ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆ ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

27.01.2023 15:27

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆ ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուշադրությամբ հետևել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ կապված վարույթին, ներառյալ՝ հանրամատչելի աղբյուրներում առկա տեղեկատվությանը: Միաժամանակ, հանձնաժողովն անմիջական կապի մեջ է Էրիկ Ալեքսանյանի հետ:

Ինչպես հայտնի է, Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը մերժվել էր դատարանի կողմից, և նա 2022 թվականի դեկտեմբերի 18‑ից ազատության մեջ է:

Վերջերս, սակայն, Հանձնաժողովը մտահոգությամբ արձանագրել է, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո մեղադրողը դատարանում հանդես է եկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կրկին կալանավորելու դիրքորոշմամբ:

Հանձնաժողովը նախկինում այս առնչությամբ հատուկ նշել է, որ հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, առավել ևս՝ ազատությունից զրկելը, պետք է լինի ծայրահեղ միջոց, դրա կիրառման անհրաժեշտությունը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում պահել փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունները: Պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ հոգատարություն ցուցաբերեն փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության և փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության նկատմամբ հնարավոր բացասական հետևանքների առնչությամբ:

Տվյալ դեպքում, իրավիճակն ուշագրավ է այն համատեքստում, որ  2023 թվականի հունվարի 3-ին, հաստատելով մեղադրական եզրակացությունը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը փաստել էր, որ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված գրավ և չբացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները հիմնավոր են և փոփոխման ենթակա չեն: Դրա հակառակ արդեն դատարանում հանդես գալով Էրիկ Ալեքսանյանի կրկին կալանավորելու դիրքորոշմամբ՝ մեղադրողը, սակայն, առերևույթ չի ներկայացրել որևէ նոր էական փաստարկ առ այն, որ Էրիկ Ալեքսանյանն արգելանքից ազատվելուց հետո մինչ օրս (ավելի քան մեկ ամիս) դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ:

Հանձնաժողովն իր խիստ մտահոգություն է հայտնում այս առնչությամբ և, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, հավելում՝ փաստաբանին կրկին ազատությունից զրկելու համար պետք է խիստ ծանրակշիռ հիմքեր լինեն՝ ազատության մեջ հայտնվելուց հետո փաստաբանի կողմից ցուցաբերված ոչ պատշաճ վարքագծի կամ այլ փոփոխված իրադրության  մասին: Միաժամանակ պետք է բացակայի  ազատությունից զրկելու որևէ այլընտրանք և  փաստաբանին կարգավիճակի առանձնահատկությունների հաշվառմամբ։

 



Բեռնել

Վերադառնալ