ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 10 ՈՒՍԱՆՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ» ԿՈՂՄԻՑ

05.12.2014 10:48

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 10 ՈՒՍԱՆՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ» ԿՈՂՄԻՑ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի անձնակազմի անդամներին' ռեկտոր Ժան Ժակ Մոնտուայի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակն էր «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակների տրամադրման միջոցով հետաքրքրություն առաջացնել ուսանողների շրջանում փաստաբանության հանդեպ: Այս ուսանողների ներուժը հետագայում հնարավոր կլինի օգտագործել հայ-ֆրանսիական փաստաբանական կապերի ամրապնդման և հետագա զարգացման համար:
Այդ նպատակով փաստաբանական դպրոցում տեղի է ունեցել «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակի համար նախատեսված մրցույթի երկրորդ փուլը, որը հաղթահարել են 12 ուսանողներից 10-ը: Մրցույթում հաղթողների ընտրության չափորոշիչներն են եղել ֆրանսերեն լեզվի տիրապետումը և փաստաբան դառնալու մոտիվացիան: Մրցույթում ընտրված ուսանողներից յուրաքանչյուրը կստանա 500-ական եվրո գումար: Նշենք, որ այս կրթաթոշակը «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորմանը» տրամադրել է ֆրասահայ բարերար, փաստաբան Ռայմոնդ Եզեգելյանը:
Ողջունելով հյուրերին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է՝ «առիթ ունեցել եմ շփվել ֆրանսիական համալսարանի ուսանողների մասնագիտական որակների հետ և տպավորված եմ նրանց գիտելիքներով: Նախկինում լավ համագործակցություն ենք ունեցել Ձեր բուհի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանի հետ և այժմ էլ ուրախ ենք համագործակցությունը շարունակելու համար»,-հայտնել է Արա Զոհրաբյանը: Շարունակելով ներկայացնել Փաստաբանների պալատը և Փաստաբանական դպրոցը՝ պալատի նախագահը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես կարող է իրավաբանը դառնալ փաստաբան: «խնդիր ենք դրել բարձրացնել փաստաբանների մասնագիտական որակները և այսօր պետք է արձանագրել, որ իրավաբանների մեծ հոսք կա փաստաբանական դպրոց»:
Այնուհետև Արա Զոհրաբյանը հանդիպել է «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակի առաջին փուլը հաղթահարած Հայաստանում ֆրանսիական համալսարանի 12 ուսանողներին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև, որ Հայաստանում Փաստաբանական դպրոցի ստեղծման հիմքում ներդրվել է Փարիզի փաստաբանական դպրոցի մոդելը: Նշենք, որ Փարիզի փաստաբանական դպրոցի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տարեկան երկու փաստաբաններ ուսումնառություն են ստանում Փարիզում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան հայտնել է, որ հարգանքով է վերաբերվում այն կառույցներին, որոնք իրականացնում են արդարադատություն կամ օժանդակում են արդարադատությանը: «Երկար տարիներ է, ինչ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կադրեր է պատրաստում իրավաբանության ոլորտում և հուսով եմ, որ այդ կադրերից շատերը կմիանան Հայաստանի փաստաբանական համայնքին: Մեզ համար արժեք են այն փաստաբանները, ովքեր ֆրանկոֆոն են: Սա իր հերթին կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացմանը փաստաբանության ոլորտում: Ուրախ եմ, որ հաջողություններ ենք գրանցում և կարծում եմ, որ հետագայում ֆրանկոֆոն փաստաբանները կկարողանան իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնել Հայաստանում ֆրանսիական բիզնես միջավայրում»,- նշել է Մոնտուան:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուային և բուհի ուսանողներին ընդունել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ով ներկայացրել է փաստաբանական դպրոցում դասավանդվող առարկաների մեթոդը, դպրոցի բացումից ի վեր իրականացված գործընթացները և վիճակագրությունը կապված դպրոցի ընդունելության և փաստաբանական դպրոցի նկատմամբ բարձրացած հետաքրքության մասին շնորհանդեսը և պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք հիմնականում կապված են եղել ուսումնական պրոցեսի հետ:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