ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանի արձագանքը սպասեցնել չտվեց` «Դատարանի շնորհիվ ազատության մեջ է հայտնվել սպանության համար հետախուզվողը» հոդվածի կապակցությամբ

17.02.2013 14:08

Facebook սոցիալական ցանցում պատահական հանդիպեցի ճչացող վերնագրով մի նյութի, որը վերնագրված էր հետևյալ կերպ. «Դատարանի շնորհիվ ազատության մեջ է հայտնվել սպանության համար հետախուզվողը»:
Քանի որ թե առաջին ատյանի դատարանում, թե վերաքննիչ դատարանում ես եմ իրականացրել Մկրտիչ Սարգսյանի պաշտպանությունը ու ծանոթ եմ գործի տվյալներին, չէի կարող անտարբեր գտնվել նշված նյութի հանդեպ և հասարակությանը մոլորեցնող ու զրպարտչական այս նյութի վերաբերյալ համապատասխան գրառում չկատարել:

Նախ պետք է նշեմ, որ սա այն մթնոլորտի արդյունքն է, որ այսօր տիրում է դատաիրավական համակարգում:
Այն որ դատարանների նկատմամբ տարաբնույթ ճնշումները հանգեցնում են բազմաթիվ մարդկանց անհիմն կալանավորումներին ու դատապարտումներին, դա հասարակության համար գաղտնիք չէ և մերօյա իրականությունն է:

Իսկ դատարանների կողմից հազվադեպ հանդիպող օբյեկտիվ և օրինական դատական ակտերը, որոնք վերջին շրջանում աճի միտում ունեն, ընդունվում են սվիններով ու դեռ ծնունդ չառած մահանում են, որպիսի հանգամանքն էլ անուղղակի սպառնալիք է դառնում դատական համակարգի ստորին օղակներին' օբյեկտիվ և օրինական դատական ակտեր կայացնելու առումով:

Նշված գործի հետ կապված զարմանալի էր, որ կարող է հրապարակվել մամուլում, քանի որ այս միջնորդության և վերաքննիչ բողոքի քննարկումը երկու դատարաններում տեղի է ունցել դռնփակ դատական նիստով, չեն մասնակցել լրագրողներ և բացի դատավարության կողմերից որևէ անձի չեր կարող հայտնի դառնալ այս գործի մանրամասները:

Ընթերցելով նյութը, ինձ համար ակնհայտ էր նյութի աղբյուրը, քանի որ բառացիորեն նույն կետադրությամբ ու շեշտադրությամբ կրկնում էր վերաքննիչ բողոքը:

Պետք է փաստենք, որ սա հերթական ճնշումն է դատական համակագի նկատմամբ, ընդորում անթույլատրելի ենթատեքստերով:
Իհարկե այստեղ առկա է նույն դատկան համակարգի մեծագույն մեղքը, քանի որ վերադաս ատյանները հիմնականում պատրաստ լինելով բավարարելու դատախազության բողոքները, դրանով կաշկանդում է նույն դատական համակարգի ստորին օղակների կողմից օբյեկտիվ և օրինական դատական ակտերի կայացումը: Եվ մի արասցե, եթե այդ ակտը կլինի մեղադրյալի կամ ամբատնյալի օգտին, կամ որից դժգոհ կմնա մեղադրանքի կողմը և բողոք կբերի, ուրեմն դրա կենսունակությունը դատապարտված է' անկախ դատական ակտի հիմնավորվածությունից:

Այս գործի հետ կապված պետք է նշեմ, որ ավելի անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, քան վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումն է, դժվար թե հանդիպի դատական պրակտիկայում:

Այն, որ վերաքննիչ բողոքը բացարձակ անհիմն էր, դրանում որևէ կասկած չկար, որին կանդրադառնամ ավելի ուշ:
Իսկ այն, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը կարող էր իր բացասական որակով գերազանցել ներկայացված վերաքննիչ բողոքին, դա ինձ համար անընդունելի էր ու անսպասելի:

