ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՐԴԻ՝ ՀՐԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

17.10.2021 15:54

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՐԴԻ՝ ՀՐԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

       Հայրենիքի պաշտպանության համար փաստաբանների ընտանիքների զոհված անդամների հիշատակը հարգելու նպատակով  ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ սահմանված հարգանքի տուրք մատուցելու համար 2021 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվել էր միջոցառում:       

       Հոկտեմբերի 17-ը, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հրաչիկ Ավետիսյանի ծննդյան օրն է:

       Փաստաբան Մաի Հակոբյանի որդի Հրաչիկ Ավետիսյանը ավարտել էր Երևանի Բ․Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի հայ-ֆրանսիական լիցեյը, Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող էր: Մինչև պատերազմի սկսվելը պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Հրաչիկ Ավետիսյանը հերոսաբար կռվել և զոհվել է Մատաղիսի ամենավտանգավոր դիրքերի խաչմերուկում՝ 2020թ. հոկտեմբերի 6-ին ԱԹՍ հարվածից:

       Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, Հրաչիկ Ավետիսյանի դասընկերներն ու հարազատները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի ընտանիքին՝ այցելելով Եռաբլուր զինվորական պանթեոն՝ Հրաչիկ Ավետիսյանի շիրիմին:

       Այնուհետև, ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ «Չպարտվածները» վավերագրական ֆիլմի դիտումը:

       Ֆիլմը պատմում է փաստաբանների նահատակված զավակների՝ Հրաչիկ Ավետիսյանի, Լևոն Լևոնյանի և Միքայել Դանիելյանի մասին, ովքեր անձնվիրաբար մարտնչել և անմահացել են արցախյան երկրորդ պատերազմում:

       «Առաջին հայացքից այս երեխաները, իրականում հասուն, վճռական տղամարդիկ են, ովքեր շատ ավելի բան են արել մեր և մեր երկրի համար, քան մենք բոլորս: Նրանք չեն պարտվել: Նրանք արել են ամեն ինչ, որ մենք կարողանանք ապրել և ունենալ պետականություն։ Մեր գործընկերների զավակների հիշատակը մենք միշտ վառ ենք պահելու և մեր առաքելությունն է, որպեսզի մենք միշտ հիշենք նրանց և հպարտանանք»,- իր խոսքում նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: 

       Տեսաֆիլմի դիտումից հետո միջոցառման ներկաները հիշեցին Հրաչիկի ապրած օրերից հետաքրքիր դեպքեր, սփոփանքի ու երախտիքի խոսքեր ասեցին Հրաչիկի մորը՝ փաստաբան Մաի Հակոբյանին:

       Հ.Գ. Փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն  ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցելու մեր հերոսների ընտանիքներին:

       Դիտել «Չպարտվածները» տեսաֆիլմը


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