ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունը փաստաբան Գևորգ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և փաստաբանական գործունեության երաշխիքների վերաբերյալ

28.09.2026 16:16

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունը փաստաբան Գևորգ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և փաստաբանական գործունեության երաշխիքների վերաբերյալ

Փաստաբան Գևորգ Խաչատրյանը դիմել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովին (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև քրեական վարույթի շրջանակում փաստաբանական մասնագիտական գործունեության երաշխիքներին առնչվող հարցերի վերաբերյալ։

Ըստ դիմումի՝ Գևորգ Խաչատրյանը փաստաբանական մասնագիտական գործունեության շրջանակում իրավաբանական օգնություն է տրամադրել որոշ կազմակերպությունների, որոնք ներառել են՝ պայմանագրերի ուսումնասիրությունը, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմումը, իրավաբանական խորհրդատվությունը, վստահորդի ներկայացուցչությունը, կորպորատիվ սպասարկումը և այլ իրավական բնույթի գործողություններ։

Փաստաբանի պնդմամբ՝ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առանցքում հենց իր կողմից մատուցված իրավաբանական բնույթի ծառայություններն են, որոնք նա իրականացրել է մասնագիտական գործունեության շրջանակներում:

Դիմումից նաև հետևում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշմամբ Դատարանն արձանագրել է մեղսագրված մի շարք հոդվածներով հիմնավոր կասկածի բացակայություն՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնավոր պատճառաբանություններ չեն ներկայացվել առ այն, որ իրականացված գործառույթները հատել են փաստաբանի մասնագիտական գործունեության շեմը և վերաճել հանցավոր վարքագծի: Այնուամենայնիվ, Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և կալանքը կիրառել որպես խափանման միջոց:

Փաստաբան Գևորգ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի մասնագիտական անկախության և փաստաբանական գործունեության երաշխիքների պաշտպանության տեսանկյունից:

Փաստաբանի անկախությունն ու իրավապաշտպան գործունեության ազատ իրականացումը պաշտպանված են մի շարք միջազգային փաստաթղթերով՝ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի հիմնական սկզբունքներով» (Հավանա, 1990թ․), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներով, Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայով, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով։

«Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն.

1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:

2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

(...)

4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

5. Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Նույն սկզբունքն ամրագրված է նաև ՄԱԿ-ի՝ «Փաստաբանների դերի վերաբերյալ հիմնական սկզբունքների» 18-րդ սկզբունքում, համաձայն որի՝

փաստաբանները չպետք է նույնացվեն իրենց վստահորդների կամ վստահորդների գործերի հետ՝ իրենց մասնագիտական գործառույթների կատարման հետևանքով։

Այդ չափանիշները պետությանը պարտավորեցնում են զերծ մնալ փաստաբանական գործունեությանը միջամտելուց և մասնագիտական գործառույթների հետ կապված փաստաբանին հետապնդելուց:  Դրանք փաստաբանական գործունեության անկախության և, դրանով իսկ, յուրաքանչյուր անձի արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի հիմնարար նախապայմաններից են։

Վերը նշված օրենսդրական ձևակերպումից բխում է նաև, որ պետությունը պարտավոր է զերծ մնալ քրեական վարույթի տեսանկյունից Փաստաբանին վստահորդի հետ նույնացնելուց, հատկապես այն հանգամանքից ելնելով, որ նա իրավաբանական օգնություն է ցուցաբերել նրան կամ կատարել է վստահորդի շահերի պաշտպանությանն ուղղված օրինական մասնագիտական գործառույթներ։

Այս տեսանկյունից վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են հստակ սահմանազատել՝ փաստաբանի մասնագիտական գործառույթների իրականացումը հանցավոր համարվող վարքագծից:

Այս առումով ուշագրավ է նաև փաստաբան Հովհաննես Չամսարյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 02.03.2023թ. թիվ ԵԴ/2848/07/19 որոշումը, որից կարելի է բխեցնել, որ պետությունը չի կարող փաստաբանական գործողությունը դիտարկել որպես հանցավոր միայն այն պատճառով, որ այդ գործողության առարկան, արդյունքը կամ վստահորդի հետագա վարքագիծը կապվել է ենթադրյալ հանցագործության հետ։

