ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԾԻՔ ՍՏԵՂԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ Է․ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

02.07.2020 12:26

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԾԻՔ ՍՏԵՂԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ Է․ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 2020թ. հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը թվով 47 փաստաբանների մասնագիտական գործունեության արտոնագրի տրամադրման հարցն էր:

Խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել հավակնորդներին փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագիր տրամադրելուն: Պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի տարածմամբ՝ ՀՀ փաստաբանների պալատում խորհրդի նիստերն անցկացվում են առցանց:

Խորհրդի նիստը տեղի է ունեցել հետևյալ կարգով․

  1. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներն իրենց գտնելու վայրից հեռահար կարգով համապատասխան հղման միջոցով միացել են խորհրդի նիստին.
  2. Փաստաբանների պալատի անդամ դառնալու, փաստաբանի արտոնագիր ստանալու և փաստաբանների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումներ ներկայացրած բոլոր հավակնորդներն իրենց գտնելու վայրից հեռահար կարգով համապատասխան հղման միջոցով միացել են խորհրդի նիստին.
  3. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նախագահը նիստը հայտարարել է բացված, հրապարակվել է հավակնորդների ցանկը, հրապարակվել խորհրդի որոշման նախագիծը և այն դրվել է խորհրդի քվեարկությանը.
  4. Խորհրդի որոշման քվեարկությունից հետո յուրաքանչյուր հավակնորդ անհատական կարգով առցանց ընթերցել է «Փաստաբանության մասին» օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված փաստաբանի երդման տեքստը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորել է փաստաբանական համայնք մուտք գործած փաստաբաններին հորդորելով պահպանել փաստաբանի վարքագծի կանոնագիրքը,  չներգրավվել կոռուպցիոն գործարքների մեջ, հավատարիմ լինել վստահորդի շահերին: Ավարտելով շնորհավորական խոսքը՝ Արա Զոհրաբյանն արձանագրել է, որ փաստաբանը երկրում կարծիք ստեղծող մասնագետ է:

Շնորհավորական խոսքերով հանդես են եկել Խորհրդի անդամներ Սեդրակ Ասատրյանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը, Կարեն Մեժլումյանը, Գայանե Դեմիրճյանը, ովքեր կարևորել են մասնագիտական գործունեության մեջ անկեղծությունը, իրենց վստահորդների նկատմամբ պատասխանատվության զգացումը և նրանց օգտին գործելու կարևորությունը:

 

 



Բեռնել

Վերադառնալ