ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

12.02.2019 13:20

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, պատգամավորներ՝ Արթուր Դավթյանին, Էդմոն Մարուքյանին, Տարոն Սիմոնյանին, Սուրեն Գրիգորյանին, Հերիքնազ Տիգրանյանին և Աննա Կարապետյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու օժանդակության հարցով:

Գրությամբ նշվել է, որ սկսած 2017թ. հոկտեմբերի 31-ից, ՀՀ փաստաբանների պալատը տարբեր առիթներով բարձրաձայնել է այս նախագծերի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը:

2018 թվականի հունվարի 16-ին ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների քննարկումների արդյունքում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որն էլ կազմակերպել է ակտիվ գործողություններ ընդդեմ նշված նախագծերի ընդունման:

Մոտ 1500 փաստաբան միացել է այդ նախագծերը դատապարտող հայտարարությանը, իսկ 2018թ. հունվարի 22-ից տարբեր մարզերի փաստաբանները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ մեկական օրով հրաժարվելով իրենց մարզում պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

2018 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փաստաբաններն իրականացրել են բողոքի ակցիաներ՝ այդ օրերին հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Փաստաբաններին իրենց զորակցությունն են հայտնել նաև նախորդ գումարման Ազգային ժողովի  «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները, որը դրսևորվել է նաև նշված խմբակցությունների պատգամավորների քննադատող ելույթներով և քվեարկությամբ:

2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն՝ իր փաթեթով:

2018թ. փետրվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակավ հայտնել էր. «… եթե փաստաբանները կարծում են, որ այս դատական սանկցիայի կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և իրենց պատկերացմամբ կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել նրանց մոտեցումներն ու փաստարկները: Ներկայումս մենք աշխատում ենք փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վրա ու կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները:»:

ՀՀ արդարադատության նախարարության վերոհիշյալ դիրքորոշումից հետո, նախաձեռնող խումբն առժամանակ կասեցրել էր բողոքի ակցիաները:

2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով օժանդակել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում:

Առ այսօր ՀՀ փաստաբանների պալատը չի ստացել խնդրի լուծման վերաբերյալ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

Փաստաբանների պալատը և նախաձեռնող խումբը շարունակելու են այս հարցի վերաբերյալ իրենց հետևողական քաղաքականությունը:

Նշված դատավարական նորմերի առնչությամբ քննադատական դիրքորոշում ներկայացրած խմբակցություններում ընդգրկված կուսակցություններն («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ Քայլ» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) են այսօր ներկայացնում ՀՀ Ազգային ժողովը, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, որ այս հարցով, ինչպես նորընտիր կառավարությունը, այնպես էլ նորընտիր Ազգային ժողովը պահպանելու են իրենց ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ դիրքորոշումը:

Բեռնել՝

1) ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 12.02.2019թ. գրությունը.

2) օրենքների նախագծերը.  

3) օրենքների նախագծերի հիմնավորումները.

  

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատ



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