Թեև ես չէի ցանկանա հրապարակային անդրադառնալ միջնորդությանը, վերաքննիչ բողոքին և Վերաքննիչ դատարանի որոշմանը, սակայն նկատի ունենալով, որ արդեն իսկ հրապարակված նյութով հանրությանը այլ լույսի ներքո ներկայացվել են թե բողոքը, թե վերաքննիչ դատարանի որոշումը, ուստի ես ստիպված եմ անդրադառնալ դրանց և իմ դիրքորոշումը հայտնել այդ կապակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի կողմից 29.01.2013թ. միջնորդություն է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան'Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու խնդրանքով: Միջնորդությունը պատճառաբանվել է նրանով, որ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 56-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապեությունը պարտավորվում է հանձնել Կոնվենցիայի դրույնթրի և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից' դատավճիռն ի կատար ածման կամ կալանավորման նպատակով, նույն կոնվենցիայի 60 և 61-րդ հոդվածների համաձայն պահանջն ստանալու պես հարցվող պայմանավորվող կողմը անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանքի վերցնելու ուղղությամբ, ում հանձնումը պահանջվում է և անձը կարող է կալանքի վերցվել նախքան միջնորդություն ստանալը»:

Ընդ որում, առաջին ատյանի դատարանում միջնորդություն ներկայացնող անձը հայտնեց, որ պարզվել է, որ Մկրտիչ Սարգսյանը ՀՀ քաղաքացի լինելու հիմքով չի կարող հանձնվել Ռուսաստանի Դաշնությանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2013թ. որոշմամբ մինջորդությունը հիմնավոր կերպով մերժվել էր:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել դատախազի կողմից, որով խնդրվել է ստուգել առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, բեկանել այդ որոշումը և Մ. Սարգսյանի նկատմամբ կիրառել ժամանակավոր կալանավորում 40 օր ժամկետով, նկատի ունենալով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2, 478.3 հոդվածները, դրանով անտեսել է ներպետական և միջազգային-իրավական օրենսդրության դրույթները:

Բողոքի վերաբերյալ իմ կողմից ներկայացվել է գրավոր պատասխան:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.02.2013թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է ու որոշվել է Մկրտիչ Համլետի Սարգսյանի նկատմամբ կիրառվել ժամանակավոր կալանավորում 40 օր ժամկետով:

Վերաքննիչ դատարանը վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենգսգրքի 478.2 հոդվածի 1-ին մասի, 478.3 հոդվածի 8-րդ մասի և 479-րդ հոդվածի 9-րդ մասի դիսպոզիցիաները, իր որոշումը բառացիորեն պատճառաբանել է հետևյալ կերպ.

«Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունան իրավապահ մարմիններին գործող օրենսդրության շրջանակներում պետք է ընձեռնել հնարավորություն լուծելու նաև մեղադրյալ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու հարցը, ինչպես նաև այն, որ ներկայացված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Մկրտիչ Սարգսյանը ունի առնչություն իրեն վրագրվող հանցավոր արարքի հետ և մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, դրանով իսկ խոչընդոտել գործի քննությանը վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում մեղադրյալ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ պետք է կիրառել ժամանակավոր կալանավորում»:

Մինչդեռ պետք է արձանագրենք, որ ոչ առաջին ատյանի դատարանում, ոչ էլ վերաքննիչ դատարանում միջնորդություն ներկայացրած անձի կողմից դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որ Ռուսաստանի Դաշնության կողմից որևէ պահանջ կամ միջնորդություն է ներկայացվել Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ Հայաստանի հանրապետությունում քրեական հետապնդում իրականացնելու առումով:

Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 9-րդ կետը, որը չէր կարող ոչ մի կերպ վերաքննիչ բողոքը բավարարելու հիմք հանդիսանալ: Համաձայն նշված հոդվածի «Եթե մերժվում է անձի, այդ թվում' Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնում է օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից և ընդունում է իր վարույթ այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը' սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում»:

Մինչդեռ վերաքննիչ դատարանը չի հետազոտել որևէ ապացույց, ըստ որի ՌԴ-ի կողմից վերագրվող արարքի առնչությամբ առկա է Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում հարուցելու հիմք:

Այդիպիսի հիմք կարող է հանդիսանալ բացառապես Ռուսաստանի Դաշնության պահանջը, որպիսինը վերաքննիչ դատարանում դատական ստուգման ժամանակ առկա չի եղել և դատարաններին այդպիսի ապացույց չի ներկայավել:

