ՀՀ Փաստաբանների Պալատ

ԶՈՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՍՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

01.10.2020 18:11

ԶՈՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՍՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2020թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնական պարզաբանում ստանալու մասին դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ընդհանուր զորահավաքի շրջանակներում ծանուցագրեր են ստացել և ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով սահման են մեկնել աշխատող անձինք, որպիսի պարագայում առաջանում են նրանց աշխատանքային հարաբերությունների շարունակմանն առնչվող իրավական հարցեր:

Այդ հարցերից հիմնականը հանգում է հետևյալին՝ արդյոք զորահավաքին մասնակցող անձանց պետք է տրամադրվի  պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար արձակուրդ և եթե այո, ապա արդյոք նրանք իրավունք ունեն ստանալ վարձատրություն արձակուրդի ընթացքում:

Նշված հարաբերությունը հստակ կարգավորված չէ, սակայն կարգավորված է զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացուն պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար սահմանված արձակուրդ տրամադրելու, նրա  աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը պահպանելու (վճարելու) հարաբերությունը: Այս դեպքում, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 2-րդ մասի պահանջների, միջին աշխատավարձը վճարում է պետական մարմինը:

 

ՀՀ փաստաբանների պալատն առաջարկել է զորահավաքի միջոցով ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով սահման մեկնած անձանց հետ հարաբերություններում ղեկավարվել նույն մոտեցմամբ, այսինքն՝ պահպանել աշխատողի աշխատատեղը, իսկ միջին աշխատավարձի վճարումն ապահովել պետական մարմնի միջոցով:

 

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի

մամուլի ծառայություն



Բեռնել

Վերադառնալ