ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 30.05.2014թ.

30.05.2014 07:42

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 30.05.2014թ.

Հարգելի փաստաբաններ,
ՀՀ ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից երեքը նշանակվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, երկուսը' Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, երկուսը' Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ նշանակված երկուական անդամները պետք է լինեն տարբեր սեռի ներկայացուցիչներ, և այդ երկուական անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական կրթություն կամ իրավունքի ոլորտում գիտական աստիճան:
ՀՀ փաստաբանների պալատի նախորդ նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից 2011թ. ներկայացվել էր հետևյալ երկու անդամների թեկնածությունը՝ փաստաբան Գեորգի Մարտիրոսյանի և քաղաքացի Սիլվա Մարկոսյանի։
Նկատի ունենալով այն, որ արական սեռի ներկայացուցչի (փաստաբան Գ.Մարտիրոսյանի) լիազորության ժամկետն ավարտվում է, անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել նոր թեկնածություն։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը նախատեսում է Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել ՀՀ ԿԸՀ անդամի՝ արական սեռի փաստաբանի թեկնածություն։ Երկու և ավելի թեկնածուների ինքնաառաջադրման դեպքում, ՀՀ փաստաբանների պալատի նախագահն իր որոշումը կայացնելու է՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առաջարկության հիման վրա։
Արական սեռի փաստաբանները (այդ թվում՝ կասեցված արտոնագրով փաստաբանները), կարող են իրենց թեկնածությունը ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ 2014թ. մայիսի 30-ից մինչև 2014թ. հունիսի 10-ը (ներառյալ)։
Հիշեցնում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում և ունի'
1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,
2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,
3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ
4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար՝
Մանե Կարապետյան



Բեռնել

Վերադառնալ