ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓՊ ԽՈՐՀՐԴԻ 15.01.2014Թ ԹԻՎ 01/7-Լ ՈՐՈՇՈՒՄԸ՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.01.2014 15:25

ՀՀ ՓՊ ԽՈՐՀՐԴԻ 15.01.2014Թ ԹԻՎ 01/7-Լ ՈՐՈՇՈՒՄԸ՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՈՐՈՇՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ  ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Գևորգ Գյոզալյանի, Երվանդ Վարոսյանի, Կարապետ Աղաջանյանի, Կարեն Մեժլումյանի, Մարտուն Փանոսյանի, Մելանյա Առուստամյանի, Նելլի  Հարությունյանի և Սիմոն Բաբայանի,

քննության առնելով «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի  անցկացման» կարգը հաստատելու մասին հարցը,

նկատի ունենալով այն, որ Պալատի նախագահը ներկայացրել է կարգի նախագիծը,

            ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և Պալատի կանոնադրության 16.5 կետի պահանջներով,

 

Ո Ր Ո Շ Ե Ց՝

 

-      Հաստատել «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի  անցկացման» կարգը՝ համաձայն հավելվածի:

-      Ուժը կորցրած ճանաչել Պալատի խորհրդի 07.09.2007թ. թիվ 14/1-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգը։

 

 

ՀՀ փաստաբանների պալատի

խորհրդի նախագահ`                                                            Արա Զոհրաբյան

 

15 հունվարի 2014թ.

թիվ 01/7-Լ

ք.Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի

15.01.2014թ. թիվ 01/7-Լ որոշման

 

ՀՀ փաստաբանների պալատի

խորհրդի նախագահ՝

_________________ Արա Զոհրաբյան

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ  ՊԱՇՏՊԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

Կ Ա Ր Գ

 1. Ընդհանուր դրույթներ

 

 

1.1. Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի  անցկացման կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հանրային պաշտպանի թեկնածուների համար մրցույթի (այսուհետ` Մրցույթ) կազմակերպման և անցկացման, հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու, հանրային պաշտպանին պաշտոնի նշանակելու ընթացակարգերը, ինչպես նաև կարգավորում է հարակից այլ հարաբերություններ:

1.2. Հանրային պաշտպան կարող է նշանակվել հանրային պաշտպանի թեկնածուների մրցույթում հաղթող ճանաչված և հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբանը, բացառությամբ սույն կարգի 5.8-րդ կետով նախատեսված դեպքի:

1.3. Հանրային պաշտպան նշանակելու համար անցկացվում է երկու մրցույթ, որից մեկը քաղաքացիական և վարչական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու, իսկ մյուսը՝ քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար:

1.4. Հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակը բաղկացած է չորս բաժնից. 1-ին բաժնում ընդգրկվում են Երևան քաղաքում նշանակվելու համար դիմած, մրցույթում հաղթող ճանաչված և քրեական ուղղվածություն ունեցող հանրային պաշտպանի թեկնածուները, 2-րդ բաժնում՝ Երևան քաղաքում նշանակվելու համար դիմած, մրցույթում հաղթող ճանաչված և քաղաքացիական ու վարչական ուղղվածություն ունեցող հանրային պաշտպանի թեկնածուները, 3-րդ բաժնում՝ Հայաստանի Հանրապետության մարզում նշանակվելու համար դիմած, մրցույթում հաղթող ճանաչված և քրեական ուղղվածություն ունեցող հանրային պաշտպանի թեկնածուները, և 4-րդ բաժնում՝ Հայաստանի Հանրապետության մարզում նշանակվելու համար դիմած, մրցույթում հաղթող ճանաչված և քաղաքացիական ու վարչական ուղղվածություն ունեցող հանրային պաշտպանի թեկնածուները:

1.5. Հանրային պաշտպանի թեկնածուների համար մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել այն փաստաբանը, որի արտոնագիրը դիմելու պահին կասեցված չէ:

1.6. Սույն կարգով սահմանված կարգով նշանակված հանրային պաշտպանների աշխատանքային պայմանագրերը կնքվում են 1 (մեկ) տարի ժամկետով՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, որի ավարտից հետո վերջիններս կարող են նորից նշանակվել հանրային պաշտպան՝ սույն կարգի 1.2-րդ կետով նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո, բացառությամբ սույն կարգի              5.4.-րդ կետով նախատեսված դեպքի:

 

2. Մրցույթի կազմակերպման կարգը

 