Նախ պետք է առկա լինեն փաստաբանական գործունեությունից դուրս ինքնուրույն փաստական տվյալներ, որոնք ցույց են տալիս փաստաբանի օբյեկտիվ կապը հանցավոր գործունեության հետ։

Այդ սահմանազատումը պետք է հիմնված լինի կոնկրետ, անհատականացված և փաստաբանական գործունեությունից անկախ փաստական տվյալների վրա։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ նշված իրավական դիրքորոշումն ունի սկզբունքային նշանակություն նաև քննարկվող դեպքի համար։ Փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների շրջանակում ծառայություններ մատուցելը չի կարող ինքնին նույնացվել հանցավոր գործունեության հետ միայն այն պատճառով, որ նրա վստահորդի գործունեությունը արժանացել է քրեաիրավական գնահատականի։ Հակառակ մոտեցումը փաստացի հանգեցնում է փաստաբանի և նրա վստահորդի նույնացման, որն ուղղակիորեն արգելված է «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով։

Փաստաբանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս չպետք է ստիպված լինի յուրաքանչյուր անգամ գնահատել այն վտանգը, որ հետագայում վստահորդի ենթադրյալ արարքները կարող են վերագրվել իրեն՝ նրա հետ ունեցած մասնագիտական հարաբերությունների պատճառով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս առանձնահատուկ նշանակություն է տալիս փաստաբանի՝ որպես արդարադատության իրականացման համակարգում անկախ մասնագետի դերին՝ ընդգծելով, որ իրավաբանական մասնագիտության՝ արդյունավետ ներկայացուցչություն ապահովելու կարողության նկատմամբ վստահությունը իրավական պետության կարևոր բաղադրիչ է (Morice v. France [GC], 23 April 2015, § 132)։

Հանձնաժողովը հատկապես մտահոգված է դիմումում ներկայացված այն հանգամանքով, որ փաստաբանին վերագրվող որոշ գործողություններ, ըստ դիմողի, իրենց բնույթով հանդիսացել են իրավաբանական ծառայության սովորական դրսևորումներ՝ խորհրդատվություն, ներկայացուցչություն, իրավաբանական փաստաթղթերի կազմում, և այլն։ Այս գործառույթներն էլ հենց «Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են փաստաբանական գործունեության դրսևորումներ:

Այդպիսի մոտեցումը հատկապես կարող է խաթարել փաստաբանի անկախությունը և անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով արդյունավետ կերպով պաշտպանվելու հիմնարար իրավունքը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

  • մասնագիտական օրինական գործունեության կապակցությամբ Փաստաբանի նկատմամբ իրականացվող հետապնդման ցանկացած դրսևորում և վստահորդի հետ նույնացման ցանկացած փորձ:
  • Փաստաբանական գործունեության երաշխիքների այնպիսի մեկնաբանությունը կամ գործնական կիրառումը, որը կարող է փաստաբանի մասնագիտական գործունեությունը դարձնել նրա նկատմամբ քրեական հետապնդման կամ ազատությունից զրկելու ինքնուրույն հիմք։

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

  • Փաստաբան Գևորգ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակում ապահովել փաստաբանի մասնագիտական գործունեության և ենթադրյալ հանցավոր վարքագծի միջև հստակ ու ծանրակշիռ ապացույցների վրա հենված սահմանազատում։
  • Վերագնահատել փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու ձևով խափանման միջոցի պահպանման անհրաժեշտությունն ու համաչափությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով նրա՝ իրավապաշտպան գործունեություն իրականացնելու առաքելություն ունեցող մասնագիտական համայնքի ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը:

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Իրավասու մարմիններին ապահովել «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված երաշխիքների լիարժեք պահպանումը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպություններին՝ ուշադրության ներքո պահել այդ երաշխիքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն՝ հաշվի առնելով դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանում փաստաբանական գործունեության անկախության և արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի վրա:



Բեռնել

Վերադառնալ