ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանների հայտարարությունը

03.07.2011 10:09

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանների հայտարարությունը

2011թ. հունիսի 24–ին ՀՀ Արդարադատության խորհուրդը կայացրել է թիվ ԱԽ-13-Ո-17 որոշումը` դիմելով Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Ավան և Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 01.06.2011թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի գրությունը:

Դատավոր Ս.Մնացականյանը 30.04.2010թ. որոշմամբ բավարարել է քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ալբերտ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: 30.05.2011թ. նույն դատավորը բավարարելով մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Ըստ Արդարադատության խորհրդի որոշման, դատավոր Ս.Մնացականյանը առանց պատճառաբանության անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատ արձակել:

Խստորեն դատապարտում ենք Արդարադատության խորհրդի նման գործելակերպը, որն ըստ էության արդեն իրականացնում է ինկվիզիտորի գործառույթներ:

Բացարձակապես համաձայն չլինելով Արդարադատության խորհրդի այն եզրահանգման հետ, որ դատավոր Ս.Մնացականյանը չի պատճառաբանել կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը, արձանագրենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ և’ կալանավորումը, և’ գրավը կիրառվում են միևնույն հիմքերի դեպքում, այն է` երբ վտանգ կա, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվողը կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ գործի քննության ընթացքում և եթե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացած լինեին, ապա այդ դեպքում բացարձակապես որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չէր լինի:

Ուշագրավ է այն փաստը, որ քրեական հետապնդման մարմինը` քննիչն ու դատախազը, չեն առարկել գրավի կիրառման դեմ, մինչդեռ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը որոշումը կայացնելուց երկու օր անց, դրսևորելով ակնհայտ շտապողականություն, գրությամբ դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամներ դատարանները մերժել են գրավի կիրառումը` ընդհանրապես որևէ կերպ չպատճառաբանելով նման որոշումները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը կամ Արդարադատության խորհուրդը երբևէ չեն անդրադարձել նման որոշումներ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրին:

Հարց է առաջանում նաև, թե Վճռաբեկ դատարանի նախագահը օրենքով իրեն վերապահված որ լիազորությունն իրականացնելիս է երկու օր անց տեղեկացել դատարանի կայացրած որոշման մասին, թե դա արվել է ex parte շփումների միջոցով:

Այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները վերջերս սկսել են հաճախ խոսել որպես խափանման միջոց գերակշիռ դեպքերում ընտրվող կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու, նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների նոր տեսակներ սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ, Արդարադատության խորհրդի կողմից կայացված վերոհիշյալ որոշումն ըստ էության ոտնձգություն է դատական իշխանության և դատավորների անկախության նկատմամբ, միաժամանակ հանդիսանալով զսպող միջոց /chilling effect/` արդարացնելով հիմնականում խափանման միջոցներից ամենածանրը` կալանավորումը, կիրառելու արատավոր պրակտիկան և գրեթե իսպառ վերացնելով հետագայում դատավորների կողմից գրավի կիրառման հնարավորությունը:

Տարակուսանք է առաջացնում նաև այն փաստը, որ Արդարադատության խորհրդի որոշումը կայացվել է այնպիսի հանգամանքներում, երբ վիճահարույց դատական ակտը չի բողոքարկվել և չի բեկանվել, որն ինքնին բարձրացնում է դատական ակտերի վերջնական լինելու /res judicata/ հիմնարար սկզբունքի խախտման մասին հարց, որն էլ որպես այդպիսին կասկածի տակ է դնում Արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը:

Գտնում ենք, որ ոչ թե դատավոր Ս.Մնացականյանի կայացրած որոշումը չի ապահովում դատական իշխանության կայացրած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը` նսեմացնելով դատական իշխանության հեղինակությունը, ինչպես գտել են Կարգապահական հանձնաժողովն ու Արդարադատության խորհուրդը, այլև վերջին երկու մարմինների և Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի նման գործելակերպն են նսեմացնում դատական իշխանության հեղինակությունը` նվազեցնելով առանց այն էլ հանրության ցածր վստահությունը դատական ակտերի և ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ:

Հայտնելով մեր զորակցությունը ներկայիս պայմաններում քաղաքացիական արիություն դրսևորող, ցավոք սրտի դեռևս սակավաթիվ դատավորներին, կոչ ենք անում Հանրապետության Նախագահին մերժել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի միջնորդությունը: Միաժամանակ գտնում ենք, որ պետք է վերանայվի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի, Արդարադատության խորհրդի վերոհիշյալ որոշումն ընդունած անդամներ Վ.Աբելյանի, Կ.Բաղդասարյանի, Ռ.Բարսեղյանի, Ա.Թումանյանի, Ա.Խաչատրյանի, Մ.Մակյանի, Ս.Օհանյանի, կարգապահական հանձնաժողովի անդամների հետագա պաշտոնավարության նպատակահարմարությունը:

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ`

1.      Տիգրան Սաֆարյան

2.      Ռուբեն Հակոբյան

3.      Ռուզաննա Սիրեկանյան

4.      Աննա Ջուվանովա

5.      Վարդան Գրիգորյան

6.      Ապետնակ Պողոսյան

7.      Ամալյա Ավագյան

8.      Հովսեփ Հովսեփյան

9.      Գուրգեն Հարությունյան

10.  Անուշ Մխիթարյան

11.  Կարեն Թումանյան

12.  Էդմոն Մարուքյան

13.  Ռուբեն Ղազարյան

14.  Արսեն Գալստյան

15.  Ռոբերտ Մանվելյան

16.  Կարեն Մանուչարյան

 

2011թ. հուլիսի 3, ք.Ծաղկաձոր



Բեռնել

Վերադառնալ