2.1. Սույն կարգի 1.3-րդ կետով նախատեսված մրցույթները (այսուհետ՝ մրցույթ), որպես կանոն,  անցկացվում են յուրաքանչյուր տարի աշնանը:

2.2. Մրցույթի անցկացման մասին Պալատի նախագահն ընդունում է որոշում, որի մեջ նշվում է նաև հանրային պաշտպանների թափուր տեղերի քանակը, Մրցույթին մասնակցելու համար դիմումների (այսուհետ` հայտեր) ընդունման ժամկետը, ինչպես նաև ըստ մասնագիտական ուղղվածության առկա թափուր տեղերի գործունեության իրականացման վայրը (այսուհետ` Աշխատավայր), որտեղ թեկնածուն, ելնելով իր բնակության վայրի կամ այլ հարմարություններից, պետք է իրականացնի հանրային պաշտպանությունը: Սույն կետում նշված տեղեկությունները հրապարակվում են Պալատի պաշտոնական ինտերնետային կայքէջում` www.advocates.am և հայտարարություն է փակցվում պալատի հայտարարությունների տախտակի վրա: Մրցույթի անցկացման որոշումը հրապարակվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն քսան օր առաջ:

2.3. Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել:

2.4. Հավակնորդների դիմումներն ընդունվում են Պալատի աշխատակազմի կողմից  Պալատի նախագահի սահմանած ժամկետում` աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից մինչև 17.00-ն: Հավակնորդների դիմումի ձևը հաստատում է Պալատի նախագահը: Դիմումի մեջ պարտադիր լրացվում է` անունը, ազգանունը, Աշխատավայրը (քաղաք Երևան կամ համապատասխան մարզ), մասնագիտական ուղղվածությունը, համակարգչին տիրապետելու հմտությունների և սույն Կարգին համաձայնվելու մասին նշումը, որից հետո փաստաբանն ստորագրում է դիմումը: Դիմումին կցվում է դիմողի մեկ գունավոր լուսանկար 3x4 չափսի:

2.5.      Փաստաբանը հավակնորդի կարգավիճակ է ձեռք բերում դիմումը  Պալատի կողմից ընդունվելու պահից: Հավակնորդներին դիմումն ընդունվելու պահին տրամադրվում է քննական թերթիկ, որում փակցվում է հավակնորդի լուսանկարը, նշվում է անուն ազգանունը, քննության օրը, քննությունը սկսվելու և ավարտվելու ժամերը: Քննական թերթիկի ձևը հաստատում է Պալատի նախագահը:

2.6.      Մրցույթին (գրավոր կամ հարցազրույցի փուլերին) ցանկացած պատճառով (հարգելի և անհարգելի) չմասնակցած (ուշացած) հավակնորդը համարվում է հավակնորդի կարգավիճակից զրկված:

2.7. Մրցույթին թույլատրվում է մասնակցել միայն այն հավակնորդներին, ովքեր քննական թերթիկի հետ մեկտեղ ներկայանում են անձնագրով կամ ներկայացնում են փաստաբանական գործունեության վկայական:

 

3. Մրցութային  հանձնաժողովի  ձևավորման

կարգը և իրավասությունները

 

3.1 Մրցույթի կազմակերպման և մրցույթի արդյունքների գնահատման համար ստեղծվում է մրցութային հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

3.2 Հանձնաժողովը կազմված է հինգ անդամներից:

3.3 Պալատի նախագահի առաջին տեղակալն ի պաշտոնե Հանձնաժողովի նախագահն է: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ի պաշտոնե Հանձնաժողովի անդամ է:

3.4 Հանձնաժողովի մյուս երեք անդամներին ընտրում (նշանակում) է Պալատի նախագահը` փաստաբանների կազմից՝ առնվազն մեկ տարի ժամկետով: Հանձնաժողովի աշխատանքներին հանձնաժողովի ընտրված անդամների մասնակցությունը փոխհատուցվում է, որի չափը սահմանում է Պալատի նախագահը:

3.5 Հանձնաժողովի քարտուղարին Պալատի աշխատակազմից նշանակում է Պալատի նախագահը: Հանձնաժողովի քարտուղարը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:

3.6 Հանձնաժողովն իր նիստերը գումարում է ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամներից առնվազն երկուսի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի անդամները նիստի ժամանակի, վայրի և օրակարգի մասին ծանուցվում են էլեկտրոնային փոստի միջոցով, նիստից առնվազն երկու օր առաջ։

3.7          Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

3.8          Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն երեք անդամ:

