ՀՀ Փաստաբանների Պալատ

Հանդիպում-քննարկում`«Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչի մասով Հայաստանի դիրքը բարելավելու վերաբերյալ։

24.05.2013 07:55

Հարգելի գործընկերներ,


Տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումները արդյունքը՝ նպաստելով Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը 2013» (Doing Business 2013) դասակարգիչում Հայաստանի դիրքի բարելավմանը (32-րդ տեղը 185 երկրների ցանկում)։


Թեև զբաղեցրած դիրքին, դասակարգչի որոշ ցուցիչներում Հայաստանը դեռևս ունի բարեփոխումների և բարելավումների կարիք։ Բարելավման ենթակա ցուցիչներից է նաև «Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչը (91-րդ տեղը 185 երկրների թվում)։ «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգիչում Հայաստանի դիրքի բարելավումը, մասնավորապես «Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչի մասով, հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը։


Հիմք ընդունելով վերոգրյալը ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների նախաձեռնությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի աջակցությամբ կազմակերպվում է հանդիպում-քննարկում'«Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչի մասով Հայաստանի դիրքը բարելավելու վերաբերյալ։


Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից կներկայացվի գործարար միջավայրի բարելավման և Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիրքը բարելավելու ուղղությամբ իրականացված աշխատանքները և կատարվելիք քայլերը, իսկ Գլոբալ ԷՍ ՓԻ ՍԻ ընկերության փորձագետների կողմից՝ «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգիչի «Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչի հաշվարկման մեթոդաբանությունը, Հայաստանի ներկա վիճակը, ինչպես նաև կքննարկվեն հետագա հնարավոր բարեփոխումները։


Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ պարոն Արամ Օրբելյանը ։

Միջոցառումը կկայանա մայիսի 31-ին ժամը 11-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում։


Սիրով հրավիրում ենք Ձեզ և Ձեր գործընկերներին մասնակցել քննարկմանը։


Ցանկացողները կարող են գրանցվել' դիմելով Գլոբալ Էս Փի Սի ընկերությանը 520851 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով։



Բեռնել

Վերադառնալ