ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՍԸՐԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

11.08.2014 13:52

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՍԸՐԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Մեծ Բիրտանիայի Սըրիի համալսարանը կազմակերպում է Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ փաստաբանական ուսուցում, որը տեղի կունենա 2014թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 09.00-18.00 և 26-ին, ժամը 09.00-16.00 Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն Միջազգային քրեական դատարանի համակարգը, դատավարության օրենսդրությունը և փաստաբանության կանոնները՝ ՄՔԴ փաստաբանական պալատ դիմելու նպատակով: Միջազգային դասընթացավարներն են ՄՔԴ դատավոր Հովարդ Մորիսոնը, ՄՔԴ փաստաբանական բաժնի դասընթացավար Էստեբան Պերալտա Լոսիյան և Սըրիի համալսարանի միջազգային իրավունքի դասախոս Արման Սարվարյանը: Դասընթացի աջակիցներն են Միջազգային քրեական դատարանի համար դաշինքը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:
Ուսուցումն անգլերեն է՝ հայերեն թարգմանությամբ: Դիմողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն և ուղեկցող նամակ մինչև սեպտեմբերի 10-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Քանի որ տեղերը սահմանափակ են, նախապատվություն կտրվի այն դիմողներին, որոնք համապատասխանում են ՄՔԴ փաստաբանի կարգի նախապայմաններին՝ ազգային փաստաբանական պալատի կողմից ընդունված փաստաբանական աստիճան, նվազագույնը հինգ տարվա քրեական կամ միջազգային քրեական փաստաբանական փորձ, ինչպես նաև ՄՔԴ-ի պաշտոնական լեզուներից մեկի՝ անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն: Միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ գիտելիքը և փաստաբանական փորձը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ցանկալի են: Մասնակցության վկայական ստանալու համար պարտադիր է մասնակցել ամբողջական դասընթացին: Մասնակցությունը դասընթացին անվճար է:
2013թ. ապրիլի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը Միջազգային քրեական դատարանի համար դաշինքի հետ համագործակցությամբ կազմակերպել է համաժողով՝ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետությունը. Խնդիրներ և վավերացման հեռանկարներ» խորագրով, որն առաջին քայլն էր գործնականորեն ուսումնասիրելու վավերացման հիմնահարցը: 2014թ. ապրիլին ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը իր նախագիծ-հայեցակարգում եկել է հետևյալ եզրահանգման. «Սահմանադրական բարեփոխումները պետք է նախադրյալներ ստեղծեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին» համաձայնագրի վավերացման համար՝ նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2004թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ հիշյալ համաձայնագրով ստանձնված որոշ պարտավորություններ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող»: Հետևաբար սույն դասընթացը գործնական քայլ է ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության վավերացման ուղղությամբ և ՄՔԴ առաքելությանը նպաստելու նպատակով: ՄՔԴ կանոնադրության համաձայն՝ ոչ մասնակից պետության քաղաքացին կարող է աշխատել որպես փաստաբան ՄՔԴ-ում:



Բեռնել

Վերադառնալ