ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆ ՄՈւՇԵՂ ՇՈւՇԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

29.09.2023 18:06

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆ ՄՈւՇԵՂ ՇՈւՇԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին ձերբակալելու վերաբերյալ  2023 թվականի սեպտեմբերի 28-ին տեղեկատվության հանրային աղբյուրներում տվյալներ տարածվելուց հետո ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչն անմիջապես կապ է հաստատել քրեական վարույթն իրականցնող մարմնի հետ, ինչպես նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ՝ պարզելու նրա իրավունքների պաշտպանության հետ կապված հնարավոր աջակցության հարցերը: Պարզվել է նաև, որ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը չի առնչվում նրա մասնագիտական գործունեությանը:

Այնուհետև տեղեկություններ են ստացվել, որ դատարանի որոշմամբ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Կալանավորվելուց անմիջապես հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, Փաստաբանների Պալատի նախագահ Սիմոն Բաբայանն այցելել է քրեակատարողական հիմնարկ, հանդիպել Մուշեղ Շուշանյանի հետ:

Հանդիպման ընթացքում փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանության հարցերով զբաղվում է փաստաբանական խումբ և տվյալ պահին այլ օժանդակության անհրաժեշտություն չի տեսնում

Փաստաբանների պալատը կարևոր և անհրաժեշտ նախապայման է համարում փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս հաշվի առնել նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը շարունակելու է ուշադրությամբ հետևել փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ կապված վարույթին: 

Հ.Գ. Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝

Փաստաբանների պալատի խնդիրներն են`պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում:




Բեռնել

Վերադառնալ