ՀՀ Փաստաբանների Պալատ

Պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենսդրական ոլորտի ուսումնասիրություն և առաջարկություն

17.04.2013 11:07

Ուսումնասիրելով անձին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ոլորտի ՀՀ օրենսդրությունը' հանգեցի այն եզրակացության, որ խախտվում են դատապարտյալների ՀՀ սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14.1-րդ հոդվածով, 18-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 1-ին մասով, 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ համակցված 43-րդ և 44-րդ հոդվածների հետ, երաշխավորված իրավունքներն ու ազատությունները, ըստ որի ՀՀ օրենսդրությամբ դատապարտյալները զրկված են անմիջականորեն դատարան դիմելու հնարավորությունից, բացի այդ նշյալ ոլորտի օրենսդրական ակտերում առկա են բացեր և օրենքով կարգավորման ու հստակեցման ենթակա հարցեր: Այսպիսով՝


ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝
1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձն կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝ 2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հիվանդության կամ հաշմանդամության պատճառով պատիժը կրելուց ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերի՝
1. Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում' դատապարտյալի մասնակցությամբ:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը:
4. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը, որը դատարանին է ներկայացնում ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը:
5. Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետև' դատարանը հեռանում է խորհրդակցության' որոշում կայացնելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում' դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը:

Ինչպես տեսնում ենք, վերը թվարկված օրենքներով սույն հարցերը ենթակա են միայն դատարանի քննությանը, և դատարանին է վերապահված վերջնական որոշում կայացնելու իրավունքը, այլ ոչ թե համապատասխան հանձնաժողովին:

ՀՀ Կառավարության 24.08.2006 թ. «Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկման կարգը հաստատելու մասին» թիվ 1304-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն'
«10. Վարչական հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը'
ա) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ,
բ) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր չներկայացնելու վերաբերյալ,
գ) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ հարցի քննարկումը հետաձգելու վերաբերյալ:

Նույն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 2-րդ պարբերության՝ վարչական հանձնաժողովի' սույն կարգի 10-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված որոշումները պետք է լինեն պատճառաբանված, տեղեկանքում պետք է նշվեն այն բողոքարկելու կարգն ու պայմանները, որոնց պետք է ծանոթանա դատապարտյալը:

ՀՀ կառավարության 24.08.2006թ. հ. 1304-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն անկախ հանձնաժողովի' հավանություն չտալու մասին որոշումն ստանալու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին տեղեկանք' համաձայն N 2 ձևի, որն ստորագրությամբ դատապարտյալին եռօրյա ժամկետում ծանոթացնելուց հետո կցվում է նրա անձնական գործին: Սակայն N 2 ձևում, բացակայում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշման բողոքարկելու կարգն ու պայմանները, ինչի արդյունքում դե յուրե և դե ֆակտո դատապարտյալը չի տեղեկացվում բողոքարկման իրավունքի իրացման մասին:

Անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ՀՀ կառավարության 24.08.2006թ. հ. 1304-Ն որոշմամբ հաստատված տեղեկանք հ. 2 ձևում լրացում կատարվի և նշվի դատապարտյալի բողոքարկման իրավունքի, կարգի ու պայմանների մասին, ինչը ներկայումս բացակայում է:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:
2. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներին համապատասխան:
Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 1151-րդ հոդվածին համապատասխան:
3. Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան գերատեսչությունների և հասարակության այլ ներկայացուցիչներ:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման, բացառությամբ օրենքին հակասելու, ինչպես նաև ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ ընդունվելու դեպքերի:
Ըստ իս, ՀՀ քրեակատարողական օրենսգրքով տարբեր լիազոր կառույցներ են ստեղծված և նրանց լիազորություններն ու հայեցողության շրջանականերն այլ են, դրա հետ մեկտեղ էլ նրանց կողմից ընդունված որոշումները պատճառաբանված չեն և բողոքարկման ենթակա չեն դատական կարգով, որով խախտվում են մարդու և քաղաքացու ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 1-ին մասով, 20-րդ հոդվածի 4-րդ մասով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ և 13-րդ հոդվածներով երաշխավորված նրանց պաշտպանված, լսված լինելու և բողոքարկելու իրավունքները:

