ՀՀ Փաստաբանների Պալատ

Պաշտոնյաները կփոխհատուցե՞ն

30.10.2012 07:29

ՀՀ կառավարությունում քննարկվում են ուղիներ, որոնցով կարելի է ՀՀ-ի դեմ Եվրադատարանի վճիռներով պետբյուջեից վճարված գումարները հետագայում բռնագանձել այն պաշտոնյաներից, ում մեղքով կայացվել են այդ վճիռները: Այս մասին մեր թղթակցին երեկ ասել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը: «Հայաստանը կարող է հետադարձ պահանջներ ներկայացնել այն պաշտոնատար անձանց, որոնց մեղքով Հայաստանը դատապարտվել է: Այդ մեխանիզմները կան մեր օրենսդրությունում, անհրաժեշտ է գտնել հիմքերը, որպեսզի միջազգային ստանդարտները եւ մեր օրենսդրությունը համապատասխանեցվեն: Սա քննարկման փուլում է, եւ լուծումների մասին խոսելը դեռեւս վաղ է»,- ասել է արդարադատության փոխնախարարը եւ հավելել, որ պաշտոնյաների ցանկում, որոնցից կարող են փոխհատուցում պահանջել, դատավորները չեն մտնում: «Դատավորներն ունեն անկախություն: Անգամ եթե իրենք կայացրել են սխալ վճիռներ, բայց թույլ չեն տվել օրենքի դիտավորյալ կոպիտ խախտում, դա ավելի շատ կոմպետենցիայի խնդիր է: Դատավորի անկախությունը հաշվի առնելով` հետադարձ պահանջի մասին խոսք լինել չի կարող: Իսկ դատավորի կողմից օրենքի դիտավորյալ կոպիտ խախտումն արդեն հանցագործություն է, եւ դա բոլորովին այլ ընթացակարգ է»,- ասել է փոխնախարարը: Մնում են փաստորեն նրանք, ում դեմ ՀՀ դատարաններում դատական հայցեր են ներկայացվել, եւ այդ գործերով ԵԴ-ում վճիռներ են կայացվել:

Աղբյուրը՝ http://www.armtimes.com/



Բեռնել

Վերադառնալ