ՀՀ Փաստաբանների Պալատ

ՉԵԽԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ՎԻԽՈՊԵՆԻ ՆԱՄԱԿԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

13.11.2013 18:43

ՉԵԽԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ՎԻԽՈՊԵՆԻ ՆԱՄԱԿԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Վարչապետ,

Գրում եմ Ձեզ Չեխիայի փաստաբանների միության անունից, որը ներկայացնում է ավելի քան 10,000 չեխ փաստաբանների: Չեխիայի փաստաբանների միությունը հանդիսանում է նաև Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհր¬դի (CCBE) լիիրավ անդամ:


Չեխիայի փաստաբանների միությունը տեղեկացվել է երկու օրենսդրական նախագծերի մասին, որոնք հրապարակվել են Հայաստանի արդարադատության նախարարության ինտերնետ կայքում և որոնց ընդունումը վտանգում է իրավաբանի մասնագիտության, հատկապես՝ փաստաբանների անկախությունը:


Չեխիայի փաստաբանների միությունը հասկանում է, որ առաջարկվող փոփոխությունները մաս են կազմում կառավարության կողմից իրականցվող բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող քաղաքականության:

Այդուհանդերձ, մենք կցանկանայինք ներկայացնել մի շարք փաստեր.

Չեխիայի Հանրապետությունում, ինչպես նաև ողջ Եվրոպական Միությունում, շեշտը դրված է փաստաբանի մասնագիտության անկախության, նրա ինքնակառավարման և ինքնակարգավորման վրա: Հետևաբար, Չեխիայի փաստաբանների գրանցամատյանը վարում է Փաստաբանների միությունը, որն այդպիսով երաշխավորում է, որ մասնագիտությունը կախված չէ գործադիր իշխանությունը ներկայացնող կառավարությունից: Մասնագիտության նման անկախությունը և ինքնակառավարումը ճանաչված են Եվրոպայի խորհրդի 2000թ. հոկտեմբերի 25-ի «Իրավաբանի մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատության մասին հանձնարարականում», ինչպես նաև ՄԱԿ-ի 1990թ. «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներում»: Բացի այդ, CCBE-ի «Եվրոպայում իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների խարտիան և Եվրոպայի իրավաբանների վարքագծի կանոնագիրքը» հավասարապես դասում են անկախությունը և ինքնակառավարումը հիմնարար սկզբունքների շարքում:
Հետևաբար, Չեխիայի փաստաբանների միությունը պաշտպանում է CCBE-ի տեսակետը, համաձայն որի ինքնակառավարման ուժեղ բաղադրիչը միայն կարող է երաշխավորել փաստաբանների մասնագիտական անկախությունը պետությունից, և առանց անկախության այդ երաշխիքի հնարավոր չէ փաստաբանների համար իրականացնել իրենց մասնագիտական և իրավական դերը:
Ավելին, Չեխիայի փաստաբանների միությունը պաշտպանում է CCBE-ի տեսակետը իրավաբանական օգնության և դրա ֆինանսավորման հարցերում: Հայաստանի ծրագիրը, որով փաստաբանների վճարներն օգտագործելու միջոցով է ֆինանսավորվում Հանրային պաշտպանի գրասենյակը, հակասում է իրավաբանական օգնությանը վերաբերող եվրոպական և միջազգային բոլոր իրավական փաստաթղթերին: Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը պետք է լինի պետության, այլ ոչ թե փաստաբանների պարտականությունը: Պետությունն է միայն պատասխանատու իրավաբանական օգնության նման համակարգերի ապահովման, կազմակերպման և ֆինանսավորման համար: Չեխիայի փաստաբանների միությունը նույնպես այն կարծիքի է, որ նախատեսված հարկումը հանգեցնում է փաստաբանների «կրկնակի հարկման» և միանում է այն տեսակետին, որ նման խտրական պրակտիկայի համար որևէ արդարացում չի կարող լինել:
Ինչպես նշեցի վերևում, չնայած Չեխիայի փաստաբանների միությունը հասկանում է, որ առաջարկվող փոփոխությունները մաս են կազմում կառավարության քաղաքականության, որն ուղղված է ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, մենք բարձր կգնահատենք, եթե Հայաստանի կառավարությունը վերանայի իր մտադրությունները և այս օրենսդրական նախագծերը շրջանառությունից հանի:
Վերոհիշյալի կապակցությամբ թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, պարոն վարչապետ, որ Չեխիայի փաստաբանների միության տեսակետը բխում է մեր այն համոզմունքից, որ Հայաստանը միշտ հարել է ժողովրդավարական պետությունների այն ընտանիքին, որոնք պայքարում են փաստաբանի մասնագիտության ազատության և անկախության համար և որ Հայաստանի փաստաբանների պալատը արժեքավոր գործընկեր է հանդիսանում ինչպես Չեխիայի փաստաբանների միության, այնպես էլ CCBE-ի համար, որոնք հստակ կերպով հիմնված են իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքների վրա:

Հարգանքներով,

Մարտին Վիխոպեն
Նախագահ


Նախորդ նորությունը: «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ)» ՀԿ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հաջորդ նորությունը: ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