Օրինակ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժի ժամկետի' օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում կարգապահական գումարտակի հրամանատարը մեկամսյա ժամկետում պարտադիր միջնորդագիր է ներկայացնում դատարան' կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Սակայն մյուս դեպքերում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը պարտադիր միջնորդագիր չի ներկայացնում դատարան, այլ տրված է հայեցողական լիազորություն՝ բյուրոկրատական մեխանիզմի միջոցով:

Ինչպես ամրագրված է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածով՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։ Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է' ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը: 2. Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու' ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի համաձայն անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը: Նույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
ՀՀ սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում՝
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, ...
3) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը և լիազորությունները. (....)

Իմ կարծիքով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասը, 115-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ Կառավարության 24.08.2006 թ. «Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկման կարգը հաստատելու մասին» թիվ 1304-Ն որոշմամբ հաստատված ձևի տեղեկանքները, չեն բխում ՀՀ սահմանադրության և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջներից: ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովների ձևավորման կարգին ու գործառույթներին վերաբերող օրենսդրական ակտերը պետք է հստակցնել և համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ արգելելով նրանց դատարանի գործառույթներ իրականացնել և վերջնական որոշումներ կայացնել:

Սույն պարագայում դատապարտյալները ոչ միայն զրկված են անմիջականորեն դատարան դիմելու հնարավորությունից, այլև ստեղծված է երկակի միջնորդավորված կարգ (ատյան), ինչն էլ նրանց համար սահմանափակում է արդարադատության մատչելիությունը, լիարժեք ապահովված չեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 24.09.2003թ. ընդունված թիվ (2003) 22 պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հանձնարարականի պահանջները:

Հարկ եմ համարում անդրադառնալ նաև ՀՀ նախագահի 31.07.2006թ. հ. ՆՀ-163-Ն հրամանագրին:

Հարց է առաջանում, ինչու± ենք ընտրել դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի ձևավորման համար բյուրոկրատական ձևը (մոդելը), միևնույն ժամանակ՝ անկախ հանձնաժողով ձևավորելու իրավունք տվել ՀՀ նախագահին, այն էլ այն դեպքում, երբ նման լիազորություն ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածով ՀՀ նախագահին տրված չէ:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը դա ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով խորհրդակցական մարմին չէ և չի կարող համարվել, քանզի այս հանձնաժողովի կողմից ընդունվող միջնորդագրերը կամ մերժումները դե յուրե չեն ներկայացվում ՀՀ նախագահի համաձայնությանն ու հաստատմանը:

ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետով ՀՀ նախագահին տրված է ներում շնորհելու իրավունք, որի գործընթացն էլ կարգավորվում է ՀՀ նախագահի 19.11.2003թ. ՆՀ-183-Ն հրամանագրով և գործում է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն:

Ավելին, ՀՀ նախագահի 31.07.2006թ. հ. ՆՀ-163-Ն հրամանագրի՝ հանաձնաժողովն իր որոշումը կայացնում է կողմ կամ դեմ քվեարկությամբ և չի պատաճառաբանում այն (տես 3-րդ գլուխն ամբողջությամբ և 11 կետ): Իսկ 21-րդ կետի՝ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են սույն կարգի խախտմամբ:
Կարծում եմ, որ իրավական և ժողովրդավարություն կերտող պետությունում, թեկուզ դա մարդասիրական դրսևորման ձև լինի, անընդունելի է կամայական և չպատճառաբանված որոշումներ կայացնելը, առավել ևս զրկել մարդուն բողոքարկման իրավունքից:
ՀՀ սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք ունի: Սակայն ՀՀ նախագահի 31.07.2006թ. հ. ՆՀ-163-Ն հրամանագրով, փաստորեն դա էլ չի ապահովվում, խախտվում է հայցող դատապարտյալի պատշաճ պատասխան ստանալու սահմանադրական իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանի 05.02.2008թ. հ. ՍԴՈ-733 որոշման սույն անկախ հանձնաժողովի ստեղծման նպատակը ուղղված է կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը, սակայն, կարծում եմ, որ անկախ հանձնաժողովի որոշումը բողոքարկման ենթակա և պատճառաբանված չլինելով, երբեք չի կարող նվազեցնել կոռուպցիոն ռիսկը, ընդհակառակը՝ այդ ռիսկը այստեղ ավելի մեծ է:
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 05.02.2008թ. հ. ՍԴՈ-733 որոշման, վաղաժամկետ ազատ արձակումը պետության մարդասիրական դրսևորում է և այդ առումով ՀՀ սահմանադրական դատարանը փաստում է, որ պարտադիր չէ դրա բողոքարկման մեխանիզմի սահմանումը:

