ՀՀ Փաստաբանների Պալատ

Տարբերությունը երկու էջ է

25.10.2012 10:21

 

Դրական տեղաշարժի, սակայն, ականատես չենք լինում. սոցիոլոգիական հարցումները շարունակում են փաստել դատարանների նկատմամբ հանրության անվստահությունը, փաստաբանները բողոքի ակցիաներ ու գործադուլ են անում, իսկ անարդարությունից փախչողների թիվն էլ տարեցտարի ավելանում է:

Եթե չորս տարի առաջ դատավորներին ուղղված Ձեր խոսքն այն մասին էր, որ «Մենք պետք է անհանդուրժողական լինենք կոռուպցիոն երեւույթների նկատմամբ, պետք է անհանդուրժողական լինենք անպատասխանատվության նկատմամբ, սեփական գործունեությանը ոչ քննադատաբար մոտենալու նկատմամբ: Անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա», այսինքն՝ փոփոխությունների սլաքն ուղղված էր դեպի մարդը, դատավորները, ապա վերջին 3-4 ամիսներին նախաձեռնության ուղղությունը փոխվել է եւ խոսք է գնում զուտ օրենսդրական փոփոխությունների մասին:

Մեծարգո նախագահ, չեմ կարծում, որ դատարանների նկատմամբ մեծացող անվստահության ու դրան զուգահեռ մեծացող արտագաղթի պատճառը օրենսդրական բացերն են, անվստահության, անարդարության զգացողությունը կապված է մարդկային գործոնի հետ եւ դրա պատճառը դատավորների կողմից կայացվող անարդար դատական ակտերն են:

Դատական համակարգում իր առանձնահատուկ տեղն ունի Վճռաբեկ դատարանը, որը վեր է ածվել իրավունքից վեր կանգնած մի կառույցի, որը կարող է չկատարել ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների պահանջներն  ու  Սահմանադրական դատարանի որոշումները, այն դեպքում, երբ պարտավո՛ր է կատարել:

Բերեմ Վճռաբեկ դատարանի վերջին որոշումներից մեկի օրինակը, որը կապված չէ օրենքի բացի հետ:

Թիվ ԵԷԴ/0155/02/09 քաղաքացիական գործով դատավոր Վ. Ասլանյանը 16.02.2012թ.-ին վճռել է Հայաստան ներգաղթած միակողմանի ծնողազուրկ Խորեն եւ Գեւորգ Խաչերյաններին ու նրանց մորը վտարել իրենց հայրական տնից:

Վճռի դեմ անչափահասների անունից բերվել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է:

Վերաքննիչ դատարանի որոշման մեջ վկայակոչվել են առաջին ատյանի դատարանի վճռով հաստատված այնպիսի փաստեր ու հիմնավորումներ, որպիսիք բողոք բերողներին տրված վճռի օրինակում առկա չեն:

Պարզելու համար, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ, www.datalex.am կայքի միջոցով ծանոթացել են այդտեղ տեղադրված վճռի օրինակին (այնուհետեւ դիմել եւ դատարանից ստացել են կրկնօրինակ) եւ պարզվել է, որ այն իր բովանդակությամբ էականորեն տարբերվում է բողոք բերողներին տրված վճռի օրինակից, եւ տարբերությունը կազմում է ավելի քան երկու էջ:

Պարզելով այս ամենը՝ բերվել է վճռաբեկ բողոք եւ հիմնավորվել, որ առաջին ատյանի դատարանը նույն գործով, նույն օրը կայացրել է վճռի երկու տարբերակ, որոնցից մեկը տվել է բողոք բերողներին, իսկ մյուսը պահել գործի մեջ, բողոք բերողները բողոքարկել են իրենց մոտ առկա վճիռը, իսկ վերաքննիչ դատարանն այդ բողոքի հիման վրա ստուգել է գործում առկա նույն ամիս- ամսաթվով ու համարով մյուս վճիռի օրինականությունը եւ բողոքը մերժել է: Վճռաբեկ բողոքին կցվել են երկու վճիռներն էլ եւ ընդգծվել տարբերությունները:

Վճռաբեկ բողոքում պատճառաբանվել է նաեւ, որ նման իրավիճակում խախտվել են Սահմանադրությամբ ու ՄԻԵԿ-ով երաշխավորված անձի իրավունքները:

Վճռաբեկ դատարանը, սակայն, 9 դատավորներով 08.08.2012

թ. որոշում է կայացրել բողոքը վերադարձնելու մասին, որեւէ բառ չնշելով բողոքի վերը նշված հիմքի մասին, այսինքն՝ թաքցրել, կոծկել է, որ առաջին ատյանի դատարանը նման վճիռներ է կայացրել ու նորմալ համարել այնպիսի գործելակերպը, երբ դատարանը,  հանուն Հայաստանի Հանրապետության, վճռի մի քանի տարբերակներ է տպել՝ կողմին տալով մի տարբերակ, իսկ գործի մեջ պահելով մեկ այլ տարբերակ:

Մեծարգո նախագահ, առաջին ատյանի ու Վճռաբեկ դատարանների դատավորների նման գործելակերպը օրենքի բացի արդյունք չէ, ավելին՝ օրենքի կոպիտ խախտման արդյունք է եւ դրա հիմքում մարդկային գործոնն է ընկած, այդ դատավորները ցույց են տալիս, թե ինչ է իրենց համար արդարադատություն իրականացնելը, որ իրենք արդարադատություն են իրականացնում ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ՝ հանուն իրենց ցանկության՝ ոտնահարելով օրենքն ու իրավունքը:

Եթե իրական ցանկություն կա բարեփոխել դատական համակարգն ու հանրության վստահությունը բարձրացնել դրա հանդեպ, մարդկանց մոտ առաջացնել արդարության զգացողություն եւ դրանով մեղմել արտագաղթը, ապա առաջին հերթին անուղղելիներին է պետք փոխել:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբանների հանձնախմբի անդամ

Հ. Գ. Օրերս Ստրասբուրգում էի եւ այս հարցը քննարկման եմ դրել տարբեր մասնագետների մոտ (Եվրոպական դատարանի դատավոր եւ իրավաբաններ, փաստաբաններ, իրավաբան գիտնականներ), մարդիկ չէին պատկերացնում, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ եւ միակարծիք էին, որ առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, թեեւ չկա ԵԴ-ի նախադեպային որոշում, քանի որ նման վճիռներով գործ չէր կարող ԵԴ հասնել:

Աղբյուրը՝ www.aravot.am 



Բեռնել

Վերադառնալ