Իսկ ինչ վերաբերվում է վերաքննիչ դատարանի կողմից կալանավորում կիրառելու հիմքերին, ապա նշեմ, որ վերաքննիչ դատարանը ղեկավարվել է ոչ թե միջնորդությամբ ներկայացված կալանավորման ինստիտուտով, այլ կալանավորման ընդհանուր կարգով և բերել է պատճառաբանություններ, որոնք ոչ միայն անհիմն են, այլև սույն գործով ոչ վերաբերելի: Մասնավորապես այն, որ «ներկայացված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Մկրտիչ Սարգսյանը ունի առնչություն իրեն վրագրվող հանցավոր արարքի հետ և մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

Ինչպես գիտենք քրեադատավարական իմաստով առկա է կալանավորման երկու ինստիտուտներ'
Առաջինը՝ ընդհանուր հիմքունքներով, անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում, իսկ երկորդը' անձին օտարերկրյա պետությանը հանձնելու նպատակով կալանավորում:

Այն որ վերաքննիչ դատարանն ուղղակիորեն խառնաշփոթ է ստեղծել այս երկու ինստիտուտների միջև, նպատակ ունենալով, ամեն գնով բավարարելու վերաքննիչ բողոքը, դա ակնհայտ է:

Փաստենք, որ Վերաքննիչ դատարանին ներկայացված չի եղել որևէ նյութ, որը հնարավորություն կտար հանգելու հետևության, որ Մկրտիչ Սարգսյանը ունի առնչություն իրեն վերագրվող հանցավոր արարքի հետ և մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, դրանով իսկ խոչընդոտել գործի քննությանը:

Հավելենք, որ Մ. Սարգսյանը տեղեկանալով իր նկատմամբ ՌԴ-ի կողմից հայտարարված հետախուզման մասին, հանդիսանալով ՀՀ ոստիկանության սպա, ոստիկանության պատիվը բարձր պահելու և անհարկի շահարկումներից զերծ պահելու ակնկալիքով 26.01.2013թ. իր կամքով դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին և ինքնակամ ներկայացել է ոստիկանության համապատասխան մարմնին, որպեսզի պարզի իրողությունը, քանի որ վստահ է իր անմեղության մեջ:

Բացի այդ, կալանավորման այն տեսակը, որի համար միջնորդել է դատախազը, որևէ առնչություն չունի վերաքննիչ դատարանի պատճառաբանության հետ:

Վերաքննիչ բողոքում վկայակոչված քրեադատավարական նորմերը /ՀՀ քր. դատ օր. 478.2, 478.3 հոդվածները/ որևէ կերպ չեն կարող իրավական հիմք հանդիսանալ վերաքննիչ դատարանի որոշման համար, քանի որ հիշատակված նորմերի համակողմանի վերլուծությունը հանգեցնում է նրան, որ առանց օտարերկրյա պետության պահանջի Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ չէր կարող հարուցվել, իսկ եթե քրեական գործ հարուցելու պահանջ չկա, ապա քրեական գործով վարույթի փոխանցման մասին խոսք լինել չէր կարող, հետևաբար ՀՀ-ում քրեական հետապնդում իրականացնելու պատճառաբանությամբ ՀՀ քաղաքացու կալանավորելը նույնպես չէր կարող:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիային կից արձանագրության 13-րդ կետով Կոնվենցիայի 60-րդ հոդվածը փոփոխվել և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Հանձնման մասին պահանջը ստանալուն պես, հարցվող պայմանավորվող կողմն անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձի հետախուզման և կալանքի վերցնելու ուղղությամբ, որի հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել»:

Նույն Կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն «Հանձնումը չի կատարվում, եթե անձը, որի հանձնումը պահաջնվում է, հարցվող պայմանավորվող կողմի քաղաքացի է»:
ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի 3-րդ պարբերության համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:
Անհերքելի փաստ է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև չկա կնքված այնպիսի միջազգային պայմանագրի, որի հիմքով հնարավոր լինի սեփական քաղաքացիներին հանձնել մյուս երկրին:

Հետևաբար, եթե անձի հանձնումը չի կարող կատարվել, ուրեմն Կոնվենցիայի 60-րդ հոդվածի իմաստով մինչև համապատասխան հիմքերի առկայությամբ Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում չսկսվի, ապա անձը չի կարող որևէ ժամկետով էքստադիցիոն կալանքի ենթարկվել:

