ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՇՈՒՌՆՈՒԽ ԳՅՈՒՂ

02.06.2021 15:07

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՇՈՒՌՆՈՒԽ ԳՅՈՒՂ

       Ելնելով երկրում տիրող ծանր իրավիճակից, այս տարի երեխաների տոնը Երևանում նշելու փոխարեն, ՀՀ փաստաբանների պալատը նախընտրեց ներկայացուցիչներ ուղարկել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ՝ փորձելով ուրախացնել և հաճելի անակնկալ պարգևել թշնամու հետ դեմհանդիման ապրող երեխաներին:

       Հաշվի առնելով, որ երեխաները հունիսի 1-ին ներգրավված էին մեկ այլ միջոցառմանը՝ Փաստաբանների պալատի ներկայացուցիչները պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ուղեկցությամբ Շուռնուխ այցելեցին այսօր՝ 2021թ. հունիսի 2-ին:

       Շուռնուխ գյուղում բնակվում են 26 երեխա, նրանցից 20-ը՝ դպրոցահասակ:

       ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանների կողմից երեխաներին նվիրեց հեծանիվներ, դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ և քաղցրավենիք: 

       Երեխաները ոգևորությամբ դիմավորեցին փաստաբաններին, կիսվեցին իրենց ապագայի երազանքներով՝ ոմանք թռչող անօդաչու սարքեր են պատրաստելու, ոմանք էլ՝ զինվոր են դառնալու, պաշտպանելու են իրենց գյուղը, որին ադրբեջանցի զինվորներից ընդամենը մեկ փողոց է բաժանում:

       Երեխաների մարտական ոգին ու տրամադրությունը բարձր էր: Արա Զոհրաբյանի հարցին․ «Չեք վախենում չէ՞ ադրբեջանցիներից», երեխաներից մեկն ասաց․ «Չէ՛, թող իրանք մեզանից վախենան»:

       Արա Զոհրաբյանը երեխաներին բացատրեց փաստաբանի դերն ու նշանակությունը, ասաց, որ փաստաբանը միշտ կանգնած է մարդկանց կողքին՝ պաշտպանելով նրանց իրավունքները:

       «Մենք այս քայլով ուղղակի ուզում ենք ցույց տալ շուռնուխցիներին, որ փաստաբանները նույնպես իրենց հետ են, իրենց կողքին են»,- նշեց Արա Զոհրաբյանը:



Բեռնել

Վերադառնալ