ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՓԱՐԻԶ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՄԻՏԵԻ ԺՈՂՈՎԻՆ

01.07.2016 16:45

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՓԱՐԻԶ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՄԻՏԵԻ ԺՈՂՈՎԻՆ

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և միջազգային հարցերով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ներկայացուցիչ Մարտուն Փանոսյանը 2016 թվականի հունիսի 28-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում մասնակցել են «Փարիզ-Հայաստան» կոմիտեի հերթական ժողովին, որի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական պաշտպանությունը» թեմայով:
     Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Փարիզի փաստաբանների միության նախագահ Ֆրեդերիկ Սիկարը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Փարիզի փաստաբանների միության անդամ և ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Վենսան Նիորեն, Փարիզի փաստաբանների միության անդամ Սևակ Թորոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս, գործարար Վարդան Սիրմակեսը, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը, «Գրանթ Թորնթոն» ընկերության նախկին տնօրեն Արման Փինարբասին և «Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը: Իր ելույթում մասնավորապես Արա Զոհրաբյանն անդրադարձել է օտարերկրյա կապիտալի շրջանառության ոլորտում փաստաբանի դերին ու նշանակությանը: Քննարկմանն ի թիվս ելույթ ունեցողների, ներկա են եղել նաև փաստաբաններ և գործարարներ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից:
     Մասնակիցների ելույթներին հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում ներկաները իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Հայաստանի Հանրապետությունում ներդրումների պաշտպանվածության իրավական մեխանիզմների, դատական համակարգի և հարկային քաղաքականության վերաբերյալ:
     Նշենք նաև, որ 2013 թվականի նոյեմբերին ՀՀ փաստաբանների պալատի և Փարիզի փաստաբանների միության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում 2015 թվականի ապրիլ ամսին Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեռ Օլիվիե Սյուրի հրամանով ստեղծվել է «Փարիզ-Հայաստան» կոմիտեն, որի հիմնական նպատակն է սեմինարների, քննարկումների և այլ նմանատիպ միջոցառումների միջոցով ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Փարիզի փաստաբանական համայնքների միջև առկա բարեկամական հարաբերությունները:

   

     Հայաստանի Հանրապետության
     փաստաբանների պալատի
     աշխատակազմ


01
01
01
01
01
01
01
01



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