Ինչ վերաբերվում է վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Հայաստանի Հանրապետությունան իրավապահ մարմիններին գործող օրենսդրության շրջանակներում պետք է ընձեռնել հնարավորություն լուծելու նաև մեղադրյալ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու հարցը»: Ապա սրանով վերաքննիչ դատարանը խախտել է մի շարք քրեադատավարական և միջազգային-իրավական նորմերի պահանջներ, որն այնքան պարզունակ է, որ չեմ ցանկանում անդրադառնալ:

Վերստին կարևորենք այն, որ Հայաստանի Հանրապեությունում Մկտիչ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կարող է սկսվել բացառապես Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմնի գրավոր միջնորդությամբ կամ խնդրանքով:
Մինչդեռ, անհերքելի փաստ է, որ ոչ միայն առաջին ատյանի դատարանում, այև վերաքննիչ դատարանում դատական ստուգումն իրականացնելիս առկա չի եղել օտարերկրյա պետության կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելու պահանջ:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է մյուս կողմի հանձնարարությամբ, իր օրենսդրությանը համապատասխան, քրեական հետապնդում իրականացնել սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում են հարցնող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություն կատարելու մեջ»։

Համանման նորմ է նախատեսված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 498-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի «Հայաստանի Հանրապետության դատախազը, դատարանը սույն գլխով սահմանված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքով, սույն օրենսգրքին համապատասխան, քրեական հետապնդում է իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող այն անձանց նկատմամբ, որոնց հանձնումը մերժվել է, և որոնք կասկածվում են խնդրանքը ներկայացրած օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարելու մեջ»:

Այսինքն, նշված իրավանորմերի պարզ վերլուծությունը հանգեցնում է նրան, որ առանց օտարերկրյա պետության հանձնարարության կամ խնդրանքի, անկախ արարքի ծանրության աստիճանից, Հայաստանի Հանրապետությունում որևէ մարմին իրավասու չէ օտարերկրյա պետության կողմից վերագրվող արարքով քրեական հետապնդում սկսելու: Այսինքն վերաքննիչ դատարանի կողմից կալանավորման որոշում կայացնելով որևէ հնարավորություն չի ստեղծվում ՀՀ իրավապահ մարմինների համար անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու առումով:

Այս պարագայում հիմնավորված հարց է առաջանում, եթե անձը կալանավորվի, ապա օտարերկրյա պետությունը հրաժարվի քրեական հետապնդում իրականացնելու միջնորդություն ներկայացնել, կամ էլ թեկուզև միջնորդի և հետագայում հրաժարվի իր կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ-ին փոխանցել, ապա տվյալ պարագայում ով է պատասխանատու ՀՀ քաղաքացու անհիմն կալանավորման համար:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան և ժողովրդավար պետություն պոզիտիվ պարտավորություն է կրում իր քաղաքացիների նկատմամբ, քանի որ ՀՀ Սահմանադրության 11.3 հոդվածի համաձայն «ՀՀ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո»:
Այսինքն, չբացառելով այն հանգամանքը, որ ինչ որ նկատառումներով ՌԴ-ի կողմից շինծու մեղադրանքով ՀՀ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ապա ՀՀ իրավապահ մարմինները չունենալով հարուցված քրեական վարույթ, չտիրապետելով որևէ օբյեկտիվ տեղեկատվության ու ապացույցի, խախտելով թե միջազգային-իրավական, թե ներպետական օրենսդրության պահանջները, անձին ցանկանում են զրկել ազատությունից:

Եթե վերաքննիչ դատարանի որոշումը մնա անփոփոխ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում կձևավորվի հակապետական դատական պրակտիկա, որի շնորհիվ օտարերկրյա պետությունները իրենց համար անցանկալի ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ կարող են հայտարարել ինչ որ արարքով հետախուզվող, բնականաբար նրանց հանձնումը չի կատարվի, սակայն Հայաստանի Հանրապետությունում նրանք կկալանավորվեն անորոշ ժամկետներով, առանց ստուգվելու դրա հիմքերն ու օրինականությունը:

Գտնում եմ, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է օրինական և պատճառաբանված դատական ակտ, որը բխում է ոչ միայն ներպետական օրսնդրության պահանջներից այլև լիովին համապատասխանում է Հայստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային-իրավական նորմերերին:

Փաստաբան
Գեղամ Հակոբյան

Հ.Գ. Իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ կներկայացվի վճռաբեկ բողոք:



Բեռնել

Վերադառնալ