3.9.         Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի անդամը չի կարող ձեռնպահ մնալ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

3.10        Հանձնաժողովի որոշումները ստորագրում են նիստին մասնակցած Հանձնաժողովի բոլոր անդամները:

3.11.       Հանձնաժողովի նիստերի ընթացքում կարող են ներկա գտնվել Պալատի խորհրդի անդամները: Հանձնաժողովի նիստերին, բացառությամբ սույն կարգի 4.14-րդ կետով նախատեսված դեպքի, կարող են ներկա գտնվել նաև անկախ դիտորդներ հասարակական կամ միջազգային կազմակերպություններից` քննությունից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Պալատում գրանցվելու և Դիտորդի վկայական ստանալու դեպքում:

3.12. Հանձնաժողովը`

1)   ուսումնասիրում է հավակնորդների անձնական գործերը.

2)   հաստատում է գրավոր քննության խնդիրները և հարցազրույցի ընթացքում հավակնորդի համակարգչից օգտվելու, ինպես նաև հավակնորդի արագ կողմնորոշվելու կարողությունների, հավակնորդի բանավոր խոսքի և փաստաբանի վարքագծին ներկայացվող պահանջների իմացության ստուգման համար նախատեսվող խնդիրները և/կամ հարցերը.

3)   հետևում է գրավոր քննության ընթացքին.

4)   ստուգում է գրավոր քննության արդյունքները.

5)   կազմակերպում և անցկացնում է հարցազրույց.

6)   որոշում է կայացնում հավակնորդին մրցույթում հաղթող ճանաչելու և հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու կամ մրցույթում հաղթող չճանաչելու մասին.

7)   հաստատում է դիտորդի վկայականի ձևը.

8)   իրականացնում է Մրցույթի կազմակերպմանն առնչվող այլ իրավասություններ:

 

4. Մրցույթի անցկացման կարգը, մրցույթի փուլերը

 

4.1. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի:

4.2. Մրցույթի մասնակիցների գիտելիքները գրավոր քննության փուլում ստուգվում են ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի,  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ ըստ քննության մասնագիտական ուղղվածության: Գրավոր փուլի ժամանակ հավակնորդներից պահանջվելու է գրել հայցադիմում, քաղաքացիական կամ վարչական գործով վերաքննիչ բողոք կամ քրեական գործով վերաքննիչ բողոք: Գրավոր փուլի համար հավակնորդներին տրամադրվելու է համակարգիչ` անհրաժեշտ իրավական ակտերի (բացառությամբ հրապարակված դատական ակտերի) էլեկտրոնային տարբերակներից օգտվելու հնարավորությամբ: Գրավոր քննության տևողությունը չի կարող գերազանցել  4 (չորս) ժամը:

4.3. Հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Գրավոր փուլի ընթացքում առաջադրանքներ կատարած հավակնորդների անձը առաջադրանքը ստուգող հանձնաժողովի անդամին չբացահայտելու ուղղությամբ: Հավակնորդներից յուրաքանչյուրին Հանձնաժողովը տրամադրում է ծածկագիր, որը փակցվում է նաև հավակնորդին հանձնված փակ ծրարին: Ծածկագրի համարը և հավակնորդի անուն ազգանունի նույնականացման թերթիկը հավակնորդի ներկայությամբ տեղադրվում է Պալատի կնիքով կնքված և հանձնաժողովի անդամների, հավակնորդների, դիտորդների ներկայության դեպքում նաև դիտորդների ստորագրություններով հաստատված տուփի մեջ, որը բացվում է գրավոր քննության արդյունքների հրապարակման օրը` հավակնորդների ներկայությամբ:

4.4. Քննական սրահ հավակնորդներին  արգելվում է տանել որևէ թուղթ, գրիչ, պայուսակ, բջջային հեռախոս, ձայնագրիչ կամ այլ պարագաներ, բացառությամբ հաշմանդամ կամ առողջական խնդիրներ ունեցող հավակնորդների, որոնք Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կարող են քննական սրահ տանել առարկաներ, ջուր, սննունդ  կամ դեղորայք:

4.5. Գրավոր քննության փուլում հավակնորդի կողմից իր անձի բացահայտմանն ուղղված որևէ նշում կատարվելու դեպքում հավակնորդը համարվում է գրավոր քննության փուլը չհանձնած` անկախ առաջադրանքի կատարման բովանդակությունից:

