ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբան Արա Զոհրաբյանը կոչ է անում թիրախ դարձնել խնդիրը, և ոչ թե՝ անձանց

29.08.2013 10:44

ՀՀ Փաստաբանների պալատը դժվարին ճանապարհ է անցել՝ հասնելով լուրջ ձեռքբերումների: Օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, փաստաբան Արա Զոհրաբյանը: «Ես կարծում եմ՝ այս ընտրությունների արդյունքում պալատը պետք է մեկ քայլ առաջ գնա, ոչ թե՝ հետ, ուստի ընտրապայքարի մասնակից մյուս թեկնածուներին կոչ եմ անում թիրախում վերցնել խնդիրը, ոչ թե՝ անձանց»,- ասաց նա: Պալատի ձեռքբերումներից Զոհրաբյանն առանձնացրեց որակավորման քննությունների թափանցիկ և օբյեկտիվ դառնալը, գիտավերլուծական կենտրոնի հիմնադրումը, մարզամշակութային կենտրոնների ձեռք բերումը, արշավների կազմակերպումը, ինչը նպաստում է միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, փաստաբանական դպրոցի ստեղծումը: Ըստ Զոհրաբյանի՝ պալատն իր առջև միշտ ունեցել է, հիմա էլ ունի խնդիրներ, ավելին՝ բոլոր թեկնածուների հայտարարած խնդիրների մի մասը իրականությանը համապատասխանում է: Խնդիրներից Զոհրաբյանն առանձնացրեց Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը. փաստաբաններն ավելի շատ են գործ վերցնում, թեև՝ պարտադրված, ինչը երբեմն որակի հաշվին է լինում: Փաստաբանի խոսքերով՝ մտահոգիչ է Փաստաբանական պալատի ներկայացուցչական գրասենյակների կամ համակարգողների բացակայությունը մարզերում և տարածաշրջաններում, որը սահմանափակում է գործունեության արդյունավետությունը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և կառավարման ժամանակակից ծրագրերի պակասը, օրինաստեղծ գործունեությանը փաստաբանների մասնակցության ցածր մակարդակը: Խնդիրների թվում Զոհրաբյանը ևս ընդգծեց փաստաբանների մի մասի մասնագիտական հմտությունների և գիտելիքների ոչ բավարար լինելը, փաստաբանների նվաճումների և գործունեության թերի լուսաբանումը, մասնագիտական պրակտիկան վերլուծելու և ձեռք բերված փորձը տարածելու համար արդյունավետ միջոցների բացակայությունը:

«Փաստաբանը հիմնականում գտնվում է պետության հետ փոխհրաձգության մեջ, հատկապես՝ քրգործերի դեպքում, սա, իհարկե, հասկանալի է, ավելին, Փաստաբանների պալատն ի վիճակի է պայքար մղելու, այս առումով նա անգամ ձեռքբերումներ ունի: Տարածաշրջանում ոչ մի պալատ այսքան առավելություն չունի: Միայն մեզ մոտ վստահորդը կարող է իր փաստաթղթերը հանձնել փաստաբանին՝ համոզված լինելով, որ նրանից չի առգրավվի, փաստաբանին չեն հարցաքննում, ուստի վստահորդը նրան կարող է իր ցանկացած գաղտնիք վստահել»,- ասաց նա:

Պալատը, սակայն, չի կարող պաշտպանել այն փաստաբանին, ով իր վստահորդին խաբում է, և հակառակը՝ օբյեկտիվ լինելու դեպքում: Զոհրաբյանի խոսքերով՝ պալատում գործում է հատուկ խորհուրդ, որն իրավասու է ազդել պալատի նախագահի վրա, եթե վերջինս փաստաբանության առաջընթացի ուղղությունից շեղվի, ավելին՝ պալատի խորհուրդը լիազորված է անգամ պալատի նախագահի աշխատավարձի չափը որոշել. սա լուրջ գործոն է: Փաստաբանն անդրադարձավ նաև վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների հանդեպ ոստիկանության գործողություններին՝ նշելով, որ այլևս Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ չհանդիսանալով՝ չի կարող փոխանցել պալատի դիրքորոշումը, սակայն որպես փաստաբան՝ դատապարտում է այդ գործընթացը: «Կարծում եմ՝ հավասարության և համաչափության սկզբունքը ոստիկանության կողմից պիտի պահպանվեր»,- ասաց նա:

Փաստաբանների պալատի նախագահի 14.09.2013 թ. ընտրություններին ինքնառաջադրվել և առաջադրվել են չորս թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը (առաջադրվել է փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից), Աշոտ Թադևոսյանը (ինքնառաջադրվել է), Տիգրան Աթանեսյանը (ինքնառաջադրվել է), Կրոմվել Գրիգորյանը (ինքնառաջադրվել է ):

 

Աղբյուրը՝  http://www.1in.am/arm/armenia_right_209438.html



Բեռնել

Վերադառնալ