ՀՀ փաստաբանների պալատ են այցելել Ֆրանսիայի փաստաբանական միությունների պատվիրակություններ
24.04.2026 19:33
Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 24-ին ՀՀ փաստաբանների պալատ են այցելել Ֆրանսիայի Փարիզ, Օ դը Սեն, Մենպելիե և Վալանս քաղաքների փաստաբանական միությունների պատվիրակությունները՝ միությունների նախագահների և փաստաբանների կազմով, ինչպես նաև Ֆրանսիայի փաստաբանների միությունների ազգային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահը:
Միջազգային գործընկերներին հյուրընկալել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը: Հյուրերը շրջայց են ունեցել Փաստաբանների պալատի վարչական շենքում՝ այցելել նաև ՀՀ փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ:
Հայ գործընկերների ուղեկցությամբ ֆրանսիացի փաստաբաններն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել են Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։
Այնուհետև, Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբաններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրել, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։

Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։
Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Հայաստանում կայանալիք միջազգային համաժողովի անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։
Հանդիպման ավարտին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցել է իրավաբանական հանրության զորակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։
Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքն է հայտնել փաստաբաններին՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին և արգասաբեր գործունեություն՝ իրենց մասնագիտական առաքելության մեջ։
Նշենք, որ Ֆրանսիայի գործընկերներն այս օրերին Հայաստանում են գտնվում՝ մասնակցելու ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված՝ ապրիլի 25-ին և 26-ին կայանալիք համաժողովին, մասնագիտական քննարկումներին, ինչպես նաև փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին:
Բեռնել
Վերադառնալ






