4.6. Գրավոր փուլի գնահատումն իրականացվում է 10 (տասը) միավորի համակարգով, որից 5 (հինգ) միավոր հատկացվում է պահանջի իրավական հիմնավորումներին, 2 (երկու) միավոր՝ պահանջի ձևակերպմանը, 2 (երկու)  միավոր՝ փաստերի ընտրությանը և 1 (մեկ)  միավոր՝ տեխնիկական հատվածին և կից ներկայացվող փաստաթղթերի շարադրմանը: Հավակնորդը համարվում է գրավոր փուլը հաղթահարած առնվազն 7 (յոթ) միավոր հավաքելու դեպքում:

4.7. Գրավոր քննությունն ավարտվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն իր կողմից սահմանված կարգով գնահատում է հավակնորդի գրավոր աշխատանքը։ Հանձնաժողովը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որպեսզի բացառվի գրավոր աշխատանքով հավակնորդի բացահայտման հնարավորությունը։      

4.8. Գրավոր քննությունների արդյունքները կարող են հավակնորդի կողմից բողոքարկվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ)` գնահատականի մասին իրազեկվելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

4.9. Գրավոր քննության արդյունքների բողոքարկման դեպքում Խորհուրդը սահմանված կարգով հրավիրում է նիստ: Եթե սույն կարգի 3.4-րդ կետով նախատեսված հանձնաժողովի անդամը միևնույն ժամանակ հանդիսանում է Խորհրդի անդամ, ապա վերջինս Խորհրդի նիստին չի մասնակցում:

4.10. Գրավոր քննության արդյունքների բողոքարկման արդյունքում Խորհուրդը կայացնում է որոշում բողոքը մերժելու կամ հավակնորդին հարցազրույցի փուլին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Որոշումը պետք է լինի պատճառաբանված:

4.11. Գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը հրավիրվում է հարցազրույցի: Հարցազրույցը, որպես կանոն, անցկացվում է գրավոր քննության անցկացման օրվանից հետո 10-րդ աշխատանքային օրը: Հարցազրույցին հավակնորդները հրավիրվում են առանձին` ըստ ազգանունների այբբենական հերթականության:

4.12. Հարցազրույցի շրջանակներում հավակնորդին ներկայացվում են իրավիճակային խնդիրներ` պարզելու համար հավակնորդի արագ կողմնորոշվելու կարողությունները, ստուգվում է հավակնորդի բանավոր խոսքը, ինչպես նաև փաստաբանի վարքագծին ներկայացվող պահանջների իմացությունը: Հարցազրույցի փուլում ստուգվում է նաև համակարգչից օգտվելու հավակնորդի կարողությունը առնվազն երկու խնդիրների ներկայացման միջոցով` MS Word և  Excel ծրագրերից, ինչպես նաև առավելագույնը 5 րոպեների ընթացքում ստուգվում է տեքստեր արագ հավաքելու հավակնորդի կարողությունը:

4.13. Հարցազրույցը արձանագրվում է պարզ թղթային եղանակով Հանձնաժողովի քարտուղարի կողմից  կամ ձայնագրառման միջոցով:

4.14. Հարցազրույցի ավարտից հետո հանձնաժողովն անցնում է խորհրդակցական սենյակ: Խորհրդակցական սենյակում հանձնաժողովը հարցազրույցի փուլին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի համար սույն կարգի 3.9-րդ կետով նախատեսված կարգով կայացնում է պատճառաբանված որոշում՝  մրցույթին հաղթող ճանաչելու և հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու կամ մրցույթում հաղթող չճանաչելու մասին: Սույն կետով նախատեսված որոշումը հանձնաժողովն ընդունում է հարցազրույցի ավարտման պահից 5 (հինգ) ժամվա ընթացքում` պայմանավորված հարցազրույցին մասնակցող հավակնորդների քանակով:

4.15. Սույն կարգի 4.14-րդ կետով նախատեսված որոշումը Խորհրդին բողոքարկման ենթակա չէ:

4.16. Քննությունների անցկացման ժամանակ կարող են ներկա գտնվել նաև սույն կարգի 3.11-րդ կետով նախատեսված անձինք, իսկ քննության գրավոր փուլին՝ նաև զանգվածային լրատվության միջոցները՝ քննությունից առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ Պալատում գրանցվելու և Դիտորդի վկայական ստանալու դեպքում:

4.17. Դիտորդներն իրավունք չունեն հաղորդակցվել հավակնորդների հետ: Եթե դիտորդներն իրենց վարքագծով խոչընդոտում են Հանձնաժողովի նիստերի կամ քննությունների իրականացմանը, ապա հանձնաժողովի որոշմամբ կարող է արգելվել վերջիններիս մասնակցությունը Հանձնաժողովի նիստերին կամ քննություններին:

