ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Վրաստանում մասնակցել են միջազգային համաժողովի
09.11.2026 19:21
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը 2026 թվականի նոյեմբերի 8-ին Վրաստանի փաստաբանության օրվա առթիվ պաշտոնական այցով գտնվել են Թբիլիսիում։
Վրաստանի փաստաբանների միության նախագահ Իրակլի Քանդաշվիլիի հրավերով նրանք մասնակցել են «Փաստաբանները, անվճար (Pro Bono) իրավաբանական ծառայությունները և իրավունքների արդյունավետ պաշտպանությունը․ մարտահրավերներն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին։
Միջոցառումը համախմբել էր տարբեր երկրների փաստաբանական միությունների նախագահների, փաստաբանների և իրավական ոլորտի այլ ներկայացուցիչների:
Համաժողովի բացման արարողությանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդես է եկել ելույթով: Նա շնորհավորել է Վրաստանի գործընկերներին մասնագիտական օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել Վրաստանի փաստաբանների միությանը հրավերի և ջերմ ընդունելության համար։
Իր ելույթում Սիմոն Բաբայանն, ի թիվս այլնի, անդրադարձել է պետական մարմինների հնարավոր ոչ իրավաչափ միջամտություններին, փաստաբանի մասնագիտական իրավունքների պաշտպանությանը և միջազգային կառույցների դերին։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Եվրոպայի փաստաբանական միությունների և իրավաբանների խորհրդին (CCBE)՝ Հայաստանի փաստաբանների մասնագիտական իրավունքների պաշտպանությանն ուղղված աջակցության համար։
Կարևորելով «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դերը՝ Սիմոն Բաբայանն ընդգծել է, որ այն մասնակից պետությունների համար սահմանում է հստակ պարտավորություններ՝ զերծ մնալ փաստաբանների մասնագիտական գործունեությանը ոչ իրավաչափ միջամտելուց: Հատկապես կարևոր է, որ Կոնվենցիան նախատեսում է դրա կատարման նկատմամբ միջազգային մոնիթորինգ։ Անկախ փորձագետներից կազմված խումբը գնահատելու է, թե ինչպես են մասնակից պետություններն իրականում ապահովում այդ երաշխիքները։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ընդգծել է, որ հենց այս համատեքստում է տեսնում «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի գործնական նշանակությունը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և երաշխավորում փաստաբանության գործունեությունը՝ անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա: Այս համատեքստում նա կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիան՝ նշելով, որ այն փաստաբանի անկախությունը կապում է կոնկրետ և գործնական երաշխիքների հետ։
Ամփոփելով ելույթը՝ Սիմոն Բաբայանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վրաստանի գործընկերներին ջերմ ընդունելության և մասնագիտական երկխոսության հնարավորության համար՝ կարևորելով տարբեր երկրների փաստաբանական համայնքների փորձի փոխանակումն ու մասնագիտական խնդիրների շուրջ բաց քննարկումները։

Բեռնել
Վերադառնալ






















