ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՐՈՔԵՐ-ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

05.09.2013 11:01

Այսօր' օգոստոսի 27-ին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:

«Պոզիտիվ նոտայից սկսելով՝ փորձեմ ներկայացնել փաստաբանների պալատի ձեռքբերումները, քանի որ միշտ չէ, որ այն տեսանելի է լինում հասարակության կողմից», – ասաց Արա Զոհրաբյանը:

Առաջին ձեռբերումը, որը կարևորեց Արա Զոհրաբյանը 2005թ-ին երեք փաստաբանների միությունների միաձուլումն էր մեկ կառույցի՝ փաստաբանների պալատի ներքո: Այդ միաձուլումը բերեց այն բանի, որ փաստաբանները, որպես հավաքական ուժ, կարողանան հանդես գալ բոլորը միասին:

Երկրորդ ձեռքբերումն այն էր, որ փաստաբանների պալատում որակավորման քննությունները դրվեցին թափանցիկ և օբյեկտիվ հիմքերի վրա, որտեղ բացառված էր սուբյեկտիվ գործոնը: Մյուս ձեռքբերումներից նշվեց գիտավերլուծական կենտրոնների հիմնադրումը, մարզամշակույթային կենտրոնի ստեղծումը, ինչպես նաև փաստաբանական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև այն, որ օրենքով պարտադիր դարձվեց փաստաբանների վերապատրաստումը:

Ձեռբերումների մեջ պարոն Զոհրաբյանը նշեց նաև այն, որ Կառավարությունը Փաստաբանների պալատին, Հանրային պաշտապանի գրասենյակին և Փաստաբանական դպրոցին նոր շենք տրամադրեց:

Արա Զոհրաբյանը նշեց, որ Փաստաբանների պալատն իր առջև միշտ ունեցել է, հիմա էլ ունի խնդիրներ:

Խնդիրներից առանձնացրեց հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, քանի որ փաստաբանները պարտադրված ավելի շատ գործ են վերցնում, քան կարող են իրականացնել, ինչը, բնականաբար, կարող է ազդել որակի վրա:

Որպես խնդիր' առանձնացվեց Փաստաբանների պալատի ներկայացուցչական գրասենյակների կամ համակարգողների բացակայությունը մարզերում և տարածաշրջաններում, որը սահմանափակում է գործունեության արդյունավետությունը:

Նշվեց նաև օրինաստեղծ գործունեությանը փաստաբանների մասնակցության ցածր մակարդակը, փաստաբանների միջև թիմային աշխատանքների պակասը, փաստաբանների նվաճումների թերի լուսաբանումը:

Որպես արտաքին խնդիր' Արա Զոհրաբյանն առանձնացրեց հարկման ռեժիմի նույնականացումը առևտրային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ:

Արա Զահրաբյանի 2013-2017 թ-ի նախընտրական ծրագրի հիմնական ուղղություններն են հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացումը, փաստաբանների իրավունքների պաշտպանություն և մասնագիտական ունակությունների բարձրացումը, փաստաբանների մասնագիտական պարտականությունների կատարման և վարքագծի կանոնագրքի դրույթների կիրարկման ապահովումը, պալատի կառավարման և գործունեության թափանցիկություն, պալատի ինստիտուցիոնալ հզորացումը:

Թեկնածուի խոսքով՝ պալատում առաջարկվում է նաև քրեական գործերով ընթերակաների բազայի ստեղծում:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար նախատեսվող միջոցառումների վերաբերյալ Ա. Զոհրաբյանը նշեց, որ Փաստաբանների պալատը, նաև Փաստաբանների դպրոցը ունկնդիրների հետ աշխատելիս առաջին հերթին քարոզում են կոռուպցիայից հեռու մնալը:

«Երբ ես 2001թ-ին փաստաբանի արտոնագիր էի ստանում այդ ժամանակ կոռուպցիոն թեմաների մասին լեգենդներ էին պատմում, անեկդոտներ, այսինքն դա, կարծես թե, համարվում էր փաստաբանի ձեռագիր. մտածում էին, որ եթե կարող են գումար աշխատել բրոքերությամբ, ապա ինչո՞ւ օրենքներ կարդան»,-նշեց Ա. Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի թեկնածուն նշեց նաև, որ եթե փաստաբանը դատական գործով խոստում տա իր վստահորդին, երաշխավորի իր գործի ելքը, դա հիմք է իր արտոնագիրը դադարեցնելու համար: Բարձրաձայնվեց, որ այս առումով քարոզը տարվում է, սանկցիաները վարքագծի կանոնակարգով առկա են, իսկ պալատը, այդ թվում նաև Արա Զոհրաբյանը, պայքարելու են դրա դեմ:

Զարուհի Հարությունյան

Իրավաբան.net

 

Աղբյուրը՝  http://www.zohrabyan.am/?p=242 



Բեռնել

Վերադառնալ