ՀՀ Փաստաբանների Պալատ

Կ Ո Ռ ՈՒ Պ Ց Յ Ա Ն Ն Ե Ր Ը ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

07.12.2011 09:44

Կ Ո Ռ ՈՒ Պ Ց Յ Ա Ն Ն Ե Ր Ը  ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Կ Ո Ռ ՈՒ Պ Ց Յ Ա Ն Ն Ե Ր Ը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Զոհն, այս դեպքում, արդարադատությունն է, իր Թեմիս աստվածուհով, իսկ բռնաբարողը…

Ցույց տալու համար, թե արդարադատությունն ինչպես կարող է դառնալ բռնաբարության զոհ, այն էլ՝ հրապարակային բռնաբարության, պետք է անդրադառնանք նրան, թե ինչ է արդարադատությունը:

Արդարադատությունը դատարանների կողմից իրականացվող մի գործընթաց է, որն ուղղված է անձանց միջև ծագած վեճի արդարացի լուծմանը և իրականացվում է հրապարակայնության, օրինականության, կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների հիման վրա՝ անկողմնակալ դատավորի կողմից:

Իշխան Բարսեղյանը Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր է, որը Հանրապետության նախագահից շատ ավելի բարձր աշխատավարձ է ստանում ՀՀ-ի անունից արդարադատություն իրականացնելու համար:

Վերջերս նա քննել է մի գործ, որով «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ի նախկին մասնակիցներից մեկը վիճարկում է իր 6 տոկոս բաժնեմասը դեռևս 1995թ-ին ընկերության մեկ այլ մասնակցի օտարելու գործարքը: Վերջինս մահացել է և իր բաժնեմասերը անցել են դստերը՝ Ռուզաննա Ավագյանին, որին այժմ պատկանում է ընկերության 46 տոկոս բաժնեմասը։ Ասեմ, որ խոսքը Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վրա (Օպերայի և Կոնսերվատորիայի հարևանությամբ) գտնվող նորաձևության սրահի մասին է, որի շինությունը գնահատվում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար և որի տարածքը հարմար է սրճարան, օրինակ՝ Ջազվե բացելու համար:

Եվ, ուրեմն, այս գործով ստացել ենք 46 տոկոսից 6 տոկոս բաժնեմասի վիճարկման հայցադիմում: Որևէ այլ պահանջի մասին փաստաթուղթ (հայցադիմում, դիմում, միջնորդություն) դատարանից կամ որևէ այլ անձից չենք ստացել, չենք ստացել նաև դատարանի որոշում այլ պահանջ ևս վարույթ ընդունելու և քննելու մասին, ստացել ենք գործը դատաքննության նշանակելու մասին որոշում, որում հստակ նշված է պահանջը՝ քաղաքացիական գործը «Միքայել» ԼՏԸ-ում, այնուհետև «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ում 6 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին նշանակել դատաքննության: Այդ ծավալով էլ քննվել է գործը:

Դատավոր Ի. Բարսեղյանը, սակայն, հետևյալ վճիռն է կայացրել. «Հայցը բավարարել։ Անվավեր ճանաչել 17.11.1995թ. … (հայցվորի անունը բաց է թողնվում-Կ.Մ.) կողմից «Միքայել» ԼՏԸ-ում ունեցած 6 տոկոս բաժնեմասից հօգուտ Միխաիլ Ավագյանի հրաժարվելու մասին հայտարարության հիման վրա կատարված գործարքը, Միխաիլ Ավագյանի ու Ռուզաննա Ավագյանի միջև կնքված «Միքայել» ԼՏԸ-ի 1 տոկոս բաժնեմասի օտարման գործարքը, 01.12.2009թ. Միխաիլ Ավագյանի և Ռուզաննա Ավագյանի միջև կնքված «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ում ունեցած 45 տոկոս բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը և, կիրառելով գործարքի անվավերության հետևանքները, «Միքայել» ԼՏԸ-ում, այնուհետև «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ում Ռուզաննա Ավագյանի անվամբ բոլոր բաժնեմասերի վերաբերյալ կատարված պետական գրանցումները»։

Նման պահանջներ ընդհանրապես չենք ստացել, նման պահանջներ վարույթ ընդունելու և քննելու մասին դատարանի որոշում չենք ստացել և չկան, այլ՝ հակառակը, դատարանն իր որոշման մեջ նշել է, թե ինչ պահանջով գործ է քննում, բայց արի ու տես, որ դատավոր Ի. Բարսեղյանը ՀՀ-ի անունից նման վճիռ կայացրեց, անվավեր ճանաչելով այն ամենը, ինչ պատկանում էր Ռուզաննա Ավագյանին, իսկ դրա գումարային արտահայտությունը համարժեք է մոտ 1 միլիոն դոլարանոց շինության 46 տոկոսին:

Ասում են, որ այս վճռից հետո արդարադատության հովանավոր Թեմիս աստվածուհին իրեն բռնաբարված է զգում, այն էլ՝ հրապարակայնորեն, իր տեղը չի գտնում և իրեն բռնաբարողի «զոհաբերությունն» է պահանջում:

Հ.Գ.

Այստեղ բարձրացված հարցը շատ ավելի խոր արմատներ ունի, որը վերաբերում է Հայաստանում նոր թափ ու երիտասարդական ավյուն ստացած ռեյդերության առկայությանը, երբ մարդկանցից խլվում են նրանց բիզնեսները, գույքերը: Ռեյդերությամբ զբաղվում են պետական ամենաբարձր մակարդակի հովանավորությամբ օժտված, փաստացի անձեռնմխելի անձինք, այնպիսի անձինք, որոնք կարող են արդարադատություն իրականացնելուն կոչված դատավորին ստիպել ՀՀ-ի անունից այնպիսի վճիռ կայացնել, որը համարժեք է արդարադատությունը բռնաբարելուն:

Պատահական չէ, որ օրերս «Թրանսփերենսի Ինթրնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի հրապարակած կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքների համաձայն Հայաստանը 2,6 միավորով 183 երկրների մեջ ընդամենը 129-րդ տեղում է, Մոզամբիկից ավելի հետ և կոռուպցիան մեզ մոտ համակարգային բնույթ է կրում: Դե իսկ կառավարության պատվերով անցկացված սոց. հարցումների համաձայն էլ կոռուպցիայի առաջամարտիկները դատարաններն են:

 

Փաստաբան՝                                                 Կարեն Մեժլումյան

 

 



Բեռնել

Վերադառնալ