ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

22.04.2022 18:39

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

         ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկա է գտնվել ՀՀ Դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: 

         Փաստաբանների պալատի նախագահը հանդես է եկել ելույթով․       

           « Հարգելի գործընկերներ,

      ուրախ եմ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության դատավորների միության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

      Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այս նշանակալից օրվա կապակցությամբ:

      Անկասկած Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական համակարգի ձևավորման և զարգացման հարցում Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը էական դերակատարում է ունեցել:

     Դատավորների միության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հանդիսանում է բացառիկ հարթակ, որտեղ դատավորները պայմանավորված իրենց կարգավիճակով հնարավորություն են ստանում մասնակցելու հասարակական գործընթացներին:

      Հատուկ ուշադրության է արժանի միության գիտական հենքը հանդիսացող «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը: Այս պարբերականը իրավաբանական հանրույթում իր գործունեության արդյունավետությամբ պայմանավորված վաստակել է իրավունքի արդի հարցերը լուսաբանող ժամանակակից և վստահելի գիտական աղբյուրի համբավ:

     Դատավորների միության բացառիկության տեսանկյունից հատուկ ուշադրության է արժանի դատավորների իրավունքների, ազատությունների, պատվի և արժանապատվության պաշտպանության, ինչպես նաև նրանց անվտանգության ապահովման ուղղված կանոնադրական առաքելությունը:

      Կարծում եմ, որ ժամանակակից իրողությունների պայմաններում տվյալ առաքելության իրականացումը առավել կարևոր է, քան երբևէ:

      Ժողովրդավարական պետությունում չեն կարող ընդունելի լինել, արդարադատության իրականացման սահմանափակման կամ որևէ ճնշման, միջամտության դրսևորումները:

      Ցավոք սրտի, մենք ականատես եղանք նման երևույթների: Հետևաբար, այս առումով ՀՀ դատավորների միության անելիքները քիչ չեն:

      Նշվածի հետ մեկտեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ իշխանությունների բաժանման ժողովրդավարական սկզբունքի առանցքում դրված է հենց դատական համակարգի անկախությունը, ինչը ենթադրում է, որ այն պետք է ազատ լինի արտաքին ճնշումներից և չպետք է կառավարվի մնացած իշխանությունների՝ առավել ևս գործադիր իշխանության կողմից:

      Տեղին է հիշել․ «Չկա անկախություն, եթե դատական իշխանությունը տարանջատված չէ օրենսդիր և գործադիր իշխանություններից» Մոնտեսքիոյի հայտնի միտքը:

      Սխալված չենք լինի, եթե ասենք, որ անկախ դատական իշխանության բացակայության պայմաններում  չկա նաև իրավական պետություն, իսկ առանց իրավական պետության գոյության, հնարավոր չէ ապահովել անձի իրավունքների իրացման և երաշխավորված պաշտպանության իրական ու արդյունավետ կառուցակարգերը, քանի որ հենց իրավական պետության ամրագրմամբ պետությունը հավաստում է օրենքի նկատմամբ իրավունքի գերակայությունը։

      Ընդ որում, դատական իշխանության անկախությունը հանդիսանում է մարդու իրավունքների ճանաչման, պաշտպանության և ապահովման երաշխիք:

      Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը անցել է սահմանադրական և դատաիրավական մի շարք բարեփոխումների միջով, որոնք կոչված էին երաշխավորելու հանրապետությունում դատական համակարգի լիարժեք անկախությունը և կառուցելու ժողովրդավարական զարգացած երկրներին բնորոշ և միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգ, կարծում եմ, դեռ բավականին անելիքներ կան:  

      Գաղտնիք չէ , որ արդյունավետ դատական իշխանության առաջնային շահառուն փաստաբանությունն է, քանզի այն չի կարող գոյություն ունենալ անկախ դատական իշխանության բացակայության պայմաններում:

      Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը մաղթում եմ բեղուն գործունեություն, որպեսզի ապահովվի իր առջև ծառացած խնդիրների լուծումը, և շարունակի նպաստել անկախ, պաշտպանված, հեղինակավոր դատական իշխանությանը, դրա զարգացմանը և հանրային ընկալման մակարդակի բարձրացմանը:

      Վստահ եմ, որ 25 տարվա նշանակալից փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը նոր ուժով և եռանդով կշարունակի իրացնել իր առջև դրված նպատակները »:

     Հարգանքով՝ 

     Սիմոն Բաբայան 

     ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 



Բեռնել

Վերադառնալ