 

5. Հանրային պաշտպանի նշանակման կարգը

 

5.1. Սույն կարգով նախատեսված մրցույթի ավարտից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը, ըստ սույն կարգի 1.4-րդ կետով նախատեսված բաժինների, ձևավորում և Պալատի նախագահին է ներկայացնում հանրային պաշտպանի թեկնածությունների համալրված (թարմացված) ցուցակը:

5.2. Պալատի նախագահը, հաշվի առնելով հանրային պաշտպանների առկա թափուր հաստիքները Հանձնաժողովի նախագահի կամ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակից կատարում է համապատասխան նշանակումներ՝ ապահովելով, որ հանրային պաշտպանների ընդհանուր թվի առնվազն 30 (երեսուն) տոկոսը համալրված լինի մինչև 3 (երեք) տարվա փաստաբանական գործունեության ստաժ ունեցող փաստաբաններով:

5.3. Անձը հանվում է հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակից հանրային պաշտպան նշանակվելու պահից:

5.4. Առանց մրցույթի անցկացման հանրային պաշտպանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի մեկամյա ժամկետը կարող է երկարացվել ևս մեկ տարով, եթե հանրային պաշտպանը Պալատի նախագահի հաստատած` Հանրային պաշտպանի մասնագիտական պատրաստվածության և աշխատանքի արդյունավետության գնահատման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) սահմանված կարգով ստացել է համապատասխան անցողիկ միավորներ: Ընդ որում, վերը նշված գնահատման համակարգը սահմանվում է այնպես, որ յուրաքանչյուր տարի հանրային պաշտպանների առնվազն 30 (երեսուն) տոկոսը հնարավորություն ունենա երկարաձգել իր աշխատանքային պայմանագիրը:

5.5. Եթե որևէ հանրային պաշտպանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է նախքան ժամկետը լրանալը, ապա նրա փոխարեն հանրային պաշտպան է նշանակվում հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբանը:

5.6. Սույն Կարգի 5.5-րդ կետում սահմանված դեպքում նոր նշանակված հանրային պաշտպանի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետ է սահմանվում մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա վերջին աշխատանքային օրը:

5.7. Հանրային պաշտպանի հղիության և ծննդաբերության արձակուրդի, ինչպես նաև մեկ ամիսը գերազանցող ժամկետով անաշխատունակության դեպքում սույն Կարգի 5.5-րդ կետով սահմանված կարգով նշանակվում է հանրային պաշտպան` մինչև փոխարինվող հանրային պաշտպանի վերադարձը, սակայն բոլոր դեպքերում, ոչ ավել, քան տվյալ տարվա դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը:

5.8. Եթե հանրային պաշտպանի թափուր հաստիքը հնարավոր չէ համալրել հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակից (ցուցակում համապատասխան աշխատավայրում աշխատելու կամ համապատասխան մասնագիտացում ունեցող անձի ընդգրկված չլինելու կամ այլ պատճառով), ապա հանրային պաշտպանի նշանակումն իրականացվում է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:

5.9. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան  փաստաբանների պալատի նախագահը անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքելիս կարող է նախապատվություն տալ հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբաններին:

 

6. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

6.1. Սույն կարգն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 16-ից և գործում է անժամկետ:

6.2. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո առաջին մրցույթն անցկացվում է 2014թ. փետրվարին, իսկ մրցույթում հաղթող ճանաչված հանրային պաշտպանների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են 2014թ. մարտի 1-ից և գործում են մինչև 2014թ. դեկտեմբեր ամսվա վերջին աշխատանքային օրը: Առաջին անգամ մրցույթի չեն մասնակցնում հանրային պաշտպանների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը կազմող հանրային պաշտպանները, որոնց ցանկը Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Պալատի նախագահը։  Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցանկը ներկայացնում է Պալատի նախագահին մինչև 2014թ. հունվարի 30-ը։ Պալատի նախագահը կարող է ներկայացված ցուցակը հաստատել ամբողջությամբ կամ մասնակի։ Առաջին մրցույթի անցկացման ժամկետը, վայրը և առանձնահատկությունները սահմանում է Պալատի նախագահը։

6.3. Կարգի հետ կապված մեկնաբանությունները (պարզաբանումները) տրվում են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` վերջինիս նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա:


Հաջորդ նորությունը: ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