ՀՀ Փաստաբանների Պալատ

ԶՈՀՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

17.08.2021 16:17

ԶՈՀՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

     Հայրենիքի պաշտպանության համար փաստաբանների ընտանիքների զոհված անդամների հիշատակը հարգելու նպատակով  ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ սահմանված հարգանքի տուրք մատուցելու համար 2021 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվել էր միջոցառում:

        

     Օգոստոսի 13-ը, Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի ծննդյան օրն է:

     Լևոնը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող էր, երբ 2020-ի օգոստոսին զորակոչվեց բանակ: Նա ընդամենը 40 օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Հենց առաջին օրից նետվել է ռազմադաշտ, կռվել Ակնայում, զոհվել՝ Կարմիր շուկայում՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին ԱԹՍ հարվածից:

     Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի ընտանիքին՝ այցելելով փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Լևոն Լևոնյանի շիրիմին:

     Այնուհետև, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ նկարահանված «Չպարտվածները» վավերագրական ֆիլմի առաջին դիտումը:

Ֆիլմը պատմում է փաստաբանների նահատակված զավակների՝ Լևոն Լևոնյանի, Հրաչիկ Ավետիսյանի և Միքայել Դանիելյանի մասին, ովքեր անձնվիրաբար մարտնչել և անմահացել են արցախյան երկրորդ պատերազմում:

Ֆիլմի դիտմանը ՀՀ փաստաբաննների պալատի ներկայացուցիչներից բացի ներկա էին նաև Տեր Նշան Քահանա Սարգսյանը,  Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Համայնքապետարանի ներկայացուցիչները, զոհվածների ծնողներն ու հարազատները, զոհվածների դասղեկներն ու ուսուցիչները:

      «Չկա ավելի մեծ նվիրում, քան երբ մարդը իր կյանքը զոհաբերում է այլ մարդու, կամ մարդկանց: Չկա ավելի մեծ նվեր և մեր հերոսներն իրենց կյանքն են զոհաբերել հանուն մեզ»,- նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

     Փաստաբանների պալատի նախագահը իր խոսքում ընդգծել է նաև, որ հերոսների ընտանիքները պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինեն, հերոս ծնած ընտանիքի անդամը պետք է առավելություն ունենա բոլորից և պետք է ցանկացած միջավայրում ընդգծված հարգանքի արժանանա:

     Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ողջունելով ներկաներին, նշել է,- «Գուցե շատերը մինչև պատերազմը Լևոնին չէին ճանաչում, ես ինքս էլ լավ չէի ճանաչում նրան, բայց պատերազմից հետո, նրա նահատակվելուց հետո ես ճանաչեցի ոչ միայն Լևոնին,  այլ նաև մեր  17 քաջերին: Սևան համայնքը 17 անգամ գլուխ է խոնարհել, Սևան համայնքը լավ գիտի, որ այդ տղաները իրենց պարտքն են կատարել հայրենիքի հանդեպ, նրանք կատարել են իրենց պարտքը, իսկ մենք պարտք ենք նրանց:

     Մենք պարտք ենք նրանց ուժեղ ու հպարտ հայրենիք, ու պիտի  բոլորս այնպես ապրենք, որ  մեր տղաների աչքերում եղած հաղթանակը իսկապես ի կատար ածենք»:

    Հրաչիկի մայր փաստաբան Մաի Հակոբյանը նշել է,- «Հպարտորեն ենք ընդունում, որ Մեր զավակներն են այդ արու զավակները, հերոս զավակները, ովքեր մաքուր անկատար երազանքներով լի  կյանքը տվել են մեզ: Այն նուրբ սերը, որ  տվել ենք իրենց, իրենք  մի քանի անգամ ավելին վերադարձրեցին մեզ: Չամուսնացածներին խնդրում եմ չվախենալ ամուսնանալ և մեկի տեղը 4 և ավելի զավակներ ունենալ»:

     Լևոնի հայր փաստաբան Կարեն Լևոնյանը նշել է, որ այսօր իր տղայի 21-րդ տարեդարձը, տխուր տարեդարձը, միաժամանակ նաև հպարտության տարեդարձ է: Նա նշել է, որ անչափ հպարտ է, որ  Լևոնի հայրն է:

     Եզրափակելով իր խոսքը՝ Լևոնի հայրը նշել է,- «Բոլորին մաղթում եմ խաղաղություն, այն խաղաղությունը, որը պարգևեցին մեր զավակները»:

     Հ.Գ. Փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն  ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցելու մեր հերոսների ընտանիքներին:

 

Դիտել՝ օրվա մասին պատմող տեսանյութը

Դիտել՝ «Չպարտվածները» վավերագրական ֆիլմը


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