Սակայն, ըստ իս, այստեղ մենք խնդիր ունենք պետության կողմից մարդասիրական դրսևորման փիլիսոփայության մեկնաբնման և ընկալման հետ, քանի որ պետության կողմից կատարվող որևէ քայլ չի կարող կամայական լինել և չի կարող ցուցաբերվել խտրական մոտեցում: Հետևաբար պետության կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ, նույնիսկ մարդասիրական և հայեցողական, պետք է բխի մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, լինի իրավաչափ, առանց կամայականության, խտրական մոտեցման և իրավունքի անհարկի սահմանափակման:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի վերը նշված հրամանագրով հաստատված անկախ հանձնաժողովի կազմին, ապա պետք է նկատենք, որ այդ հանձնաժողովում ընդգրկված են միայն պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներ, ԵՊՀ ամբիոնի դասախոս կամ վարիչ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամներ, այն էլ համաձայնությամբ: Ովքեր, այդքան էլ անկախ և օբյեկտիվ չեն կարող լինել՝ իրենց զբաղեցրած պաշտոնի բնույթից ելնելով: Ինչ վերաբերում է ՀՀ հանրային խորհրդին, ապա այն ՀՀ նախագահին առընթեր կառույց է և չի կարող անկախ լինել, ինչպես այս հանձնաժողովը, որը ձևավորվում է ՀՀ նախագահի հրամանագրով:

Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և նրա ներկայացուցիչը չպետք է ընդգրկված լինեն նման հանձնաժողովներում, քանի որ ՀՀ սահմանդրության 83.1-րդ հոդվածի համաձան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք համագործակցում են մարդու իրավունքների պաշտպանի հետ։

Իմ կարծիքով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ պետք է համագործակցել՝ ոլորտի վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանալու նպատակով, ինչպես դա կատարվում է օրենքների նախագծերի քննարկման և ընդունման ժամանակ:
Բացի այդ, ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Այս պարագայում, գոնե դատապարտյալը հնարավորություն պետք է ունենա դիմելու անկախ մարմնի՝ սույն դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, վիճարկելու այդ հանձնաժողովի որոշումը (ները), իսկ եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված լինի այս և նման այլ հանձնաժողովներում, ապա նա կաշկանդված է լինելու այս խմբի քաղաքացիների վերաբերյալ անաչառ և օբյեկտիվ որոշում կայացնելու հարցում, այդ դեպքում նա պետք է ներկայացնի տվյալ հանձնաժողովի դիրքորոշումը:

Անկախ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն բարձր որակավորում ունեցող հոգեբաններ, սոցիոլոգներ, իրավաբաններ և մասնագիտացված իրավապաշտպան հասարակական կառույցների (ՀԿ-ներ, ՀՀ փաստաբանների պալատ), ինչպես նաև տվյալ դատապարտյալի բնակելի վայրի համայնքի (ՏԻՄ) ներկայացուցիչներ, ովքեր կարող են գնահատական տալ արդյո±ք դատապարտյալը կարող է անցում կատարել բանտային կյանքից դեպի համայնքի օրինապահ կյանք, միաժամանակ ապահովելով հանրության անվտանգությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 05.02.2008թ. հ. ՍԴՈ-733 որոշմամբ հայտնել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը.
<դ) պայմանական վաղաժամկետ ազատելուց հետո աշխատանքի հնարավորությունների բացակայությունը կամ մշտական ապրելավայր ունենալու բացակայության հանգամանքը չպետք է հիմք հանդիսանան այն մերժելու կամ հետաձգելու համար,
ե) պայմանական վաղաժամկետ ազատելու չափանիշները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի ազատման թույլտվություն տրվի բոլոր այն բանտարկյալներին, որոնք համապատասխանում են օրինապահ քաղաքացիներ դառնալու նվազագույն երաշխիքներին: Միաժամանակ, իշխանությունները պարտավոր են ցույց տալ, որ բանտարկյալը չի համապատասխանում այդ չափանիշներին,
զ) եթե որոշում կայացնող մարմինը որոշում է մերժել պայմանական վաղաժամկետ ազատելը, այն պետք է սահմանի հարցը վերանայելու օր: Բոլոր դեպքերում, բանտարկյալները պետք է հնարավորություն ունենան կրկին դիմել որոշում կայացնող մարմնին' այն պահից, երբ իրենց իրավիճակն էականորեն փոխվել է հօգուտ իրենց:

ՀՀ գործող օրենսդրության համեմատական վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, պարզորոշ ու հստակ սահմանված չեն պայմանական վաղաժամկետ ազատելու համար պահանջվող չափանիշները: ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների, քրեական դատավարության օրենսգրքի ու քրեակատարողական օրենսգրքի' քննության առարկա դրույթների ու դրանց փոփոխությունների, համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համեմատական վերլուծությունը վկայում է, որ իրավաչափ կլիներ, որպեսզի պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ողջ գործընթացը (այդ թվում' ժամկետները, չափանիշները, պետական մարմինների գործունեության կարգը և հայեցական լիազորությունների շրջանակը)' ՀՀ կողմից որդեգրված կոնկրետ կարգի շրջանակներում, առավել հստակ սահմանվեր օրենսդրությամբ>>:

Վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ :

Թիվ այլ հարցերի հետ միասին, ՀՀ սահմանադրական դատարանը 05.02.2008թ. հ. ՍԴՈ-733 որոշմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ մասը (անկախ հանձնաժողովի որոշումն օրենքին հակասելու դեպքում դատական կարգով բողոքարկելը սահմանափակելու մասով) ճանաչել է ՀՀ Սահմանադրության 6, 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածներին հակասող և անվավեր:
Սակայն, մինչև օրս ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ մասի և ՀՀ նախագահի 31.07.2006թ. հ. ՆՀ-163-Ն հրամանագրի 21-րդ կետի պահանջները չեն վերախմբագրվել՝ համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 05.02.2008թ. հ. ՍԴՈ-733 որոշման:

Ի վերջո, ցանկացած անկախ հանձնաժողով (ները) պետք է իր որոշումը (ները) հիմնավորի (պատճառաբանի), ոչ թե քվեարկությամբ հարցին լուծում տա, ինչպես նաև ՕՐԵՆՔՈՎ պետք է սահմանվի անկախ հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու (բողոքարկելու) դատապարտյալի իրավունքը (եթե տվյալ որոշումը կայացվել է օրենքի և ընթացակարգային խախտումներով կամ այն բավարար չափով պատճառաբանված չէ, կամ երբ գործում առկա ապացույցները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չեն հետազոտվել, կամ երբ ցուցաբերվել է անհավասար մոտեցում):

Կարծում եմ, որ վերը նշված իրավական ակտերը չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանը և չեն բխում միջազգային իրավական նորմերից:

Հ. Գ. Սույն հիմնախնդիրը ներկայացրել եմ ՀԿ-ը, որն էլ իր հերթին այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ազգային ժողովի Պետաիրավական և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովներին՝ առաջարկելով հանդես գալ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերի կարգավորման վերաբերյալ օրենսդրական առաջարկությամբ՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումներն ու առաջարկությունները:
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը սույն առաջարկություններն ընդունել է ի գիտություն, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը՝ սույն հիմնախնդիրը ներառել էր նախագծում, այնուհետև հանել այն, կրկին առաջարկ է ներկայացվել ներառել այն և նշանակել գործողության սեղմ ժամկետ:

Մերի Խաչատրյան
Փաստաբան



Բեռնել

Վերադառնալ