենք նաև, որ նշված 30 տոկոս գումարը չի թույլատրվում օգտագործել հանրային պաշտպանների աշխատավարձի կամ լրացուցիչ հավելավճարների վճարման ուղղությամբ:

 Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը բաղկացած է 24 աշխատակցից՝ չհաշված ՀՊԳ աշխատակազմը: Համեմատության համար հիշեցնենք, որ 2012 թվականին փաստաբանների պալատի աշխատակազմը բաղկացած է եղել 23 աշխատակցից՝ չհաշված ՀՊԳ աշխատակազմը:

 Նշված 24 աշխատողներից 10-ը համաֆինանսավորվում են ՀՊԳ աշխատակազմի համար նախատեսված բյուջեից՝ 50 տոկոսի չափով: Ընդ որում, համաֆինանսավորվող աշխատակիցների աշխատանքային գործառույթների 50 տոկոսից ավելին առնչվում են ՀՊԳ գործունեությանը: Օրինակ, համաֆինանսավորվող աշխատակիցներից են ֆինանսական տնօրենը, գլխավոր հաշվապահը, աշխատակազմի ղեկավարը, ընդհանուր դեպարտամենտի ղեկավարը, վարչատնտեսական դեպարտամենտի ղեկավարը, պարետ-էներգետիկը, մատակարար-պահեստապետը և այլն:

 Այս քաղաքականությունը համաձայնեցված է եղել ՀՀ արդարադատության նախարարության հետ: ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ արդարադատության նախարարության միջև 2018 թվականի համար կնքված պայմանագրում հստակ արձանագրվել է, որ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի մեջ ներառվում է նաև ՀՊԳ հետ առնչվող աշխատակազմի վարձատրությունը:

 Հատկանշական է, որ այս քաղաքականությունը սկիզբ է դրվել մինչև ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի պաշտոնավարման սկզիբը, և Երվանդ Վարոսյանը, որպես խորհրդի անդամ առիթներ ունեցել է այս քաղաքականությունն ամրապնդող հաստիքացուցակի փոփոխություններին կամ լրացումներին կողմ քվեարկել:

 Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներին, ապա ՀՀ փաստաբանների պալատին պատկանող 3 տրանսպորտային միջոցներից երկուսն ամբողջությամբ օգտագործվում են հանրային պաշտպաններին տեղափոխելու համար, իսկ 3-րդ տրանսպորտային միջոցը սպասարկում է հիմնականում փաստաբանների պալատի ղեկավար անձանց (նախագահ, ֆինանսական տնօրեն, գլխավոր հաշվապահ, ՀՊԳ ղեկավար և այլն), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ հանրային պաշտպաններին: Փաստաբանների պալատի նախագահն աշխատավայր  ներկայանալու և գնալու ժամանակ չի օգտվում տրանսպորտային միջոցից, քանի որ աշխատանքի վայրին մոտ է բնակվում:

 Միաժամանակ հասկանալի չէ, Երվանդ Վարոսյանի՝ որպես փաստաբանի, մոտեցումը, քանի որ համաֆինանսավորման հարցը դուրս գալու դեպքում, նշված 10 անձանց աշխատավարձի հանրագումարի 50 տոկոսի չափով գումարը վճարվելու է փաստաբանների անդամավճարների հաշվին:

 ՀՊԳ ղեկավարին չորս տարի ժամկետով ընտրում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ ՓՊ նախագահի ներկայացմամբ: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, կանոնադրության մեջ նշված կոնկրետ հիմքերի դեպքում: ՀՊԳ ղեկավարն անկախ է ՓՊ նախագահից:

 

ՀՀ փաստաբանների պալատի

Հանրային պաշտպանի գրասենյակի

ղեկավար՝ Մելանյա Առուստամյան



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