ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

13.08.2023 18:07

ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Փաստաբան Կարեն Լևոնյանի որդին՝ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանն այսօր կդառնար 23 տարեկան:

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, Լևոն Լևոնյանի ընտանիքի անդամները, հարազատները և ընկերները հավաքվել էին Լևոնի անունը կրող պուրակում՝ նշելու հերոսի երկնային ծնունդը և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն՝  Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և Փաստաբանների պալատի այլ ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել՝ հանուն հայրենիքի նահատակված հերոսի շիրիմին:

Տխրության ու ցավի հետ մեկտեղ, ազգային արժանապատվության զգացում կար Լևոն Լևոնյանին իր հուշերում անմահացրած յուրաքանչյուր մարդու սրտում:

Լևոնն ընդամենը 40 օրվա ծառայող է եղել, երբ մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի առաջին օրից եղել է ռազմադաշտում, կռվել Ակնայում, զոհվել Կարմիր շուկայում՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին ԱԹՍ հարվածից:

Լևոնը, թեև ընկավ կռվում, բայց այսօր ու միշտ ապրում է նա՝  ապրողների հոգիներում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

 

Հիշեցնենք, որ 2020թ. Արցախյան պատերազմին մեր հայրենակիցների թվում մասնակցել են նաև փաստաբաններ և նրանց ընտանիքների անդամներ:



Բեռնել

Վերադառնալ