ՀՀ Փաստաբանների Պալատ

Սահմանադրական դատարանի նիստին մասնակցելու կոչ

29.05.2013 08:11

Հարգելի փաստաբաններ,

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից քննվող՝ քաղաքացիներ Աշոտ Մանուկյանի եւ Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի կարևորությունը (նոր հանգամանքների ինստիտուտի վերաբերյալ)՝ ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում բոլոր հետաքրքրված փաստաբաններին մասնակցելու ս.թ. մայիսի 31-ին, ժամը 10.00-ին Սահմանադրական դատարանում բանավոր ընթացակարգով կազմակերպվելիք գործի քննությանը:

Ստորև ներկայացվում է Սահմանադրական դատարանի հաղորդագրությունը:

«ՍԴ-Ն ՀԵՏԱՁԳԵՑ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 30-ին կայացավ ՀՀ սահմանադրական դատարանի նիստը, որը քննության պիտի առներ քաղաքացիներ Աշոտ Մանուկյանի եւ Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Սահմանադրական դատարանը, լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունից ելնելով, որոշեց գործի քննությունը հետաձգել մայիսի 31-ին եւ այն կազմակերպել բանավոր ընթացակարգով։ Այդ առաջարկությունը (համաձայնեցնելով գործով զեկուցող Վլ. Հովհաննիսյանի հետ) ներկայացրեց նիստը նախագահող Գ. Հարությունյանը, որին հավանություն տվեցին նիստի մասնակից ՍԴ բոլոր անդամները։

Հետաձգման անհրաժեշտությունը մի շարք օբյեկտիվ պատճառներ ունի։ Քննության առնվող գործում նկատելի են տասնյակ ընթացակարգային եւ այլ տարաբնույթ հանգամանքներ, որոնք հանգեցնում են նրան, որ նոր հանգամանքների ինստիտուտը դեռեւս կայացած չէ, եւ դատական ատյաններում քաղաքացու սահմանադրական իրավունքի պաշտպանությունը դժվար իրացնելի է։ ՍԴ-ն որոշեց դատական դեպարտամենտից պահանջել վերջին երկու տարվա ընթացքում՝ 2011-ի նոյեմբերից սկսած (երբ օրենքով փոփոխություններ կատարվեցին) նոր հանգամանքների հիմքով ներակայացված հայցադիմումների հետ կապված բոլոր ակտերը (անկախ նրանից, մերժե՞լ է հայցադիմումի քննության ընդունումը, թե՞ քննվել և ըստ էության որոշում է կայացրել)։ Այդ թվում ոչ միայն սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված կամ սահմանադրական դատարանի մեկնաբանություններին չհամապատասխանող մեկնաբանությամբ կիրառված, այլեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիմքի վրա նոր հանգամանքների հիմքով քննության առնված գործերով ընդունված որոշումները։

Մեկ ամսվա ընթացքում կուսումնասիրվեն ստացված նյութերը, կընդհանրացվի իրավակիրառական պրակտիկան եւ համակողմանի քննության արդյունքում նոր միայն գործով որոշում կկայացվի։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն»



Բեռնել

Վերադառնալ