Ապարանում կազմակերպվել է փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ մարզային փաստաբանների մասնագիտական զարգացման և պարտադիր վերապատրաստման ապահովման նպատակով
02.11.2026 15:55
2026 թվականի հոկտեմբերի 31-ին Ապարան համայնքի մշակույթի կենտրոնում ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) աջակցությամբ, անցկացվել է փաստաբանների վերապատրաստման դասընթաց, որի հիմնական նպատակն էր ապահովել մարզերում գործունեություն իրականացնող փաստաբանների պարտադիր վերապատրաստման գործընթացի հասանելիությունն ու արդյունավետ կազմակերպումը։
Դասընթացին մասնակցել են Արմավիրի, Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի փաստաբանները։ Մասնակիցների աշխարհագրական ընդգրկումն ընդգծել է մարզերում նմանատիպ միջոցառումների կազմակերպման կարևորությունը՝ հնարավորություն ընձեռելով տարբեր մարզերում գործունեություն իրականացնող փաստաբաններին մասնակցելու մասնագիտական վերապատրաստումներին և փոխանակելու մասնագիտական փորձը։
ՀՀ փաստաբանների պալատի համար առաջնահերթ նշանակություն ունի, որ պարտադիր վերապատրաստման դասընթացներին առկա ձևաչափով մասնակցելու հնարավորությունը չսահմանափակվի միայն մայրաքաղաքով, և մարզերում գործունեություն իրականացնող փաստաբանները հնարավորություն ունենան իրենց բնակության կամ մասնագիտական գործունեության վայրին առավել մոտ մասնակցելու մասնագիտական վերապատրաստումներին։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ կարևորելով փաստաբանների շարունակական մասնագիտական զարգացման, մասնագիտական գիտելիքների արդիականացման և գործնական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությունը։
Դասընթացի առաջին հատվածը նվիրված էր փաստաբանական վարքագծի մասնագիտական էթիկայի հարցերին։ Քննարկվել են փաստաբանի մասնագիտական վարքագծի հիմնարար սկզբունքները, էթիկական պարտականությունները, մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող խնդրահարույց իրավիճակները և դրանց իրավական գնահատման առանձնահատկությունները։
Դասընթացի երկրորդ հատվածում անդրադարձ է կատարվել փաստաբանական գործունեության հաշվապահական հաշվառման և հարկային պարտավորությունների կատարման առանձնահատկություններին։
Այս թեմայով դասընթացը վարել են փաստաբան՝ Միքայել Դանիելյանը և հաշվապահ Համլետ Դանիելյանը՝ մասնակիցներին ներկայացնելով փաստաբանական գործունեության հաշվապահական և հարկային հաշվառման առանձնահատկությունները, գործող կարգավորումների կիրառման գործնական հարցերը և մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող խնդիրները հատկապես փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացման տեսանկյունից։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած հարցերը, մասնակցելու քննարկումներին և ստանալու գործնական պարզաբանումներ։
ՀՀ փաստաբանների պալատը շարունակելու է մարզերում մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման աշխատանքները՝ նպատակ ունենալով ապահովել պարտադիր վերապատրաստման գործընթացի առավել լայն հասանելիությունը, փաստաբանների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և փաստաբանական գործունեության որակի բարձրացումը՝ անկախ նրանց գործունեության աշխարհագրական վայրից։
Բեռնել
Վերադառնալ






















