ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԼԻՆԻ՞ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

06.09.2013 13:52

Սեպտեմբերի 14-ին տեղի են ունենալու Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները:

Այս ընտրությունները նախորդից ուշագրավ են նրանով, որ պալատի գործող երկարամյա (8 տարի) նախագահ Ռուբեն Սահակյանը օրենքով չի կարող երրորդ անգամ առաջադրվել նույն պաշտոնում: Նա, սակայն, փորձում է իրականացնել «ժառանգորդ օպերացիան» եւ պալատի նախագահի թեկնածու է առաջադրել փաստաբան Արա Զոհրաբյանին: Բացի Զոհրաբյանից կան նաեւ երկու ինքնառաջադրված թեկնածուներ' փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը եւ Կրոմվել Գրիգորյանը: Չորրորդ թեկնածուն՝ Աշոտ Թադեւոսյանը «ՀԺ»-ին հայտնեց, որ երեկ ինքնաբացարկ է հայտնել: Պայքարը, ինչպես արդեն հստակ ուրվագծվում է, ընթանալու է Արա Զոհրաբյանի եւ Տիգրան Աթանեսյանի միջեւ: ՓՊ-ն այսօր ունի մոտ 1360 անդամ: Ընտրությունները տեղի են ունենալու փակ գաղտնի քվեարկությամբ: Հաղթելու է քվեարկությանը մասնակցած անդամների 50%+1 ձայները ստացած թեկնածուն: Եթե թեկնածուներից ոչ ոք 50%+1 չստանա, տեղի է ունենալու 2-րդ փուլ' առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների միջեւ: «ՀԺ»-ի հարցերին պատասխանել է ՓՊ նախագահի հիմնական թեկնածուներից Տիգրան Աթանեսյանը:

- Պարոն Աթանեսյան, առաջադրման որոշումը ձեր անձնակա՞ն որոշումն է, թե՞ փաստաբանական որոշակի խմբերի շահեր եք ներկայացնում:
- Որոշումն իմն է եւ հիմնական պատճառը եղել է այն, որ առաջադրումները սկսելուց' օգոստոսի 17-ից մի քանի օր առաջ ինձ համար պարզ դարձավ, որ իրականացվում է «ժառանգորդ օպերացիա»: Բնականաբար, Պալատում կան մարդիկ, որ ինչ-որ խմբերի կբաժանվեն եւ կա մի խմբավորում, որը ցավոք, զավթել է Պալատը եւ դարձրել իր անձնական գրասենյակը: Միշտ նույն մարդիկ են որոշում կայացնում, միշտ նույն մարդիկ են սեմինարների մասնակցում: Մոտ 40 հոգանոց այդ խմբավորումն էլ հիմա փորձում է իրականացնել «ժառանգորդ օպերացիան»: Բայց փաստաբանները նման խմբավորումներ չպետք է ունենան. Պալատը բոլորինն է եւ պետք է մնա միասնական:

- Ռուբեն Սահակյանի «Ժառանգորդ օպերացիան» ինչո՞վ է սպառնում Պալատին, որ ուզում եք կանխել:
- Փաստաբանների պալատն այն միավորումը չէ, որտեղ գործող նախագահը կարող է որոշել կամ կանխորոշել, թե ով պետք է լինի հաջորդ նախագահը: Դա տոտալիտար սեկտայի նման մի բան է դառնում: Եթե փաստաբանն ազատ չէ, ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել: Պալատը պետք է նպաստի, որ փաստաբանները լինեն ազատ: Սա թելադրանք է: Դեմ էի առհասարակ, որ գործող նախագահն առաջադրի ինչ-որ մեկի թեկնածությունը: Եթե այս օպերացիան իրականացավ, մենք վերածվելու ենք մի տխուր պետական հիմնարկի: Ես բացառում եմ որեւէ զարգացում: Նման կերպով դառնալ նախագա՞հ, այդ նախագահը ինչ քայլ ձեռնարկի, իր կողքին են լինելու յուրայինները, իր շրջապատը, իսկ հիմնական փաստաբանները, ինչպես հիմա է, աշխատելու են խուսափել Պալատից: Սա փաստաբանական ինստիտուտի կայացմանը լրջագույն հարված է լինելու:

- Ենթադրենք, հիմա Ռուբեն Սահակյա՛նը չի Փաստաբանների պալատի նախագահը, այլ դուք եք, դրանից ի՞նչ է փոխվում:
- Շատ բան կփոխվի: Նախ, Պալատը չունի տարեկան գործունեության ծրագիր. նման ծրագիր չի ներկայացվում փաստաբանների քննարկմանը, ոչ մեկի առաջարկը չի լսվում, 21-րդ դարում մենք ունենք մի վեբ- կայք, որտեղ չկա ոչ ինտերակտիվ կառավարման ձեւ, ոչ ֆորում, որտեղ փաստաբանները կարծիքներ կփոխանակեն: Այսինքն, նման տեխնոլոգիաների կիրառմամբ բոլոր փաստաբաններին պետք է տալ հնարավորություն' տեղեկանալ ինչ է կատարվում, ինչ է ծրագրվում, երբ են լինելու խորհրդի նիստերը, փաստաբանը պետք է կարողանա կարծիք հայտնել որոշման նախագծերի վերաբերյալ: Ինչո՞ւ պետք է միշտ նույն մարդիկ գումարներ ստանան եւ մասնակցեն քաղաքից դուրս կազմակերպվող սեմինարներին: Պետք է սկսնակ փաստաբաններին ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ, ինչը չի արվում: Պալատի ֆինանսական գործունեությունը շատ մութ է, անհասկանալի, միջազգային համագործակցությունը զրո է, ոչինչ չեն արել: Պալատի խորհրդի գործունեության մեջ հստակություն ու թափանցիկություն պետք է մտցնել, ծրագրեր մշակել, աշխատանքներում ներգրավել փորձառու իրավաբանների: Կա գիտավերլուծական կենտրոն, չգիտես ինչ են անում. լուրջ էքսպերտների կարիք կա այնտեղ: Շատ են ուղղություններն ու անելիքները:

- Այսօր հասարակության մոտ արդարադատության հանդեպ վստահություն ընդհանրապես չկա, մարդիկ չեն հավատում այդ համակարգին: Փաստաբանների մեղքի բաժինը դրանում, ըստ ձեզ, ինչքա՞ն է:
- Այստեղ որոշակիորեն պատասխանատվություն կրում են նաեւ փաստաբանները: Դրանք հիմնականում անբարեխիղճ փաստաբաններն են: Որ համակարգը կոռումպացված է, հանրահայտ է: Կա կաշառք ստանալու պահանջարկ, պահանջարկը ծնում է առաջարկ. այն փաստաբանները, որ չեն հարգում իրենց մասնագիտությունը, չեն հավատում ոչ իրենց ուժերին, ոչ իրենց մասնագիտությանը առհասարակ, ընտրում են այդ ուղին: Բացի դա, մեր ազգաբնակչության մի զգալի մասը փաստաբանին ընկալում է որպես փող տանող-բերող եւ փաստաբանը պետք է կամքի ուժ ունենա, որպեսզի ընդդիմանա իր հաճախորդին: Բայց չի կարելի ամբողջ մեղքը դնել փաստաբանների վրա, որ կաշառք չվերցնեն' տանող- բերող էլ չի՛ լինի:

- Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:
- Առաջին անգամն է, երբ նման հանրային քարոզարշավ է տեղի ունենում: Ինչ-որ տեղ այս քարոզարշավը նմանվել է երկրի քաղաքական ընտրություններին, համապետական ընտրությունների մինի տարբերակն է եւ հետաքրքիր է, որ ընդունելով այդ ձեւը, նաեւ վերցրել է հայաստանյան ընտրությունների բացասական կողմը: Բնական է, կա հակափիառ, կան ինչ-որ մեղադրանքներ, իմ կողմից հնչել է շատ կոշտ քննադատություն... Նորմալ է, ես չեմ բողոքում, որովհետեւ մարդիկ կենսական շահ ունեն, թե ով պետք է ընտրվի Պալատի նախագահ: Ամենակարեւորն այն է, որ քվեարկությունն արդար անցնի: Կանցնի արդար, ցանկացած արդյունք պատրաստ եմ ընդունել, արդեն իսկ դա որոշակի հաղթանակ է: Բայց եթե «ժառանգորդ օպերացիան» իրականանա, լճանալու է Պալատը, ոչ մի առաջընթաց չի լինի: Եթե փաստաբանները կնախընտրեն ստատուս-քվոյի այս վիճակի պահպանումը, թող հետագայում չբողոքեն, որ միայնակ են կամ խնդիրներ ունեն: Եթե կվստահեն ինձ, իմ գաղափարներին, հաստատ կունենան նոր Պալատ, նոր արյուն, հետաքրքիր գաղափարներ, նոր լուծումներ:

 

Աղբյուրը՝  http://www.armtimes.com/44088



Բեռնել

Վերադառնալ