ՀՀ Փաստաբանների Պալատ

Որևէ մեկը չի կարող Փաստաբանների պալատը դարձնել դատարանի կցորդ. Արա Զոհրաբյան

29.08.2013 10:45

Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում ներկայիս նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրված թեկնածու Արա Զոհրաբյանը դժվարանում է գնահատել ընտրվելու իր հնարավորությունները: «Այդ հնարավորությունների պատասխանը կարող է տալ ընտրող փաստաբանը, ես որևէ բան չեմ կարող ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցերին, հայտարարեց Փաստաբանի պալատի նախագահի թեկնածուն:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուն ասաց, որ դեմ է ընտրական սև տեխնոլոգիաների կիրառմանը: «Երբ մարդը սկսում է նեգատիվ քայլից, նեգատիվ ինֆորմացիան ունենում է նաև նեգատիվ հետևանքներ, և ընտրության օրը կտեսնենք նեգատիվ էֆեկտը: Ինձ համար թիրախը խնդիրն է և ոչ թե մարդը»,- հավելեց Զոհրաբյանը:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկին թեկնածուներից մեկը' Տիգրան Աթանեսյանը, բջջային օպերատորների միջոցով կոչ էր արել ընտրել իրեն և «թույլ չտալ, որ Պալատը դառնա դատարանների կցորդ: Պալատը բոլոր փաստաբաններինն է»:

«Դատարանի կցորդ» դառնալու հնարավորության մասին մեր հարցին ի պատասխան Արա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես որպես փաստաբան, չընտրվելու դեպքում էլ, լինելու եմ ակտիվ Փաստաբանների պալատի կյանքում և ինքս էլ երաշխավորում եմ ու ասում եմ, որ որևիցե մեկը չի կարող նման բան թույլ տալ, մեր փաստաբանները դա թույլ տալ չեն տա: Ունենք Պալատի ուժեղ խորհուրդ, որը կազմված է գրագետ փաստաբաններով և ունենք ակտիվ փաստաբաններ, որոնք մշտապես իրենց քննադատություններով, մոտեցումներով, ակտիվությամբ միշտ ստիպում են պալատին աշխատել: Թույլ չենք տա, որ այդպիսի բան լինի»:

Նրա խոսքով՝ Պալատի գործունեության հետ կապված, իհարկե, խնդիրներ կան, օրինակ, Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, մարզերում Պալատի ներկայացուցչական մարմինների բացակայությունը, օրինաստեղծ գործունեությանը փաստաբանների ներգարվվածության ցածր մակարդակը, փաստաբանների նվաճումների թերի լուսաբանումը և այլն:

Ներկայացնելով Պալատի նախագահ ընտրվելու դեպքում առաջիկա 4 տարիների անելիքը, թեկնածուն ասաց, որ փորձելու են զարգացնել Հանրային պաշտպանի ինստիտուտը' փորձելով դրանում ներգրավել նաև երիտասարդ մասնագետներին: «Երիտասարդ փաստաբաններն այդպիսով կկարողանան լուծել իրենց աշխատանքային փորձի խնդիրը», -հավելեց թեկնածու Զոհրաբյանը:

Նա ծրագրում է թափանցիկ դարձնել Պալատի խորհրդի նիստերը: «Ցանկացած փաստաբան կարողանալու է հավաքել իր ծածկագիրը և մտնել կայք ու հետևել խորհրդի նիստերին: Փաստաբանը կտեսնի, թե իր ընտրած խորհրդի անդամն ինչով է զբաղվում, և մյուս կողմից»,- հավելեց Արա Զոհրաբյանը' նկատելով, որ թափանցիկ է դառնալու նաև Պալատի ֆինանսական հոսքերը, ինչպես նաև Պալատի գործողումները:

Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը ևս, Զոհրաբյանի խոսքով, իր ծրագրի առաջնային դրույթներից է և դրա համար Փաստաբանների պալատում Զոհրաբյանն ու իր թիմը ծրագրում են ստեղծել մասնագիտական կառույց' Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով:

«Փաստաբանների պալատը միշտ էլ կանգնած է եղել իր գործընկերների կողքին: Իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե Պալատը չի կանգնում փաստաբանների կողքին: Մենք ունենք այդպիսի բազմաթիվ դեպքեր, երբ Պալատը աջակցել է գործընկերներին' Մուշեղ Շուշանյան, Ստեփան Ոսկանյան, Թամարա Յայլոյան և այլն: Մեր գործընկեր փաստաբանների հետ կապված ցանկացած միջացառում Փաստաբանների պալատը միշտ արձագանքել ու արձագանքում է»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Միևնույն ժամանակ ամեն փաստաբանի Պալատը պարտավոր չէ պաշտպանել, և ինչպես Զոհրաբյանն ասաց, Պալատը չի կարող պաշտպանել այն փաստաբանին, ով իր վստահորդի համար վարքագծի կանոնագիրքը խախտելով, հետևանք է առաջացնում: «Պալատը չի կարող պաշտպանել այդպիսի փաստաբանին, Պալատը պետք է օբյեկտիվ լինի: Եթե մենք ինքներս մեզանից չպահանջենք, ապա ինչպե՞ս ենք պահանջելու դատավորներից: Պետք է ինքներս մեր նկատմամբ ազնիվ լինենք», -հավելեց թեկնածուն:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու' Աշոտ Թադևոսյանը, Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը:

 

Աղբյուրը՝  http://www.panorama.am/am/current_topics/2013/08/27/a-zohrabyan-preelection-comments/#.Uhx7O1tIm9o.facebook



Բեռնել

Վերադառնալ