ՀՀ Փաստաբանների Պալատ

Աշխատաժողով փաստաբանների և լրագրողների համար

25.03.2026 16:49

Աշխատաժողով փաստաբանների և լրագրողների համար
 2026 թվականի մարտի 21-ին մեկնարկել է փաստաբանների և լրագրողների երկօրյա աշխատաժողովը «Փաստաբանների և լրագրողների համագործակցությունը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» խորագրով, որը նպատակ ունի ամրապնդել երկու կարևոր մասնագիտական համայնքների փոխգործակցությունը և նպաստել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացմանը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և Հայաստանի զանգվածային լրատվական միջոցների ասոցիացիայի նախագահ Լևոն Սուլթանյանը:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են մի շարք արդիական և գործնական նշանակություն ունեցող թեմաներ, այդ թվում՝ փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները և դրանց լուսաբանման առանձնահատկությունները, ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության խոչընդոտները և իրավաբանական օգնության առանձնահատկությունները, Փաստաբանների և լրագրողների համագործակցությունը որպես մասնագիտական իրավունքների պաշտպանության միջոց, Հայաստանում անվճար իրավաբանական օգնության խնդիրները և այլն:
 
Աշխատաժողովի շրջանակում կարևոր իրադարձություն դարձավ նաև ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի զանգվածային լրատվական միջոցների ասոցիացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, որի նպատակն է ձևավորել ինստիտուցիոնալ գործընկերություն՝ հիմնված փոխադարձ վստահության և մասնագիտական սկզբունքների հիման վրա` համատեղ ուժերով մասնագիտական գործունեությանը խոչընդոտող խնդիրներին արձագանքելու նպատակով։
 
Քննարկումները ուղեկցվում են առկա խնդիրների և մարտահրավերների վերլուծությամբ և համատեղ լուծումների առաջարկներով:
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
 


Բեռնել

Վերադառնալ