ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ

15.08.2023 12:09

ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում:

ԺՆԵՎ (7 օգոստոսի, 2023 թ.) – ՄԱԿ-ի փորձագետների խումբն այսօր տագնապ է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար սարսափելի ճգնաժամի։

Վերջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը խոչընդոտող շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի առաջ, ազդել բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և վտանգել մարդկանց կյանքը։ Բնակիչները, հատկապես երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները, հղի կանայք և հիվանդները, զգալի վտանգի տակ են:

«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար արտակարգ իրավիճակ է, որը առաջացրել է հիմնական սննդամթերքի խիստ պակաս, ներառյալ արևածաղկի ձեթը, ձուկը, հավի միսը, կաթնամթերքը, հացահատիկը, շաքարավազը և մանկական կաթնախառնուրդը», - ասում են փորձագետները:

Նրանք նախազգուշացրել են, որ տարածաշրջանը արագորեն սպառում է իր բժշկական պաշարները և հիվանդանոցները դժվարանում են օգնություն ցուցաբերել, քանի որ շտապ օգնության մեքենաների աշխատանքը դժվարացել է վառելիքի մատակարարումների նվազման պատճառով:

Փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի համապատասխան։

Նրանք նաև կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ հրադադարի համաձայնագրի պայմաններով։

«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կարող են մեղմել հազարավոր մարդկանց տառապանքը Լեռնային Ղարաբաղում և թույլ տալ, որպեսզի խաղաղ բնակչությունը անարգել ստանա մարդասիրական օգնություն», - ասում են փորձագետները: «Այս կրիտիկական ժամանակաշրջանում կարևոր է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը»:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: Մենք նաև ընդգծում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր ներգրավված կողմերի միջև՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղ և կայուն բանաձև»,- նշել են փորձագետները։

Ներկայացնում ենք  ՄԱկ-ի փորձագետների հայտարարության պաշտոնական տարբերակը անգլերեն լեզվով

Հիշեցնենք, որ 27.07.2023 թվականին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Փաստաբանների պալատների խորհուրդները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում, ի թիվս այլ կառույցների, նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ էին անում  ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը:



Բեռնել

Վերադառնալ