ՀՀ Փաստաբանների Պալատ

Արդյո՞ք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում սահմանված նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

15.11.2012 11:56

Արդյո՞ք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում սահմանված նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածում սահմանված են գերատեսչական նորմատիվ ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու նախապայմանները և ընթացակարգերը:

Նշված հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո: Այդ հոդվածում շարադրված են նաև պետական իրավական փորձաքննության անցկացման և պետական գրանցման կարգը, ինչպես նաև պետական գրանցումը մերժելու կամ կասեցնելու հիմքերը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված է, որ պետական գրանցում ստացած իրավական ակտերի մեկ օրինակն ուղարկվում է ակտն ընդունած մարմին, երկրորդ օրինակը` պաշտոնական հրապարակման, իսկ երրորդը` հաշվառման և համակարգման համար պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում: Այս նորմի պահանջի դիտարկումից ակնհայտ է դառնում, որ նորմատիվ իրավական ակտը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո, մինչև ուժի մեջ մտնելը, միանշանակ պետք է ենթարկվի  պաշտոնական հրապարակման:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի վերոնշյալ նորմերը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը և բխում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պահանջներից, որտեղ նշված է. «Օրենքներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:»: ՀՀ Սահմանադրության այդ հոդվածում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը՝ իրավական հստակությունը, ինչը ենթադրում է օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի բովանդակության մասին պետության կողմից հասարակությանն իրազեկելու պարտականությունը` մինչև դրանց ուժի մեջ մտնելը: Իրավաբանական գրականությունում, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններում (Երևան 2010) նշված է. «Իրավական պետությունում էական նշանակություն ունի հանրային իշխանության ակտերի ի հայտ գալու` դրանց առկայության (գոյության) վերաբերյալ հստակությունը: Իրավական ակտերը պետք է ընդունված լինեն, իսկ հասարակությունը պետք է իրազեկվի դրանց գոյության մասին` պատշաճ ընթացակարգով, որպեսզի հնարավոր լինի առանց խոչընդոտների, հուսալի կերպով հաղորդակից դառնալ դրանց բովանդակությանը (իրավական հստակություն:

Այնուհանդերձ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է. «6. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումների վրա, որոնք կարող են ուժի մեջ մտնել ընդունման պահից: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ակտերով այդ նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի հիմնավոր ժամկետներում, որոնք հնարավորություն կտան բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմատիվների պահանջներին:»:

Քանի որ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է, որ տվյալ հոդվածի պահանջները չեն տարածվում բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումների վրա, ապա ստացվում է, որ այդ որոշումները կարող են ուժի մեջ մտնել նախքան օրենքով սահմանված կարգով  դրանց պաշտոնական հրապարակումը: Կարծում ենք, որ այս նորմն ուղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես` դրա 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Այնուհետև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի հետագա շարադրանքում` 7-րդ մասում, սահմանված է, որ ՀՀ կենտրանական բանկն ընդունման պահից ուժի մեջ մտած որոշումները պարտավոր է հրապարակել ինտերնետում և 4 օրվա ընթացքում` մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, իսկ ՀՀ արդարադատության  նախարարություն պետական գրանցման և պաշտոնական հրապարակման նշված որոշումներն ուղարկվում են նույնպես ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո` 4 օրվա ընթացքում:  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասում թեպետ սահմանված է նշված որոշումների հրապարակման կարգը, սակայն պաշտոնական հրապարակման համար տվյալ որոշումներն ուղարկվում են ուժի մեջ մտնելուց հետո: Նկատենք, որ այդ որոշումները դեռ պետք է փորձաքննություն անցնեն, պետական գրանցում և հետո միայն հրապարակվեն արդարադատության նախարարության  կողմից: Եվ հարց է ծագում, թե ի՞նչ պետք է անի արդարադատության նախարարությունը, եթե փորձաքննության ժամանակ ի հայտ գան կենտրոնական բանկի որոշման պետական գրանցման մերժման հիմքեր (օրինակ` եթե որոշման բովանդակությունը կամ դրա մի մասը հակասի ՀՀ Սահմանադրությանը կամ այլ օրենքներին): Այս դեպքում որոշման հրապարակման գործընթացն ընդհանրապես մտնում է փակուղի: Մինչդեռ որոշումն արդեն փաստացի ուժի մեջ է մտած: Կարծում ենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված նորմը նույնպես հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Նշված պահանջներին հակասում է նաև ՀՀ կենտրոնական բանկի 09.09.2008թ.-ի «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման եվ սահմանման կարգը հաստատելու մասին» N 270-Ն որոշման 4-րդ կետում սահմանված նորմը, որը շարադրված է հետևյալ կերպով՝ «4. Հայաստանի Հանրապետության բանկային տոկոuի հաշվարկային դրույքը uահմանվում է Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ որոշմամբ, որը կարող է ուժի մեջ մտնել ընդունման պահից` այդ որոշմամբ նախատեuված լինելու դեպքում:»:

Պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումների ընդունման պահից ուժի մեջ մտնելու հանգամանքը կարող է խնդիրահարույց լինել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների և ֆինանսական ու բանկային հարաբերությունների այլ մասնակիցների համար, ում կարող են առընչվել այդ որոշումները:

Կենտորանական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի սահմանմանն ուողված որոշման` ընդունման պահից ուժի մեջ մտնելու հանգամանքն օրինակ խնդիրներ կարող է ստեղծել նաև անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդում իրականացնելու համար: Նշված հոդվածով նախատեսված է վաշխառության հանցակազմը, որն ի հայտ է գալիս, երբ անձը դրամի կամ այլ տեսակային հատկանիշերով որոշվող գույքի համար տոկոս է ստանում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով: Օրինակ, եթե ի հայտ գա անպիսի իրավաիճակ, երբ ՀՀ կենտրոնական բանկն ընդունի նոր որոշում, որով բանկային տոկոսի հաշվարկային դրույքը ներկայիս տարեկան 12 տոկոսից նվազեցնի և սահմանի, օրինակ, 10 տակոս, սակայն այդ որոշումն ուժի մեջ մտնի առանց պաշտանական հրապարակման, ապա բացառված չէ, որ որևէ ֆիզիկական անձ, չիմանալով նոր որոշման մասին, մեկ այլ անձի տրամադրի փոխառություն տարեկան 24 տկոսով և որոշակի ժամանակահատվածի համար ստանա տարեկան տոկոս տարեկան 24 տոկոս հաշվարկով, կարծելով, որ տոկոսների այդ չափը չի գերազանցում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տարեկան բանկային տոկոսի հաշվարկայն դրույքի կրկնապատիկը` 24 տոկոսը: Մինչդեռ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, ՀՀ կենտրոնական բանկն ընդունել է նոր որոշում, ըստ որի կրկնապատիկը կազմում է ոչ թե 24 տոկոս, այլ` արդեն 20 տոկոս, ինչի մասին տոկոս ստացող անձը չգիտեր և պարտավոր էլ չէր իմանալ:

Համարում ենք, որ իրավական պետությունում նման իրավական կարգավորումն անթույլատրելի է և ՀՀ Ազգային ժողովին առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը:

Վարուժան Վարդանյան

Փաստաբան

 

՛՛Վարդանյան եվ Գործընկերներ՛՛

իրավաբանական գրասենյակ

Երևան, 0002, Եկմալյան 6, 4-րդ հարկ

www.vardanyanlaw.com



Բեռնել

Վերադառնալ