ՀՀ Փաստաբանների Պալատ

Հայաստանը պարտավոր է ամրագրել բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը

20.03.2013 10:37

Վերջին տասը տարվա կտրվածքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միայն մի քանի վճիռներ են համակարգային առումով լուրջ ազդեցություն ունեցել Հայաստանի վրա, մնացած դեպքերում մինչ վճռի կայացումը Հայաստանում համակարգային խնդիրը լուծված է լինում: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:


Համակարգային առումով անցյալ տարի բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտին առնչվող երկու կարևոր որոշումներ են ընդունվել: Մանկահասակ երեխայի բռնաբարության ու սպանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված և 5,5 տարի ազատազրկում կրելուց հետո արդարացված Արմեն Պողոսյանն ու իր մայրը Հայաստանում ստացել էին 6 մլն դրամի փոխհատուցում՝ նյութական վնասի դիմաց, իսկ բարոյական վնասի հատուցման պահանջը մերժվել էր, քանի որ Հայաստանում չկա բարոյական վնասի հատուցման ինստիտուտ, այդ հիմքով էլ երիտասարդը դիմել էր Եվրադատարան:


ՄԻԵԴ-ը, Արա Ղազարյանի գնահատմամբ, մի շատ կարևոր եզրահանգում կատարեց այս գործով, որը դարձավ նախադեպային՝ արդեն իսկ այն փաստը, որ ազգային օրենսդրությունը չի սահմանում բարոյական վնասի նյութական փոխհատուցման հնարավորություն, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 7 –րդ արձանագրության 3-րդ հոդվածը՝ փոխհատուցում սխալ դատապարտման դեպքում, և 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ պետք է տրամադրել փոխհատուցում, եթե ազատությունից զրկելը կատարվել է օրենքի խախտումով կամ անիրավաչափ է եղել: «Դա նշանակում, է, որ այդ դատական ակտից հետո մեր պետությունը պարտականություն ունի, որպեսզի մտածի, թե ինչպես վերականգնի Ա.Պողոսյանի խախտված իրավունքները՝ ՄԻԵԴ-ը սահմանեց, որ նրան պետք է վճարել 30 հազար եվրոյի չափով փոխհատուցում և պետք է մտածել՝ ինչպես անել, որ նման խախտումներ այլևս չկրկնվեն»,- ասաց Ա.Ղազարյանը: Նա պարզաբանեց, որ Հայաստանն արդեն պարտավոր է քաղաքացիական օրենսդրության մեջ ամրագրել դրույթն, ըստ որի անձն իրավունք ունի բարոյական վնասի դիմաց պահանջել նաև նյութական փոխհատուցում:


«Խաչատրյանն ու այլոք» ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ որոշումը վերաբերվում էր մի խումբ եհովականների՝ նրանք հրաժարվել էին այլընտրանքային զինվորական ծառայությունից, ենթարկվել քրեական հետապնդման, ապա արդարացվել: Քաղհայցի ուժով դիմել էին խափանման միջոց կալանքի դիմաց բարոյական վնասի փոխհատուցում ստանալու պահանջով, ինչը ներպետական դատական ատյանների միջոցով չէին կարողացել ստանալ: ՄԻԵԴ-ն այս գործով արձանագրել էր, որ արդեն այն հանգամանքը, որ պետությունը քաղաքացիներին իրավունք չի տալիս բարոյական վնասի փոխհատուցման ստանալ, դա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում է: Այսպիսով, և՛ մինչդատական, և՛ դատապարտվելուց հետո անօրինական կերպով կալանքի տակ գտնվելու դեպքում քաղաքացին իրավունք ու հնարավորություն ունի ստանալ փոխհատուցում ոչ նյութական վնասի փոխհատուցում: «Մեր պետությունը այլ ելք չունի, քան այդ իրավունքը սահմանել օրենսդրությամբ, որովհետև եթե պետությունը դա չանի, դա կանեն փաստաբանները»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով՝ ՄԻԵԴ-ն էլ եթե տեսնի, որ Հայաստանը չի ուզում այդ իրավունքը սահմանել՝ փոխհատուցման չափերը կավելացնի: «Երբ որևէ երկիր չի կատարում ՄԻԵԴ որոշումը, և խախտումը սկսում է դառնալ համակարգային, կրկնվող խախտում, ՄԻԵԴ-ը պետության գումարային պահանջի չափը գնալով մեծացնում է՝ ճնշման եղանակ է, որ ի վերջո պետությունը այդ որոշումը կատարի և նման խախտումները վերացվեն»:


Այդպես եղավ, օրինակ, Ուկրաինայի դեպքում՝ երկիրը հրաժարվում էր կատարել ՄԻԵԴ վճիռները, մասնավորապես, կալանավայրում արգելված անմարդկային վերաբերմունքի՝ ծեծ, խոշտանգում, վերաբերյալ, ՄԻԵԴ-ը դեկտեմբերին կայացրեց «Կարապետ ու այլոք ընդդեմ Ուկրաինայի» գործով որոշում, որով սահմանեց 430 հազար եվրո փոխհատուցում որպես բարոյական և նյութական փոխհատուցում տասնյակից ավելի դիմողների համար: Նախկինում Ուկրաինայի դեմ ավելի ցածր չափերի փոխհատուցման որոշումներ էին կայացվում:

Հեղինակ:

«Փաստինֆո»

Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/node/10450



Բեռնել

Վերադառնալ